
Նորածնին մորը չեն վերադարձնում և թույլ չեն տալիս կրծքով կերակրել նրան
25-ամյա Լենա Հարությունյանը 27 օր առաջ լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Սակայն փոքրիկ Սամվելին նրանից վերցրել և այժմ էլ թույլ չեն տալիս նույնիսկ կրծքով կերակրել:
Պատմությունը, որի մեջ Լենան հայտնվել է, այժմ դատարանում է և սպասում է քննության, սակայն մինչ այդ դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կողմին պարտադրել է, որպեսզի չխոչընդոտի Լենային երեխային կրծքով կերակրելուն:
Լենան պատմում է, որ Ամերիկայում բնակվող Կարեն Հարությունյանը խնդրել է իրեն սուրոգատ մայր դառնալ և երեխա ունենալ իր համար: Լենան էլ համաձայնել է: Սակայն հղիության ընթացքում պարզել է, որ իր ձվաբջիջն է օգտագործվել, և ոչ թե այլ անձի, ինչպես նախապես պայմանավորվել են: Իմանալով, որ երեխան իրենն է, Լենան որոշել է երեխային այլևս չտալ Կարեն Հարությունյանին: Վաղաժամ ծննդաբերությունից հետո Կարեն Հարությունյանն, այդուհանդերձ, կարողացել է համոզել Լենային, ով գտնվել է հետծննդաբերական ծանր վիճակում, և խոստացել է խնամել երեխային մինչև Լենան ապաքինվի ու դուրս գրվի հիվանդանոցից:
Լենան խուսափել է իր ընտանիքի հետ բախումներից և հասարակական արձագանքից, այդ պատճառով համաձայնել է, որ երեխային որոշ ժամանակ Կարեն Հարությունյանը խնամի: Սակայն Կարենն այդուհետ Լենային ոչ թույլ է տվել տեսնել երեխային, ոչ էլ հանձնել է նրա խնամքին:
Երեխայի նկատմամբ որևէ իրավունք Կարեն Հարությունյանը չունի: Լենայի մոտ է երեխայի ծննդականը, որտեղ որպես հայր նշվում է ոմն Հովսեփը: Կարենի արաքը, երեխային պահել և թաքցնել իրենից, Լենան որակում է որպես իր երեխայի առևանգում:
Լենա Հարությունյանը դիմել է Ավան և Նոր Նորքի վարչական շրջանների դատախազ Ա.Աղայանին: Հայտնել է, որ արհեստական սերմնավորման հետ կապված բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են բժշկական այն կազմակերպությունները, որոնք պահպանում են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված պայմանները և ունեն օրենքով սահմանված կարգով ստացված բժշկական օգնության և սպասարկման «վերարտադրողաբանական» («ռեպրոդուկտոլոգիական») տեսակով զբաղվելու լիցենզիա: Սակայն իրեն նկատմամբ արհեստական սերմնավորման փորձերը կատարվել են տնային պայամններում, Կարեն Հարությունյանի փաստացի կինը հանդիսացող Աննետ Զաքարյանի կողմից: Ընդ որում՝ տնային պայմաններում արհեստական սերմնավորման փորձերը, որպես բժշկական հատուկ գործողություն, կատարվել են երեք անգամ: Նման եղանակով հղիացումից հետո Աննետ Զաքարյանը սկսել է վարել հղիության ընթացքը, կատարել է իրենց կողմից ԱՄՆ-ից բերված վիտամինների նշանակումներ, տվել է սխալ ցուցումներ, ինչի հետևանքով հղիության վերջին շրջանում խնդիրների են առաջացել Լենայի մոտ: Նա գեր քաշ է ստացել և առաջ են եկել երիկամային խնդիրներ: Արդյունքում ստիպված ժամանակից մեկ ամիս շուտ բարդ վիրահատությամբ նա ծննդաբերել է, տևական ժամանակ եղել է անկողնային ռեժիմում՝ երիկամների դեմ բուժում ստանալով:
«Նման պայմաններում, եթե քննություն կատարվի և հաստատվի նշված փաստերի առկայությունը, ապա Աննետ Զաքարյանի և Կարեն Հարությունյանի գործողություններն ենթակա են քրեաիրավական գնահատականի, քանի որ մի դեպքում առանց իմ վստահորդի իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության տնային պայմաններում նա բժշկական փորձերի է ենթարկել, որից երկուսը չի ստացվել, իսկ երրորդը ստացվել է՝ տեղի է ունեցել հղիացում, մյուս դեպքում՝ դրանք իրենց մեջ պարունակում են մասնավոր բժշկական գործունեության ապօրինի զբաղվելու արարքներ»,-հայտնում է Լենայի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանը: Ընդ որում՝ ըստ նրա, իր վստահորդին Կարեն Հարությունյանը և Աննետ Զաքարյանը փոխադարձ համաձայնությամբ սխալ տեղեկություններ և կեղծ խոստումներ տալով դրել են նյութական կախվածության մեջ:
«Այս պայմաններում Աննետ Զաքարյանը և Կարոն Հարությունյանն իմ վստահորդի հետծննդյան ծանր վիճակն օգտագործելով, կարողացել են նրա խաբել և ծննդատնից վերցնել երեխային: Այժմ, երբ իմ վստահորդը պահանջում է իր երեխային, ցանկանում է մայրական կաթով կերակրել, հոգ տանել նրա մասին և զբաղվել նրա խնամքով, Աննետ Զաքարյանը և Կարոն Հարությունյանն իմ վստահորդից թաքցրել են երեխային»,-շարունակում է փաստաբանը:
Միևնույն ժամանակ դատարան հայց է ներկայացվել՝ երեխային մայրական կաթով կերակրելու խոչընդոտները վերացնելու և երեխային մորը հանձնելուն պարտավորեցնելու պահանջով: Դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել և պարտավորեցրել Կարեն Հարությունյանին մորը՝ Լենային թույլ տալ կերակրել երեխային: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ալիմենտի բռնագանձման Երևանի քաղաքի բաժնի հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանը որոշել է հայցի ապահովման նպատակով արգելել Կարեն Հարությունանին երեխա Սամվել Հարությունյանին մայրական կաթով կերակրելուն խոչընդոտելը: «Որոշման պահանաջն ենթակա է անհապաղ կատարման»,-նշվում է հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանի որոշման մեջ:
Այսօր «Հետքի» խմբագրություն է դիմել Լենան և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը՝ խնդրելով իրենց հետ այցելել Սայաթ-Նովա 12 հասցե, որտեղ բնակվում են Կարեն Հարությունյանն ու իր կինը և ներկա գտնվել կերակրման ընթացքին, որպեսի չխոչընդոտվի Լենայի իրավունքը:
Նշված հասցեում դուռը ոչ ոք չբացեց: Զանգերին Կարեն Հարությունյանը չէր պատասխանում: Վարդան Շահվերդյանի հետ մեր զրույցի ժամանակ, երբ պատմեցինք, որ Լենա Հարությունը եկել է կերակրելու երեխային, սակայն դուռը չեն բացում, վերջինս նշեց, որ կխոսի պետի հետ: Քիչ անց Կարեն Հարությունյանը զանգահարեց Լենային և առաջարկեց նրան իր կաթը սրվակով փոխանցել իրեն, որով ինքը կատարած կլինի դատարանի և ԴԱՀԿ-ի պահանջը: Սակայն Լենան այդ մասին լսել անգամ չէր ուզում, քանզի երեխայի կերակրման պրոցեսը պետք է բնականոն լինի, այլ ոչ թե արհեստական:
Փաստաբան Տիգրան Մուրադյանի ահազանգով Սայաթ-Նովա 12 հասցե ժամանած ոստիկանը ևս ոչինչ անել չկարողացավ: Վերջինս Լենային և մորը հրավիրեց բաժին՝ բացատրության համար: Զանգահարեց նաև Կարեն Հարությունյանին, ով ասաց, որ տանը չի և կգնա բացատրություն տալու առավոտյան: Երեխայի գտնվելու վայրը թաքուն է պահվում, իսկ ԴԱՀԿ աշխատակիցներն այդ ամենին չեն միջամտում:
Տիգրան Մուրադյանն ասում է, որ ԴԱՀԿԾ-ն դրսևորում է բացարձակ անգործություն, դատական ակտը չի կատարվում, իսկ ԴԱՀԿԾ Ալիմենտի բռնագանձման բաժնի պետ Հայկ Գասպարյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության՝ դատական ակտի պահանջը չարամտորեն չկատարելու և խեղաթյուրելու համար: «Պարտապանը պարտավորեցվել է, բայց դուռը չեն բացում: Դատարան դիմելու մեր իրավունքը լրիվ զրոյացել է: Հարկադիր կատարման ծառայությունը օրենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում»,- նշում է փաստաբան Տիգրան Մուրադյանը և այս ամենը ցինիզմ որակում:
Կարեն Հարությունյանը զրույցից հետո Լենային sms հաղորդագրություն ուղարկեց՝ նույն բովանդակությամբ:
Նա, սակայն, նույն համարին կատարած մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Գործի վերաբերյալ պարզաբանումներ Կարեն Հարությունյանից ստանալ այդպես էլ չկարողացանք:
ԴԱՀԿԾ հարկադիր կատարող Վարդան Շահվերդյանն էլ մեզ հետ զրուցելուց հրաժարվեց՝ նշելով, որ մենք վարույթի կողմ չենք:
Փաստաբան Տիգրան Մուրադյանը վաղը նորից դատարան միջնորդություն է ներկայացնելու: Փաստաբանը խնդրելու է ձեռնարկել հայցի ապահովման միջոց' արգելել պատասխանող Կարեն Կառլենի Հարությունյանին 23.06.2016թ. ծնված Սամվել Հովսեփի Հարությունյանին կրծքով կերակրելու համար Լենա Կարենի Հարությունյան հանձնելու վերաբերյալ գործողություններին խոչընդոտելը և ապահովել երեխայի կրծքով կերակրվելու հնարավորությունը, նկատի ունենալով, որ այդպիսի միջոց չկիրառելը' հայցի բավարարման դեպքում, կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել վճռի կատարումը' տևական ժամանակ կրծքով չկերակրվելու դեպքում կարող է դադարել Լենա Կարենի Հարությունյանի մոտ կաթը, միաժամանակ նվազեցնելով երեխայի առողջ աճը և զարգացումը, նպաստելով շնչառական, փորլուծային և մի շարք այլ հիվանդությունների առաջացմանը, ինչպես որ ասված է ՀՀ կառավարության որոշմամբ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել