«Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան ցանցի հայտարարությունը
«Հյուման Ռայթս Հաուս Երևան» իրավապաշտպան կազմակերպությունների միության հայտարարությունը
Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ:
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ,մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակ սահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը:
Միայն հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 140-ից ավել բնակիչ, այդ թվում առնվազն 1 անչափահաս: Հատկանշական է, որ Երևան քաղաքի 100-ից ավելի բնակչի տարել են ոստիկանության զորքերի 1033 զորամաս, որոշ դեպքերում պահել են 6-ից մինչև 30 ժամ:Հանրությանը հայտնի է դարձել նաև հետապնդվող քաղաքացիական ակտիվիստներից մեկի հարազատներին պատանդ վերցնելու մեկ դեպք՝ հարկադրելու նրան ներկայանալ ոստիկանություն:Այս գործելակերպով ոստիկանությունը խախտել է և՛ ՀՀ օրենսդրությունը, և՛ միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթեր:
Այս օրերին ոստիկանությունը առանց հիմնավորված կասկած ներկայացնելու սահմանափակել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ իրականացնելու,խոսքի ազատության իրավունքները՝ զրկելով մարդկանց ազատության հիմնարար իրավունքից:
ՀՌՀ Երևանը.
- Հայտարարում է, որոստիկանության նման ապօրինի,մարդու իրավունքները և ազատությունները հիմնովին ոտնահարող պահվածքը չի կարող արդարացվել որևէ քաղաքական հանգամանքով:
- Ոստիկանությունից և ԱԱԾ-իցպահանջում է հարգել և պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բացառել զենքի գործադրումը, գործել իրավաչափ և հաշվետու:
- Կոչ է անում բոլոր՝ հատկապես հեռարձակող ԶԼՄ-ներին զգայուն գտնվել մարդու իրավունքների և ազատությունների խախտման խնդիրներում, լիարժեք և համապարփակ լրատվություն տրամադրել այս հարցում՝ միաժամանակ զերծ մնալով թիրախավորված վարկաբեկումներից:
- Կոչ է անում իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, հանրային գործիչներին և քաղաքացիներին ձևավորել անվտանգության պատնեշ ոստիկանության և ՊՊԾ գունդը գրաված կողմերի միջև:
- ՄԻՊ-ից պահանջում է աջակցել անվտանգության պատնեշի ձևավորմանը, համարժեք արձագանքել իրավիճակին և ջանքեր գործադրել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ:
- Կոչ է անում ԵԱՀԿ-ին, Եվրամիության երկրների և ԱՄՆ դեսպանատներին` որպես ՀՀ ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրեր իրականացնողների, իրականացնել ոստիկանության գործողությունների մոնիթորինգ:
Ստեղծված իրավիճակում զենքի գործադրման և ցանկացած կողմի զոհերի գնով քաղաքական իրավիճակի հանգուցալուծումն անընդունելի է, և դրա ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ գործող վարչակարգը:
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան կազմակերպությունների միություն, ներառյալ`
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների եւ խորհրդատվության կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք
Հայտարարությանը միանում են՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն
«50/50 քաղաքացիական նախաձեռնություն»-ը
Աննա Շահնազարյան
«Էկոլոգիականիրավունք» ՀԿ-ն»
Լուսանկարը` Անի Գևորգյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել