HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեգաս» կազինոն, լցակայանը ու «ռիսկով տղան»

Մեկ տարի առաջ մայրուղու վրա` Վանաձոր-Վահագնի ճանապարհաեզրին, հայտնվեց «Վեգաս» խաղասրահը: Լոռեցիները միմյանց տեղեկացնում էին, որ այն Լոռու մարզպետ Արամ Քոչարյանինն է:

«Վեգասից» ոչ այնքան հեռու ամիսներ առաջ սկսվեց գազալցակայանի կառուցումը: Նորից լուրեր պտտվեցին, որ այն մարզպետինն է: Գազալցակայանը ուշադրություն է գրավում մայրուղու ձախ եզրով 100 մմ տրամաչափի շուրջ 9 կմ երկարությամբ դեպի Վանաձոր ձգվող խողովակաշարով: Խողովակաշարը երկար ձգվում է մայրուղով, հետո իջնում է Փամբակի ձորը եւ ձգվում երկաթգծի հարեւանությամբ, ապա կրկին բարձրանում է մայրուղի, կրկին իջնում ձորը եւ այդպես մտնում Վանաձոր:

Խողովակաշարի հենասյուները նույնպես 100 մմ տրամաչափի խողովակներ են: «Շուկայում 100 մմ տրամաչափի 1մ խողովակի գինը մոտ 3000 դրամ է, իսկ հենասյուների հետ միասին շուրջ 10 կմ երկարություն ունեցող խողովակի շուկայական գինը կազմում է շուրջ 30 մլն դրամ»,- «Հետք»-ի խնդրանքով հաշվարկել է մի շինարար: «Համեստ կարողությունների տեր մարդը միայն նվեր ստանալու դեպքում այդ երկարությամբ խողովակաշար անցկացնելով գազալցակայան կկառուցի ճանապարհազերին»,- ասում է մայրուղով երթեւեկող վարորդներից մեկը: Այս երկու «օբյեկտների»` մարզպետին պատկանելու մասին լուրերը ճշտելու նպատակով փետրվարի 22-ին դիմեցինք Լոռու մարզպետարանի լրատվական ծառայության պետ Սամվել Խալաթյանին:

«Մեր մարզպետը էնքան ռիսկով տղա չի, որ ճանապարհի վրա խաղասրահ ու գազալցակայան կառուցի»,- ասաց Ս. Խալաթյանը: Երբ լրատվական ծառայության պետին տեղեկացրինք, որ մարզպետը Վանաձորի որոշ լրագրողների խոստովանել է, որ գազալցակայանն իր ընտանիքին է պատկանում, նա ավելացրեց. «Հնարավոր է, որ գազալցակայանն իր ընտանիքինն է, բայց խաղասրահի մասին չեմ կարող ասել»:

Նրան խնդրեցինք ճշտել մարզպետ Արամ Քոչարյանից: «Չեմ կարող, էսօր վարչապետը գալիս ա, զբաղված եմ, չեմ կարող»,- ասաց լրատվության պատասխանատուն, սակայն ինձ փոխանցեց մարզպետի գրասենյակի հեռախոսահամարը` նրանից հարցի պատասխանն անձամբ ստանալու համար: Հեռախոսազանգին գրասենյակից պատասխանեցին, որ մարզպետը գնացել է թաղման:

Սակայն 15 րոպե անց Լոռու մարզպետի հեռախոսահամարից ինձ զանգահարեց մարզպետի օգնական Տիգրան Բադոյանը, որին փոխանցեցի նույն հարցերը` ճի՞շտ է, որ «Վեգաս» խաղասրահը եւ գազալցակայանը մարզպետի սեփականությունն են: «Որ «Վեգասը» մարզպետինը լիներ, մի անգամ գոնե գնացած կլինեինք, էլի, լցակայանը կարող է»,- ասաց Տ. Բադոյանը:

10 րոպե անց կրկին զանգահարելով` մարզպետի օգնականը փոխանցեց հետւյալը. «Մարզպետը տեղում է, ես հարցրի պարոն մարզպետին կազինոյի եւ լցակայանի մասին, ասաց` դու գիտես, Տիգրան ջան, կազինոն բացառվում է, որ իմ սեփականությունը լինի, իսկ լցակայանի մասին ասաց` չգիտեմ, մեր էսինչ բարեկամինն ա, երեւի դրա համար էլ ասում են, որ մարզպետինն ա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter