Գվինեացին ու թանզանիացին զգալի չափերի գումար են հափշտակել Հայաստանում
Գվինեայի Հանրապետության և Թանզանիայի Միացյալ Հանրապետության քաղաքացիների կողմից զգալի չափերի գումար հափշտակելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության նախապատրաստած նյութերը՝ մասնավորապես պարզվել է, որ Գվինեայի քաղաքացի Ա. Ք.-ն Թանզանիայում բնակվող ոմն Ռ.-ի հետ նախնական համաձայնության է եկել՝ ինքնաթիռի տոմսերի ապօրինի վաճառքի, շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացողներից կանխիկ գումար ստանալու, դրանք հափշտակելու, ավիատոմսի գումարը կեղծ բանկային քարտերի օգտագործմամբ այլ անձանց բանկային հաշիվներից վճարումներ կատարելու վերաբերյալ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Թանզանիայում նմանատիպ մի քանի գործարք հաջողությամբ իրականացնելուց հետո 2011թ. օգոստոսին Ա. Ք.-ն եկել է Հայաստան՝ նպատակ ունենալով Հայաստանում ևս շարունակել իր գործունեությունը: Այս նպատակով փնտրել և գտել է ավիատոմսերի գնորդներ:
Մասնավորապես, 2011թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացու անվամբ Երևան-Մոսկվա և Երևան-Մոսկվա-Սոչի չվերթերի ավիատոմսեր ձեռք բերելու համար ստացել է գումարը և խաբեությամբ հափշտակել:
Գնորդների վստահությունը չարաշահելու հետևանքով խարդախությամբ ստացված գումարների հափշտակությունը քողարկելու համար Ա. Ք.-ն ոմն Ռ.-ին համացանցով տեղեկություն է հաղորդել՝ նրան տրամադրելով ավիատոմսերի պատվիրատուների անձնագրային տվյալները:
Այնուհետև քննությամբ դեռևս չպարզված անձանց հաշվեհամարներից հափշտակված գումարների հաշվին, կեղծ բանկային պլաստիկ քարտ օգտագործելով, էլեկտրոնային ավիատոմսերի դիմաց վերոհիշյալ 3 քաղաքացու անվամբ կատարել է վճարումներ: Արդյունքում, Ա. Ք.-ն և Ռ.-ն հափշտակել և օրինականացրել են խոշոր չափերի գումար:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել