
Ընկերական հաշվապահություն․ ինչու է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը «սիրում» օրենքներ փոխել
Գրիշա Բալասանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հարկային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերը Ազգային ժողովում ներկայացնելու առաջամարտիկ է: Կառավարությունը հենց նրան է վստահում այդ պարտականությունը: Վախթանգ Միրումյանը հունիս ամսին նույն ջանասիրությամբ և ոգևորությամբ խորհրդարանում ներկայացրեց նաև քննադատության թիրախ դարձած հարկային նոր օրենսգիրքը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալը ոչ միայն նախագծերն ակտիվ ներկայացնող է, այլև անմիջական մասնակցություն է ունենում դրանց մշակմանը:
Ինչո՞ւ են Միրումյանին ոգևորում հարկային փոփոխությունները
Բացի այն, որ Միրումյանը նախագծեր մշակելով, ներկայացնելով, քննարկումներին ակտիվ մասնակցելով կատարում է իր պարտականությունները, նրան «առաջնորդում» է նաև անձնական կամ մերձավորի շահը: Հայտնի է, որ հարկային օրենսդրության մեջ առանձին դերակատարում ունեն հաշվապահական և հարկային հաշվառումը:
Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:
Բոլոր կազմակերպությունները պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում: Իսկ ֆինանսական հաշվետվությունների տարրերն են կազմակերպության ակտիվները, սեփական կապիտալը, պարտավորությունները, եկամուտները և ծախսերը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կինը՝ Լիլիթ Շափաղաթյանը, «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի 50%-ի բաժնետերն է: Ընկերությունը զբաղվում է հաշվապահական հաշվառման, հաշվապահական հաշվառման խորհրդատվության, ուսուցման, դասընթացների անցկացման և նմանատիպ այլ գործունեությամբ:
«ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005-ին: Այդ ժամանակ Վախթանգ Միրումյանը զբաղեցնում էր ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկերի մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնը:
Պարզվում է՝ այս տարիներին Միրումյանի կնոջ ընկերության գործերն այնքան էլ վատ չեն եղել: Լիլիթ Շափաղաթյանը, ըստ իր ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի, շահաբաժնից տարեկան ստացել է մինչև 20 միլիոն դրամ եկամուտ:
Վախթանգ Միրումյանի կնոջը պատկանող ընկերության հետ համագործակցում և խորհրդատվություն են ստանում հիմնականում խոշոր ընկերությունները, ասել է, թե՝ խոշոր հարկ վճարողները: Այս փաստը կասկածի տակ է դնում հարկային մարմինների անաչառ գործունեությունը հատկապես «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի հետ համագործակցող ընկերությունների մասով: Հավանաբար, այդ համագործակցությունն էլ պատահական չէ. Ո՞վ կհամարձակվի «լուրջ սխալ» գտնել այն կազմակերպությունում, ձեռնարկությունում, ով հարկային կամ ֆինանսական խորհրդատվություն է ստացել ՊԵԿ նախագահի տեղակալի ընտանիքին պատկանող ընկերությունից: Իսկ նման խորհրդատվություն ստացող ընկերությունների թիվը քիչ է:
Հարկային և ֆինանսական ոլորտին վերաբերող օրենսդրության փոփոխությունը նպաստում է ՊԵԿ նախագահի տեղակալ Միրումյանի ընտանեկան բիզնեսի «ծաղկմանը»: Ավելանում է խորհրդատվության կարիք ունեցողների, դասընթացներին մասնակցել ցանկացողների թիվը, իսկ այս ամենը վճարովի է: Այս ոլորտում բոլորը գիտեն, որ «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն Միրումյանի ընտանիքինն է և հետագա «ռիսկերից» խուսափելու նպատակով ձգտում են հենց այս ընկերության հետ գործ ունենալ:
ՊԵԿ նախագահի տեղակալի ընկերը «նվաճել» է հաշվապահական շուկան
Այս տարիների ընթացքում Վախթանգ Միրումյանը «հոգացել» է ոչ միայն իր ընտանեկան, այլև ընկերոջ բիզնեսի մասին: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում գործում են հաշվապահական հաշվառման գրասենյակներ (ՀՀԳ): Այդ բոլոր գրասենյակների առնվազն 50%-ի բաժնետերը կապանցի Վահագն Համբարձումյանն է: Նա ծնունդով գորիսցի, ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի մտերիմ ընկերն է:
ՀՀԳ-ների մյուս 50%-ի սեփականատերերը պատահական մարդիկ չեն, որոնց միջոցով էլ Միրումյանի ընկերոջ գրասենյակները գրավել են հաշվապահական շուկայի զգալի հատվածը: Համբարձումյանի հաշվապահական հաշվառման գրասենյակների որոշ մասը գործում է այն նույն շենքերում, որտեղ տեղակայված են նաև մարզերի հարկային մարմինները, կամ՝ վերջիններիս հարևանությամբ:
«ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013թ.: Ընկերության բաժնեմասերը 50/50 կիսում են Վահանգն Համբարձումյանը և Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: Նրանք միասին` տոնական տորթի սեղանի շուրջ և հարկային մարմինների աշխատակիցների մասնակցությամբ այս տարվա փետրվարին տոնել են գրասենյակի հիմնադրման 3-ամյակը:
Նշենք, որ Կարեն Գրիգորյանը ընկերության գործունեության օրվանից մինչ հիմա իր գույքի ու եկամուտների հայտարարագրում չի նշել «ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ի շահաբաժնից ստացած եկամուտը: Մեղմ ասած՝ թաքցրել է:
Ինչ վերաբերում է գործունեության վայրին, ապա «ԷՋՄԻԱԾՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն տեղակայվել է հարկային մարմնի անմիջական հարևանությամբ: Հարկատուներից ոմանք նշում են, որ հաճախ են հարկային մարմնի աշխատակիցներն իրենց ուղղորդում այդ գրասենյակ:
Նույնն է նաև «ԱԲՈՎՅԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ի դեպքում: Այն հիմնադրվել է 2012-ին՝ դարձյալ Վահանգն Համբարձումյանի և Աբովյանի քաղաքապետի տեղակալ Լեռնիկ Նալբանդյանի կողմից: Ընկերության տնօրենը Նալբանդյանի ընտանիքի անդամ է՝ Լուսինե Նալբանդյանը:
«ԿԱՊԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ում Վահագն Համբարձումյանի գործընկերը հայրն է՝ Սիրվեն Համբարձումյանը: Մինչ վերջերս այս ընկերությունը տեղակայվել է նույն շենքում, որտեղ եղել է Կապանի հարկային մարմինը: Սակայն ամիսներ առաջ հարկայինը տեղափոխվել է այլ շենք, իսկ «ԿԱՊԱՆԻ ՀՀԳ» ՍՊԸ-ն տեղափոխվել և այժմ գործունեություն է ծավալում հարկայինի հարևանությամբ:
«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀՀԳ» ՍՊԸ-ում Վահագն Համբարձումյանի գործընկերը Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի Ձեռնարկատիրական իրավունք առարկայի դասախոս Անահիտ Մաշինյանն է:
Մարզերի մյուս ՀՀԳ-ներում էլ Վախթանգ Միրումյանի ընկերոջ գործընկերները հարկային մարմինների, մարզպետների ու այլ պաշտոնյաների ազգականներն են:
Մարզերից մեկում գործունեություն ծավալող հաշվապահներից մեկը, որի անունը վերջինիս խնդրանքով չենք հրապարակում, նշեց, որ ՀՀԳ-ները մարզերում «սպանում» են մարզային հաշվապահներին: Տարբեր լծակներով ներգրավում են տնտեսվարողներին, իսկ «տանիք» չունեցող հաշվապահները մնում են անգործ:
Նշենք, որ Վահագն Համբարձումյանին է պատկանում նաև «Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲԸ-ն: Ընկերությունը տեղակայված է նույն հասցեում, ինչ Միրումյանի կնոջ «ԷՄ-ԷՅՉ-ՓԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն:
«Աուդիտ Սըփորթ Արմենիա» ՓԲԸ-ի աուդիտորական ծառայություններից են օգտվել (կամ շարունակում են օգտվել) ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի «Սիսիանի ԲՈՒԱՏ», «Վալլեքս Մայնինգ», «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ները և այլն:
Իսկ ընկերոջ ՓԲԸ-ում վերապատրաստման (ուսուցման) դասընթացներ է վարում նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Պատահական չէ, որ այդ դասընթացներին վճարովի հիմունքներով մասնակցում են «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, «Արտաշատ» ՋՕԸ-ի, «Զարգացման հայկական գործակալություն», «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ների և այլ ընկերությունների ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցները:
Երևան քաղաքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերերից մեկն էլ պատմեց, որ վերջերս պետական ռեգիստրում գրանցել է իր ՍՊԸ-ն: Մինչև հասել է բանկ, որպեսզի բացի իր ընկերության անունով հաշվեհամար, իր բջջային հեռախոսահամարին զանգահարել են և, ներկայանալով Համբարձումյանին պատկանող հաշվապահական հաշվառման գրասենյակի աշխատակիցներ, առաջարկել են հաշվապահական ծառայություններ: Մեր զրուցակիցը զարմացել էր, որ րոպեների ընթացքում պետական մարմնից իր կոնտակտային տվյալները փոխանցվել են հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությանը: Նրա կարծիքով` ՀՀԳ-ների հետ համագործակցում են նաև պետռեգիստրի աշխատակիցները և անմիջապես մարդու տվյալները փոխանցում են:
Վահագն Համբարձումյանը 2014թ. հիմնադրել է նաև «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության հաշվապահների ասոցիացիա» ՀԿ-ն: Նա հարկային նոր օրենսգրքի քննարկումներին ներգրավվել է հենց այս ՀԿ-ով և ընդհանուր առմամբ նախագծի վերաբերյալ ունի դրական կարծիք` որոշ բացառություններով: Օրինակ՝ դեմ են հարկերի բարձրացմանը:
Ընկերը չի՞ օգնում ընկերոջը
Վահագն Համբարձումյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Վախթանգ Միրումյանն իր մտերիմ ընկերն է, սակայն նշեց, որ իր բիզնեսի, գրասենյակների զարգացման հետ Միրումյանը որևէ առնչություն չունի: Ըստ Համբարձումյանի` երբևէ Միրումյանի հետ չի էլ քննարկվել այդ հարցը: «Միրումյանն ինչո՞վ պետք է ինձ օգնի: Օգնելու բան էլ չկա: Ես իմ աշխատանքով հասել եմ այդ ամենին: Նույնիսկ չենք էլ քննարկել նման հարցեր»,-ասում է Վ. Համբարձումյանը:
Նա լսել էր, որ հաշվապահական գրասենյակներից անմիջապես զանգահարում են նոր բացված ընկերությունների հիմնադիրներին և առաջարկում հաշվապահական ծառայություններ, սակայն հերքեց, որ զանգահարողներն իր գրասենյակի աշխատակիցներն են. «Նման բան չկա և չի կարող լինել»:
Ինչ վերաբերում է ՀՀԳ-ների` հարկային մարմինների շենքում գործունեություն ծավալելուն, Վահագն Համբարձումյանը նշեց, որ այդ շենքերը հարկայինի շենքերը չեն, պարզապես նույն տարածքում են գործունեություն ծավալում` ընդհանուր շենքում:
«Մեզ թույլ էլ չեն տա, որ հարկայինի շենքում աշխատենք: Պարզապես մեր գրասենյակները գտնվում են այնտեղ, որտեղ հարկային մարմիններն են, երբեմն դրանց հարևանությամբ: Մեր ծառայություններն այնպիսին են, որ անընդհատ բանկերի ու հարկայինի հետ ենք գործ ունենում: Եթե տեսնեք, ապա բանկերին էլ ենք մոտ լինում: Շուտով, երբ ներդրվի էլեկտրոնային համակարգ, անհրաժեշտություն չի լինի հարկային մարմիններին մոտ գտնվելը: Արդեն կձգտենք մոտ լինել բանկերին»,-ավելացրեց Համբարձումյանը:
Նա նաև նորմալ է համարում, որ իր բիզնես գործընկերների մեջ կան պաշտոնյաներ, թեև բացի Էջմիածնի քաղաքապետից այլ անուններ չհիշեց:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել