«Սասնա ծռերի» ակցիան և 16-րդ քարտի նախազգուշացումը
Դիմացինիդ կամ որևէ իրադարձություն ամենաճիշտը բնորոշելու համար փորձիր այն մե՛կ բառով նկարագրել:
«Սասնա ծռերի» ակցիան «տարոյի» մեկ քարտով բնորոշել ցանկացա:
Սիրում եմ «տարո» (tarot) քարտեր բացել: Իմաստուն այդ քարտերից հաճախ եմ խորհուրդ հարցնում: «Սասնա ծռերի» ակցիայի վերաբերյալ Մեծ Արկանայի 16-րդ քարտը դուրս եկավ՝ (փլվող) աշտարակը: Պատասխանը հստակ էր՝ ցնցում: Քարտի վրա փլվող աշտարակ է պատկերված: Վերջինիս տանիքը կայծակից այրվում է, ու նեղ պատուհաններից մարդիկ են ցած գլորվում: Նեղ պատուհանն աշխարհայացքի նեղությունն է արտացոլում, իսկ քարտի խորհուրդն այն է, որ չնայած հաստ պատերին, աշտարակն ամուր չէ(ր):
«Կայծակն» անշուշտ ապրիլյան պատերազմն էր: Դա (քաղաքական) երկրաշարժ էր՝ ուժգին ու հենց «աշտարակի» տակ: Նման երկրաշարժերից հին-խալխուլ «աշտարակները» փլվում են: «Աշտարակի» տերերն այդպես էլ չհասկացան, որ 18-20 տարեկան հայ զինվորն իր մարմնո՛վ փակեց փամփուշտի ճամփան:
«Սասնա ծռերի» ակցիան հետցնցում է՝ առաջինը: «Աշտարակի» տերերը վերևի նեղ պատուհաններից եթե այն խեղդել փորձեն, հաջորդն ավելի հուժկու է լինելու:
Ընտրության միջոցով ժողովրդի ձայնը երբ տեղ չի հասնում, այն հետ է գալիս փողոց, կուտակվում ու դառնում… ապստամբություն: Չգործող ընտրական համակարգում քաղաքական դաշտ ու խնդիրների անցնցում լուծում չկա: Քաղաքագիտական երկարաշունչ վերլուծություններն այս պարագայում պարզապես դեմագոգիա է:
«Հայը հայի արյուն չպիտի թափի». իրոք: Դա օտարի «մանդատ-մենաշնորհն» է: Քաղաքակիրթ բոլոր երկրներն են իրենց հեղափոխություններն անցել (ու նրանց էլ ժամանակին «հանցագործներ» են անվանել): Հայն ի՛ր հեղափոխությունները դեռ պիտի անցնի՝ քաղաքակիրթ երկիր դառնալու ճանապարհին:
«Աշտարակի» տերերն ինչքան էլ սեփական «վարպետներ» ու ցուցադրաբար աղոթողներ ցած իջեցնեն, միևնույնն է՝ «աշտարակը» փլվելու է, որովհետև հիմքն ամուր չէ: Նոր «աշտարակ» է պետք կառուցել՝ ամուր հիմքով:
«Տարո» քարտերը հազարավո՜ր տարիների իմաստություն ունեն:Մեծ Արկանայի 16-րդ քարտի իմաստուն նախազգուշացումն այն է, որ քանի դեռ աշտարակը փլված չէ, ցած իջիր:
Վարազ Սյունի
Ամստերդամ, 25.07.2016
Մեկնաբանել