Քվեարկությունն ընդհատելը ընտրախախտում չեն համարում
Մայիսի 25-ին, ժամը 12:30-ի սահմաններում Կոտայքի մարզի թիվ 45/1346 տեղամասում (Գառնի) քվեարկությունն ընդհատվել է տեւական ժամանակով, ընտրողների վկայությամբ՝ 30-40 րոպե: Տեղամասը գտնվում է գյուղացիներից մեկի տան ներքնահարկում, որի պահանջով էլ քվեարկությունն ընդհատվել է, հանձնաժողովը դուրս է հրավիրվել տեղամասից ու դուռը փակվել է փականով: Տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Բաբայանը քվեարկությունն ընդհատելու պատճառների մասին չցանկացավ խոսել՝ «գյուղացի մարդ է, մի բան արել է»: Նրա ասելով, քվեարկությունն ընդհատվել է 5 րոպեով: Դեպքի կապակցությամբ հանձնաժողովն արձանագրություն չի կազմել, քանի որ դա ընտրախախտում չի համարել: Մեր հարցին, թե որեւէ մեկին տեղյակ պահել են կատարվածի մասին՝ կցկտուր հայտնեց, որ մարզային ընտրական հանձնաժողովին տեղեկացրել են:
Հետաքրքիրն այն է, որ քվերակությունը տեւական ժամանակով ընդհատելը, ընտրախախտում չհամարեցին նաեւ հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք: Վերջիններս կատարվածն այսպես բացատրեցին. տանտերն ասել է, որ իրեն գումար են խոստացել իր տան ներքնահարկն իբրեւ ընտրատեղամաս հատկացնելու դիմաց, սակայն չեն վճարել: «Մի քիչ անախորժություն ուներ՝ համայնքապետը եկավ հարցերը լուծեց գնաց: Արձանագրություն չի կազմվել, որովհետեւ խախտում չի եղել, քվեարկությունն ընդհատվել է 2-3 րոպեով»,-հայտնեցին վստահված անձինք: Նրանց ասելով, քվեարկությունն ընդհատելը ընտրախախտում չի, գտնում էին, որ դա ընտրության արդյունքների վրա չի ազդել:
Մեկնաբանել