HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորցիները կստեղծեն նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու համար

Գայանե Սարգսյան

Հուլիսի 20-ի երեկոյան վանաձորցիները հավաքվել էին Արցախ պուրակում՝  քննարկելու երկրում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու ստեղծելու նախաձեռնող խումբ՝ «Սասնա ծռերին» աջակցելու  ու հետագա անելիքները կոորդինացնելու համար:

Հավաքին մասնակցում էին «Նոր Հայաստան» ճակատի, «ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Հայ Ազգային Կոնգրեսի  անդամներ, անհատ քաղաքացիներ:

Հիմնադիր խորհրդարանի Լոռու գրասենյակը ներկայացնող Ռազմիկ Էվոյանը ներկաներին տեղեկացրեց, որ վերջին օրերին մարզի տարբեր համայնքներից Սասնա ծռերին աջակցելու տարբեր առաջարկություններ են եղել: Մասնավորապես, առաջարկվել է խմբեր կազմել, համակարգված ձևով մեկնել Երևան ու կանգնել պայքարողների կողքին:

Հնչեցված հաջորդ առաջարկը միջպետական ճանապարհի փակումն էր:

«Արդեն իսկ մի քանի տասնյակ տղաներ Լոռիից մեկնել են Երևան: Մեկնել ցանկացողները, սակայն, դեռ շատ են»,- ասաց Ռ. Էվոյանը, հավելելով՝ եթե իրավիճակն ավելի սրվի, ճանապարհը փակելու առաջարկը կարող է կյանքի կոչվել:

«Մենք պետք է մեծ պատասախանատվութամբ մոտենանք այս հարցին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի, որ հայ ազգն իր ինքնության համար պայքարող ժողովուրդ է: Մեզ փորձում են համոզել, որ մեր ժողովրդին հարիր չեն նման դրսևոումները: Իսկ ի՞նչն է հարիր, թողնել, հայրենիքը լքե՞լը: Մենք պետք է պաշտպան կանգնենք մեր հայրենիքին, մեր պետականությանը,- նշեց «Նոր Հայաստան» հանրային ճակատի անդամ Լորա Արամյանը:

Այսօրվա հավաքին մասնակցողների թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: Հավաքի մասնակիցները, սակայն, վստահ են՝ լոռեցիները դեռ  ցույց կտան, որ պայքարող են:

«Լոռեցիները դեռ  ցույց կտան, որ պայքարող են ու  թույլ չեն տա, որ «Սասնա ծռերին» անվանեն տեռորիստներ: Տեռորիստը մեր իշխանություններն են, որոնք սփյուռքահայերի գրպանի տեռորիստն են, մեր երիտասարդների հոգու, մեր բյուջեի, մեր բարոյականության տեռորիստն են»,- վրդովված ասում է անկուսակցական Ժաննա Ժամհարյանը:

««Սասնա ծռերի» վարմունքը հուսահատությունից առաջացած վարմունք է , մարդը եթե իր տղայի հետ է  գնացել կենաց մահու կռվի, դա արդեն ամեն ինչ ասում է: Անձամբ ճանաչելում եմ «Սասնա ծռերի» մեծ մասին:Վերցնենք Արայիկ Խանդոյանինը, ապարանցի Պավլիկին, հենց ինքը Ժիրայր Սեֆիլյանը, նրանք կարելի է  ասել ղարաբաղյան կռվի լեգենդներ են»,- նշում է Ռ. Էվոյանը:

Թեև ընդհանուր առմամբ Լոռիում գոնե արտաքուստ հանգիստ է, սակայն այստեղ ևս իրավիճակի սրմանը զուգահեռ մի քանի ակտիվիստների բերման են ենթարկել: Բերման ենթարկվածներից Ժաննա Ժամհարյանը պատմում է.

«Առավոտյան 8:20 դուռը թակեցին, բացեցի, թուլ չտվեցին, որ գոնե լվացվեմ կամ զանգ կատարեմ: Տարան, պահեցին մինչև գիշերվա 02:30»:

Բերման ենթարկված ակտիվիստների փոխանցմամբ՝  ի տարբերություն Երևանի, տեղի ոստիկանների կողմից իրենց նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել:

Ազատ արձակելուց հետո, սակայն, ակտիվիստներից մի քանիսին  ամեն քայլափոխի հետևել են: Ռ. Էվոյանը վստահ է՝ իրեն հետևել են ոստիկանության աշխատակիցները՝ քաղաքացիական համազգեստով:

Ակտիվիստ, «ժառանգություն» կուսակցության անդամ Գևորգ Քոթանջյանն ասում է, որ մի քանի օր շարունակ հետևել են նաև իրեն:

«Ինձ սկսել էին տարօրինակ կերպով ամեն տեղ հետևել: Ե՛վ մեքենայով էին հետևում, և՛ ոտքով…«Սասնա ծռերին»են ասում ահաբեկիչ, բայց նրանցից ոչ ոք չի ահաբեկվում, այլ ահաբեկվում են ոստիկանների պահվածքից»,- ասում է Գևորգը: 

Հետևելու երկու դեպքի մասին էլ տեղյակ է պահվել Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակում, գրասենյակի կողմից տարածված համապատասխան հայտարարությունից հետո  հետապնդումները դադարեցվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter