
Արմավիր․ աղբից շահույթ ստանում են, բայց չեն մաքրում
Անի Հովհաննիսյան
Նարեկ Ալեքսանյան
Արմավիր քաղաքի հիմնական աղբանոցում հաճախ են վեճեր լինում։ Այստեղ աշխատող մարդիկ աղբը չեն կարողանում բաժանել միմյանց միջև։ Նրանք ապակե և պլաստիկե շշեր են հավաքում և հանձնում միջնորդին։ Վերջինս դրա դիմաց վճարում է իրենց (1 հատ 60կգ կշռող պարկը 1500 դրամ) և հետևում, որ այլ աղբահավաքներ չմտնեն «իր տարածք»։ Աղբանոցում տարածքային բաժանման որևէ օրինաչափություն չկա. գործում է «ով կարողանում, նա էլ ունենում է» սկզբունքը։
![]() Արմավիրի մարզ. աղբանոցում աշխատողները
|
Աղբահավաքներից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել, «Հետքին» պատմեց, որ միջնորդը սկզբում 50-60 հազար դրամ է տալիս իրենց, որը պետք է ամսվա ընթացքում վերադարձնեն՝ պլաստիկե շշի տեսքով՝ 30-40 պարկ։ Միջինում՝ շաբաթական 4000 դրամ էլ կազմում է ապակե շշերի և ալյումինե գտածոների գումարը։ Այսինքն՝ աղբանոցում աշխատող մեկ բանվորի ամսական միջին եկամուտը կազմում է 59 հազար դրամ։
Ի դեպ՝ Երևանում պլաստիկե շշերի վերամշակող «Քլինլենդ» ՍՊԸ-ն միջնորդին մեկ կիլոգրամի դիմաց վճարում է 100 դրամ։ Այսինքն՝ մեկ պարկի դիմաց վերջինս ստանում է 5000-6000 դրամ, որից 1500-ը վճարում է աղբանոցում աշխատող բանվորին, իսկ մնացածը տրանսպորտի ծախսը և իր շահույթն է կազմում։
Արմավիրում արդեն լավ կազմակերպել են աղբից շահույթ ստանալու մեխանիզմը, սակայն քաղաքը և հարևան գյուղերն աղբից մաքրել այդպես էլ չի հաջողվում այս մարզում։
Ստորև ծանոթացեք Արմավիրի մարզի Վաղարշապատ և Արմավիր տարածաշրջանների աղտոտվածության պատկերին։ Համակարգչի կուրսորը մոտեցրեք սև կետերին՝ տեսնելու տվյալ աղբանոցի լուսանկարը։ Կետերի վրա սեղմելու դեպքում՝ կարող եք կարդալ տվյալ աղբանոցի մասին մանրամասներ։
Արմավիր քաղաքում, բացի հիմնական աղբանոցից, կան մի քանի ավելի փոքր աղբանոցներ։ Քաղաքի ներսում՝ գնացքի գծերի հարևանությամբ, արմավիրցիները կենցաղային աղբի հավաքատեղի են ստեղծել։ Դրան զուգահեռ՝ Արմավիրի հյուսիսային հատվածում գերեզմանոցն է, որին կից տեղակայված է դրանից ոչ ավելի փոքր աղբանոցը։ Արմավիրի քաղաքապետարանը տարեկան 107 մլն 602 հազար 500 դրամ է հատկացնում աղբահանությանը։
Մեծամորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշվում է, որ «քաղաքը գտնվում է Արմավիրի մարզում՝ Աստվածաշնչյան Արարատի հայացքի ներքո»։ Նույն «հայացքի» ներքո էլ մեծամորցիներն ամեն օր աղբը լցնում են իրենց բնակավայրի մոտ և ճանապարհի եզրերին։ Քաղաքի մուտքը մատնանշող ցուցանակի տակ արդեն մի մեծ աղբավայր է գոյացել, որը, սակայն, վրիպել է քաղաքապետարանի «հայացքից»։ Քաղաքապետարանի կայքում նշվում է նաև, որ կենցաղային աղբը տեղափոխվում է քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող բացօթյա աղբաթափման վայրը, այրվում կամ ծածկվում է հողով: Նշենք, սակայն, որ մեծ քանակությամբ աղբ էլ մնում է քաղաքում՝ շենքային հատվածների բակերում։ Մեծամորը տարեկան 23 մլն 540 հազար դրամ է հատկացնում աղբահանության աշխատանքներին։ Աղբահանման աշխատանքները կատարում է «Մեծամորի բարեկարգում» ոչ առևտրային կազմակերպությունը:
Մայիսյան գյուղի բնակիչները աղբը լցնում են հենց ճանապարհի եզրին՝ ակնառու վայրում։ Գյուղի բյուջեից 1 մլն 400 հազար դրամ հատկացվում է աղբահանությանը, սակայն ճանապարհի կողքերին լցված աղբն այդպես էլ չի վերանում։
Հարևան Մրգաշատում աղբամանն այնքան երկար ժամանակ չի դատարկվել, որ դարձել է աղբանոցի մի մաս։ Այս մարզում աղբամանների շուրջբոլորն աղբանոցի վերածելն ընդունված «մշակույթ» է։ Մրգաշատի համայնքապետարանը տարեկան 4 մլն 500 հազար դրամ է հատկացնում՝ աղբամանները չդատարկելու համար։
Նյութի հրապարակումից հետո Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանը մեկնաբանությունների բաժնում ճշգրտել է, որ նշված աղբամանը գտնվում է ոչ թե Մրգաշատի, այլ Արմավիր քաղաքի վարչական տարածքում․ «տվյալ տարածքում կա հացատուն, դա հացատան աղբամանն է»,- նշել է նա։
Ներողություն ենք խնդրում ընթերցողից՝ շփոթության համար։
Նորավան գյուղը Արմավիրի հիմնական աղբանոցին մոտ է գտնվում, սակայն դա միակ պատճառը չէ, որ այս համայնքի դաշտերը ծածկված են պոլիէթիլենային տոպրակներով։ Ճանապարհին կից դաշտային հատվածներում կան նաև աղբակույտեր՝ գոյացած մարդու գործունեության արդյունքում։ Այս համայնքը տարեկան 960 հազար դրամ է հատկացնում աղբահանությանը։
Լուկաշինում շինարարական աղբն ամենուր է։ Գյուղի մուտքի մոտ՝ ճամփեզրին լցված է մեծ քանակությամբ շինարարական աղբ։ Գյուղի ելքի մոտ երկու աղբանոցներ կան՝ կենցաղային և շինարարական թափոնների համար։ Որոշ տներից ուղիղ տեսարան է բացվում դեպի աղբանոցը։ Լուկաշինի համայնքապետարանը տարեկան 1 մլն 950 հազար դրամ է հատկացնում աղբահանությանը, սակայն գյուղի տարբեր ծայրերում գտնվող աղբակույտերն այդպես էլ չեն վերանում։
Խանջյանում կենցաղային աղբի հավաքատեղի է դարձել ջրագիծը։ Գյուղացիները կամուրջից միանգամից ներքև են նետում աղբը։ Իսկ այդ աղբը հավաքելու նպատակով հատկացվող տարեկան 1 մլն 500 հազար դրամն այդպես էլ նպատակին չի ծառայում։
Նորապատ համայնքում ջրագիծն աղբատար է ծառայում նույն մեխանիզմով. մարդիկ անցնում են կամուրջով և աղբը ցած նետում։ Այս գյուղը աղբահանությանը հատկացնում է տարեկան 1 մլն 90 հազար դրամ։
Հացիկ գյուղի բնակիչները պտղատու ծառերի դաշտ ունեն, որը ծառայում է նաև որպես աղբատեղի։ Այս գյուղի համայնքապետարանը նույնպես որևէ հակասություն չի տեսնում պտղատու ծառերի կողքին աղբի առկայության մեջ, քանի որ տարեկան աղբահանության համար հատկացված 2 մլն 370 հազար դրամով որևէ աշխատանք չի տանում՝ դաշտն աղբից ազատելու ուղղությամբ։ Բացի դաշտից՝ Հացիկ տանող ճանապարհի ողջ երկայնքով աղբակույտ է ձգվում։
Մյասնիկյան գյուղն աղբի առկայությամբ և աղբակույտերի մեծությամբ առաջ է անցնում Հացիկից։ Այստեղ գնացքի գծերը աղբակույտերի ցուցիչն են. կենցաղային աղբի պարկերը լցված են հենց այդ գծերի երկայնքով մեկ։ Ավելին՝ մյասնիկյանցիների տների հարևանությամբ կարելի է նկատել մեծ քանակությամբ աղբակույտեր, որոնք ամռան շոգ օրերին գարշահոտ են տարածում։
Արտամետի հարևանությամբ նույնպես արձանագրել ենք կենցաղային աղբի թափոններ, որոնք, սակայն դեռևս չեն շատացել այնքան, որ աղբանոցի վերածվեն։
Հուշակերտում մետաղյա թափոնները, կենցաղային ու շինարարական աղբը լցնում են գյուղ տանող ճամփեզրին։ Գյուղի ներսում՝ բնակելի տների մոտ, նույնպես շինարարական աղբակույտեր կան։
Սարդարապատի հուշահամալիրը, որը գտնվում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի տարածաշրջանում, համարվում է հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը։ Հուշահամալիրի հետնամասում, սակայն, անպակաս են կենցաղային աղբակույտերը։ Ավելին՝ աղբի կուտակումներ կան նաև Արաքսի գյուղի մեջ։ Այս գյուղը տարեկան 2 մլն 440 հազար դրամ է հատկացնում աղբահանությանը։
Լենուղի համայնքում խաղողի այգիներ կան, որոնք նույնպես աղբակույտերի «զոհ» են դարձել։ Տնկիների և աղբի միջև որևէ սահման չկա, և պոլիէթիլենային տոպրակներն ազատորեն փաթաթվում են խաղողի թփերին։ Այս համայնքը 1 մլն 290 հազար դրամ է հատկացնում աղբահանությանը։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել