HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում լրագրողներին պաշտոնապես հրավիրել էին խորհրդակցությանը, ասելու, որ այն փա՞կ է լինելու

Գայանե Սարգսյան

Այսօր Վանաձորում նախատեսված ԿԳ նախարարի և տարբեր մարզպետարանների կրթության վարչության պետերի մասնակցությամբ նախատեսված արտագնա խորհրդակցությունը կայացավ ուշացումով, իսկ նախարար Լևոն Մկրտչյանի փոխարեն եկավ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Վերջինս նախարարի ներկա չլինելը մեկնաբանեց այսպես. «Նախարարը շատ անսպասելի է գնացել, ինքը իսկապես շատ տրամադրված էր, որ գար: Փարիզում, թե որտեղ, ինչ-որ բան պիտի ստորագրեն: Սկզբից խնդրել էին, որ մեր դեսպանը իրա անունից ստորագրի, հետո ոնց որ ֆրանսիացիք մի թեթև հասկացրել էին, որ կարող ա նեղանան, դրա համար ինքը շտապ գնաց: Շատ կարևոր փաստաթուղթ ա կրթության հետ կապված, գնաց ստորագրելու, թե չէ ինքը հաստատ գալու էր, տրամադրված է, որ ձեր բոլոր հավաքներին մասնակցի»:

Ապա ԿԳ նախարարության ու մարզերի մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչները լրագրողների ներկայությամբ հաստատեցին քննարկվելիք հարցերի օրակարգն ու անցան ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունների ձևաչափի քննարկմանը:

«Սկսենք օգոստոսյան խորհրդակցություններից: Ո՞վ ունի ասելիք ու ինչ-որ լավ առաջարկ: Ձևաչափը ոնց որ իրան չի արդարացնում, պետք է փոխենք: Երկու տարի է տարբեր ձևով քննարկում ենք այդ հարցը: Հիմնական ձևաչափը ո՞րն ա. գալիս ենք, նստում ենք, տնօրեններին հավաքում եք մի տեղ, տեղեր կան, որ տնօրեններն ու համայքնապետերն են հավաքվում… Սովորական ձևով ձեզնից մեկը հաշվետվություն է տալիս, հետո մի քանի պատրաստված ելույթներ են լինում, հետո ձայնը տրվում է  նախարարությունից ով լինում է նրան: Ասում ենք էս տարի ինչեր կա, ինչեր չկա, այդ ընթացքում մի երկու ժամ անցնում է,  ժողովուրդը հոգնում է արդեն, եթե լուրջ հարցեր լինում էլ են, հարցը չի էլ քննարկվում: Գնում, հաց ենք ուտում, թողնում, գալիս ենք…,- ընթացակարգը ներկայացրեց փոխնախարարն ու դիմեց վարչության պետերին,- հիմա դուք ասեք, ձեզ ի՞նչն է բավարարում, ինչը՝ չէ»:

Վարչության պետերն սկսեցին առաջարկություններ ներկայացնել՝  շեշտը դնելով տնօրենների ու ուսուցիչների հետ ազատ քննարկում կազմակեպելու անհրաժեշության վրա:

Մինչ հերթը կհասներ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Մինաս Սայադյանին, խորհրդակցությանը ներկա լրագրողներին փոխանցեցին, որ ազատեն խորհրդակցությունների սենյակը: Պարզվեց, որոշվել է հետագա քննարկումը անել փակ, առանց լրագրողների ներկայության:

Ստացվում է, լրագրողներին պաշտոնապես հրավիրել էին խորհրդակցությանը, որպեզի ասեն, որ այն փա՞կ է լինելու, թե՞ որ հեռուսատըանկերությունների օպերատորները հասցնեն մի քանի կադր ֆիքսել ու երեկոյան լուրերով ազգաբնակչությանը մեկ տողով ավետեն՝ պլանավորված խորհրդակցությունը կայացել է: Լրատվամիջոցների առաջ փակելով դռները` կրթության ոլորտի պատասխանատուները ծնողներին էլ զրկեցին իրենց երեխաների կրթությանը վերաբերող խնդիրներին ծանոթանալու իրավունքից:

Մեկնաբանություններ (1)

Ավո
Խորհրդակցության հիմնական թեման եղել է կրթության ոլորտի աշխատողների դերը հաջորդ խորհրդարանական ընտրություններում ծրագրվող նորագույն մախինացիների յուրացման ու ներդրման գործում;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter