HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունը առեւտուր է

Մայիսին Հայաստանում համակարգչային նվիրատվությունների տենդ է սկսվել: Պատգամավորության թեկնածուները հանկարծ զգացել են, որ մեր դպրոցներում համակարգչային դասասենյակների անհրաժեշտություն կա:

Դեռեւս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ Հարություն Փամբուկյանը այսպիսի դասասենյակ բացեց իր ապագա ընտրատարածքում: Քարոզարշավը մեկնարկելուց հետո նա շարունակեց այդ «գործունեությունը»: ԱԺ մեկ այլ պատգամավոր` հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը շարունակում է համակարգչային նվիրաբերումների գործընթացը նույն եռանդով: Իսկ մինչ այդ նման գործունեություն էր ծավալել ռուսաստանցի հայտնի գործարար Գագիկ Աբրահամյանը: Դասասենյակների բացումը անցկացվում է ՀՌԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տարբեր տեղամասերում ընտրողներին բաժանվում են դրամ, սննդամթերք, ջրաչափեր, ալյուր, ասֆալտապատվում են փողոցներ... ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»։ Եվ որքան մոտենում է մայիսի 25-ը, այնքան Ընտրական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի խախտման դեպքերն ավելանում են:

Յուրաքանչյուր ընտրող վաճառում է իր քվեն` ամեն մեկն իր գինն է դրել, կամ էլ ամեն մեկին գնահատել են ըստ իր աժանիքների: Շրջանառվող ամենացածր գինն այսօր հինգհարյուր դրամն է:

Օրենսգրքի նշված հոդվածի 8-րդ կետով «Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու նպատակով, ինչպես նաեւ դատարան՝ տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար...»։

Ամեն օր տարբեր հեռուստաալիքներով, թերթերի էջերում կարելի է հանդիպել օրենքի այդ պահանջները խախտող բազմաթիվ դեպքեր: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է միայն երկու դիմում-բողոք: «Կրեդիտ-Երեւան» բանկի (որի սեփականատերն ու խորհրդի նախագահը Մարտին Հովհաննիսյանն էր) կողմից խաբված ավանդատուներնի դիմում-բողոքը, որ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Մարտին Հովհաննիսյանի կողմից թիվ 2 ընտրատարածքում ասֆալտապատման եւ արտաքին լուսավորության աշխատանքներ կատարելուն: Եւ թիվ 13 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Կարապետ Ռուբինյանինը, որ մատնանշում էր նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցված Գրիգոր Մարգարյանի քարոզչական բուկլետում նշված անվճար իրավաբանական ծառայության խոստման առկայությունը: ԿԸՀ-ի կողմից նշված բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք անհիմն են: Եվ մինչ օրս հանձնաժողովները չեն գրանցել գոնե մեկ դեպք, երբ կիրառված լինի 18-րդ հոդվածի 8-րդ կետը: Մի խոսքով, որեւէ թեկնածու կամ քաղաքական կազմակերպություն օրենքը խախտելու համար պատասխանատվության չի ենթարկվել։ Մայիսի 25-ից հետո միջազգային տարբեր կազմակերպություններ, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում Հայաստանում, իրենց հաշվետվությունների մեջ նշելու են նման փաստերը, եւ մենք միայն այն ժամանակ ենք սկսելու «ըմբոստանալ», թե մեր մենթալիտետն այլ է: Բոլոր կուսակցություններն իրենց քարոզարշավի ժամանակ խոսում են օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, երկրում կարգ ու կանոն հաստատելու մասին: «Օրենքի առջեւ բոլորը պետք է հավասար լինեն» կարգախոսը օգտագործում են ժողովրդի առաջ ելույթ ունեցող գրեթե բոլոր «ազգի ընտրյալները»: Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր նույնիսկ իրենց անուն ազգանուններն անսխալ չեն կարողանում գրել: Նման պատգամավորներ այսօր էլ կան խորհրդարանում: Նման խոստովանություն արեց վերջերս մի հեռուստաելույթի ժամանակ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը:

Մի խոսքով, օրենքը լռելյայն խախտում են երկկողմանի: Ընտրողները վերցնում են իրենց առաջարկված ընտրակաշառքները, ընտրվողները տալիս են դրանք:

 Առք ու վաճառք է սկսել Հայաստանի բոլոր բնակավայրերում` ասֆալտի, ձեթի, ծխախոտի, համակարգչի տեսքով ...

Սա մեր մենթալիտետն է, որով շարունակում են հպարտանալ մեր շատ պաշտոնյաներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter