Յոլա են տանում
Արմինե Ուդումյան
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն (ՀԿԿ) առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն անցկացնում է լրագրողների աչքից հեռու: Ըստ շտաբի ներկայացուցիչների, Կոմկուսի առաջնորդներն այցելում են մարզեր, հանդիպումներ են ունենում ընտրազանգվածի հետ, բայց թե ինչու լրագրողներին էլ չեն հայտնում իրենց այցելությունների գրաֆիկը, հայտնի չէ. «Երեւի ընկեր Սահակյանը թերանում է»,- եղավ միակ բացատրությունը: Ընկեր Սահակյանը նախընտրական շտաբի պետն է՝ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: Պատճառներից մեկն, ըստ երեւույթին, նեղ ֆինանսական վիճակն է. մի առիթով Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը հայտնեց այդ մասին. «Դե երկու մեքենա ունենք, կոմկուսի կենտկոմի քարտուղարներով կլինենք մարզերում, կհանդիպենք ընտրողների հետ: Յոլա կգնանք»:
Պետք է ենթադրել, ոչ միայն մյուս կուսակցությունների ճոխ քարոզչության հետ համեմատվելուց են խուսափում, այլ նաեւ չեն ցանկանում որ արձանագրվեն տհաճ անակնկալները: Օրինակ, որ համակիրների թիվն է քչացել: Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ այս մրցապայքարի ընթացքում քարոզարշավի արդյունավետության տեսանկյունից Կոմկուսի միակ հաջողված ակցիան աշխատավորների տոնի կապակցությամբ կազմակերպված երթ-հանրահավաքն էր, որին հաջողել էին մասնակից դարձնել հանրապետության գրեթե բոլոր մարզերից իրենց համակիրներին: Իրենց հաշվարկներով՝ 20 հազար մարդ, որին պետք է մի փոքր վերապահումով մոտենալ: Մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում նաեւ «պիոներները», որոնք գուցե Կոմկուսին ընտրեն մի տասը տարի հետո: ՀԿԿ-ն աչքի է ընկնում կարգապահ համախոհներով, բոլոր նրանք, ովքեր մեր հարցմանը պատասխանեցին, համոզմունքով էին արտահայտվում Կոմկուսի առավելությունների մասին՝ մոտավորապես «Կգա լուսավոր ապագան Կոմկուսի հետ» արտահայտություններով:
Հանրահավաքի մասնակիցներն, ի դեպ, բարկանում էին, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները չէ, որ միացել էին իրենց. «Էս են, էլի, էրեւանցիք, վերեւներից նայում են, չեն միանում», մյուսն էլ՝ «սազական չի իրեն եդ կուսակցության օրոք չեն ձեւավորվել, չեն սնվել»: Նույնպիսի հաջողություն չարձանագրվեց նաեւ Հաղթանակի օրը, մայիսի 9-ին, չնայած քաղաքական ակցիա կազմակերպելու Կոմկուսի առաջնորդների մտադրություններին: Այդ օրը Հաղթանակի զբոսայգում դժվարությամբ կարելի էր գտնել Կոմկուսի համախոհներին: Ընդհակառակը, մարդիկ ասում էին «ինչ կապ ունի որ կուսակցությունից ենք», չնայած նրան, որ նման կազմակերպված ձեւով մյուս կուսակցություններն առաջին անգամ էին գնացել հարգելու պատերազմում զոհվածների հիշատակը (սա հերթական նախընտրական ակցիան էր):
Իսկ հավաքվածներից շատերի համար բավական էր լսել «Ո՞ր կուսակցությունից եք» հարցը, վիճաբանություն սկսելու համար: Մինչ այս հարցը լսելը, կոմունիստ Սեդա Սեւոյանը, ՀԺԿ-ական Ռիմա Հակոբյանը եւ դաշնակցական մի կին, որի անունը բռնկված «բանավեճի» պատճառով չկարողացանք ճշտել, հանգիստ նստած էին կողք կողքի: Տիկին Սեւոյանի «կոմունիստ եմ եղել, կոմունիստ էլ կմնամ» հայտարարությանը հետեւեց դաշնակցական տիկնոջ քննադատությունը Կոմկուսի հասցեին. «Կոմունիստները մինչեւ վերջ չպայքարեցին, չնայած բոլոր կուսակցություններն էլ ցանկանում են, որ հայրենիքը ոտքի կանգնի»: ՀԺԿ-ական Ռ. Հակոբայնին այս դիտարկումը դուր չեկավ, ուստի, իր հարեւանուհուն հորդորեց բոլորի անունից չխոսել. «բոլորը չեն պայքարում, հատկապես դաշնակցականները 18-20թթ. երկիրը ծախեցին: Հիմա էլ բոլոր ընտրական հանձնաժողովներում դաշնակցականներ են ընդգրկված: Աշխատում են ամեն ինչ անել, որ իրենք հաղթեն, բայց չի հաջողվի»: «Զրույցի» շարունակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Մեր մեկ այլ զրուցակից՝ Անժելա Կարճիկյանն ընդհանրապես հիասթափված է բոլոր կուսակցություններից. «տեսնում եմ, որ նախկին մաքրությունն ու արդարությունը չի մնացել: Նույնիսկ կոմունիստների մեջ»:
Համոզմունքով կոմունիստները մեր հարցումներին պատասխանում էին արմատական ընդդիմադիրի դիրքերից, չնայած այն տեսակետին, թե ՀԿԿ-ն թաքնված իշխանամետ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել