
Օտարերկրացի աշխատողի համար այսուհետ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ
Այսուհետ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներ աշխատանքի ընդունելու համար գործատուները պետք է հատուկ թույլտվություն ունենան: Այն գործատուները, ովքեր օտարերկրացի աշխատողներ են ընդունել նախքան 2016թ. հունիսի 4-ը, պետք է 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման: Այս մասին տեղեկացնում է ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը:
Այս տարվա հունիսի 4-ից ուժի մեջ մտած կառավարության որոշմամբ սահմանվել է ընթացակարգը, որով գործատուները դիմում և ստանում են օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու թույլտվություն:
Կարգի համաձայն' գործատուն ամենից առաջ դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալություն՝ ակնկալելով համալրել առկա թափուր աշխատատեղը Գործակալությունում գրանցված աշխատանք փնտրող ՀՀ քաղաքացիների միջոցով:
Համապատասխան թեկնածուի բացակայության կամ գրանցված քաղաքացիների' սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում միայն գործատուն իրավունք է ստանում դիմել Գործակալությանը' կոնկրետ օտարերկրացու համար կոնկրետ աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:
Գործակալության պետի կողմից թույլտվություն ստանալուց հետո գործատուն տեղեկացնում է այդ մասին տվյալ օտարերկրացուն՝ ՀՀ ժամանելու և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ ոստիկանություն ներկայացնելու համար:
Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո' մեկամսյա ժամկետում, գործատուն օտարերկրացի քաղաքացու հետ կնքում է աշխատանքային պայմանգիր՝ պարտավորվելով թույլտվությամբ սահմանված ժամկետում ապահովել նրան համապատասխան աշխատանքով:
Ուշադրություն' մինչև 2016թ.հունիսի 4-ը ՀՀ-ում աշխատող և Օրենքով նախատեսված աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների գործատուները 2016թ. հունիսի 4-ից հետո՝ 60 օրվա ընթացքում, օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի կրկնօրինակները պետք է ներկայացնեն Զբաղվածության պետական գործակալություն՝ հաշվառման:
Կարգի վերաբերյալ մանրամասնկարելի է տեղեկանալ սոցիալական ոլորտի 114 անվճարթեժ գծի և www.epension.am սոցիալական պորտալի «Առցանցխորհրդատուի» միջոցով:
Մեկնաբանել