Վանաձորի քաղաքապետարանը 137 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի
Գայանե Սարգսյան
Հուլիսի 1-ի դրությամբ Վանաձորի քաղաքապետարանի պարտքը տարբեր ուղղություններով կազմում է 155 մլն 518 հզր դրամ, որից շուրջ 137 մլն-ը քաղաքապետարանի և դրա ենթակայությամբ գործող հիմնարկությունների աշխատակիցների աշխատավարձի պարտքն է:
Քաղաքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում աշխատող շուրջ 1600 աշխատակիցների զգալի մասը դեռևս չի ստացել մայիս ամսվա աշխատավարձը:
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան կենտրոնացված գրադարանային համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանի խոսքով ՝ գրադարանային ցանցի շուրջ 60 աշխատողները վերջին անգամ ստացել են ապրիլ ամսվա աշխատավարձը: Այժմ քաղաքապետարանի աշխատավարձի պարտքն այդ համակարգի աշխատողներին կազմում է շուրջ 3 մլն դրամ:
«Մենք մայիսը դեռ չենք ստացել: Քաղաքապետարանից ասել են, որ գումարը լինի՝ կտանք: Հույսով սպասում ենք, ամսվա վերջին պետք է որ լինի»,- նշում է Խ.Գասպարյանը՝ տեղեկացնելով, որ ապրիլի վճարումից հետո քաղաքապետարանը փոքր չափերի հատկացումներ է կատարել, որը, սակայն, աշխատակազմի մեկ ամսվա աշխատավարձի համեմատ փոքր գումար է կազմում:
Վերջինս ասում է, որ նախորդ տարիներին այսչափ ուշացումներ չեն եղել ու առաջին անգամ է, որ 3 ամսով ուշանում է աշխատավարձը:
Վանաձորի թիվ 2 մշակույթի տան տնօրեն Ժաննա Պողոսյանը «Հետք»-ի հարցին՝ ո՞ր ամսվա աշխատավարձն են վերջինն ստացել, նախ պատասխանեց. «Մենք մինչև վերջը ստացել ենք: Հունիսը ստացել ենք երաժշտական դպրոցների հետ»:
Րոպեներ անց, սակայն, մշակույթի տան տնօրենը զանգահարեց ու ասաց ճիշտ հակառակը. «Ես որ անցած ամիս իմ քարտի վրայից գումար եմ հանել, մտածել եմ, որ… Մենք էլ չենք ստացել: Նոր աշխատողների հետ խոսում եմ, ասում են՝ ընկեր Պողոսյան, մենք էլ չենք ստացել»:
Վերջինս նաև վստահեցրեց՝ չնայած նրան, որ մայիսի աշխատավարձը չեն ստացել, սակայն արձակուրդ գնացող աշխատակիցներն ստացել են իրենց արձակուրդայիները:
Զրույցի ավարտին Ժ. Պողոսյանը չմոռացավ շեշտել, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման ընթացքում սա առաջին երկարատև ուշացումն է:
«Ինչ Դարբինյանն աշխատել է, մենք ուշացում չենք ունեցել»,- նշեց նա:
Մայիս ամսվա աշխավարձը չեն ստացել նաև քաղաքի երաժշտական դպրոցների աշխատողները, ովքեր հուլիսի 1-ից գտնվում են արձակուրդի մեջ: Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Անահիտ Մարտիրոսյանն ասում է, որ չեն ստացել ոչ միայն մայիս-հունիսի աշխատավարձը, այլև հուլիսի արձակուրդայինը:
«Մարդ ես, արձակուրդ ես գնում, բա ձեռքդ փող չլինի՞, որ գնաս մի շաբաթ էլ հանգստանաս մի տեղ: Բանկերից վարկեր ենք վերցնում, կրեդիտ ենք վերցնում, պետք է փակե՞նք, թե՝ չէ»,- ասում է Անահիտ Մարտիրոսյանը:
Վերջինս նշում է, որ աշխատավարձի ուշացումներ եղել են նաև նախորդ ամռանը:
«Անցյալ տարի էլ ամռանը էլի էս նույն վիճակն էր: Սկզբից տվեցին արձակուրդային, հետո տվեցին մայիսը, թե հունիսը, օգոստոսին գնացինք գործի, կամա՜ց տվեցին հին ամիսները»:
Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի տեղակալ Ավագ Ավագյանի խոսքով՝ մինչ այժմ քաղաքապետարանը կարողացել է փակել քաղաքի մանկապարտեզների աշխատողների մայիս ամսվա աշխատավարձի պարտքը:
Հարցրինք՝ ինչպե՞ս է, որ մանկապարտեզներին վճարել են, մյուսներին՝ ոչ:
«Փողը լինի, մյուսներին էլ կտանք: Փողը որ չկա…» ,- նշեց Ա. Ավագյանը, հավելելով, որ այժմ փորձում են մաս-մաս վճարել մարզադպրոցների աշխատողների մայիսի աշխատավարձը:
Ինչ վերաբերում է հունիսի աշխատավարձին, քաղաքապետարանի ենթակայության ոչ մի կազմակերպություն աշխատավարձ չի ստացել:
Թե երբ է նախատեսվում 1600 աշխատակցի մայիս ամսվա աշխատավարձի ամբողջական վճարումը, բաժնի պետի տեղակալը հստակ պատասխան չունի: Նա ասաց, որ վճարման չափը կախված է հիմնականում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից: Պետբյուջեից հատկացվող դոտացիաների մասին Ա. Ավագյանն ասաց. «Յուրաքանչյուր ամսվա 26-ին դոտացիան գալիս է՝ որքան նախատեսված է, բայց այն, ինչ որ պետք է նախատեսեին ու չեն նախատեսել, բնական է՝ չի գալիս, դրա համար էլ էդպես պակաս է»:
Պարզաբանելով Վանաձորի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատավարձի պարտքի կուտակման պատճառները՝ Ա. Ավագյանն ասում է, որ աշխատավարձի պարտքն սկսել է առաջանալ 2013-2014թթ.-ից, երբ պետության կողմից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու պարտավորություն դրվեց, սակայն ավելացված նվազագույն աշխատավարձի փոխահատուցման բեռը հաջորդող տարիներին մնաց համայնքի վրա:
«2013թ.-ին և 2014թ-ի սկզբին նվազագույն աշխատավարձի բարձրացման չափով պետբյուջեից փոխհատուցում էր տրվում: Պարտքը առաջացել է 2014 և 2015թթ.-երին, երբ արդեն փոխհատուցում չէր տրվում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում փոխհատուցում չտալու հետևանքով,- ասում է նա:
Բաժնի պետի տեղակալի խոսքով՝ պետբյուջեից փոխհատուցում չստանալու հետևանքով 2015թ.-ին քաղաքապետարանը շուրջ 300 մլն դրամի աշխատավարձի պարտք է կուտակել:
«Անցած տարվա վերջին կարողացանք փակել այդ պարտքի մի մասը, և մնաց 147 մլն դրամի պարտքը»,- նշում է նա:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր հերթին տարբեր առիթներով անդրադառնալով նվազագույն աշխատավարձի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման չափով փոխահատուցում չտրամադրելու հարցին՝ ասում է. «Համայնքային բյուջեն դինամիկա չունի աճելու ու հաջորդ տարվա մեջ արդեն իսկ այդ գումարները մնում են համայնքի վրա, որն ի զորու չէ համայնքը փակել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել