HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեբեդ գետի ավազանը մաքրություն է հայցում...

Դեբեդ գետի ավազանի էկոլոգիական վիճակն արդեն միջազգային հնչեղություն է ստացել: Գետ են թափվում ավազանի բնակավայրերի կենցաղային աղբը, կոյուղաջրերը եւ արտադրական թափոնները:

Վանաձորի աղբահանությունն իրականացնում են «Սանմաքրում», «Կոմունալ ԱրՔ», «Սանաշխատանք» ընկերությունները: Ընկերությունների ղեկավարների հավաստմամբ իրենք կենցաղային աղբը տեղափոխում են Արջուտ գյուղին հարակից աղբավայր: «Կոմունալ ԱրՔ» ընկերությունը կենցաղային աղբի մյուս մասը կուտակում է Վանաձոր-Ալավերդի մայրուղու հարավային մասում: 800 քմ մակերես ունեցող տարածքն անմիջականորեն գտնվում է Փամբակ գետի ափին: Ընկերությունն այս տարվա մայիսին մրցութային կարգով վարձակալել է տարածքը, որտեղ ամիսը 10-15 անգամ բեռնաթափվում է կենցաղային աղբը, տեսակավորվում եւ վերամշակվում: Ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Նազարյանը փաստեց, որ իրենք երբեք աղբը գետը չեն լցրել:

«Հավանական է, որ քաղաքացիներն իրենք են իրենց մեքենաներով շինարարական ու կենցաղային աղբը գետը լցնում,- ավելացրեց գործադիր տնօրենը: Ինչ մնում է գետին հարակից մեր վարձակալած տարածքում կուտակած աղբին, պարզապես գարնանային հեղեղների ժամանակ, քամու դեպքում հնարավոր է կենցաղային աղբի հոսք դեպի գետ: Սակայն դա հազվադեպ է տեղի ունենում»:

Լոռու մարզի խոշոր բնակավայրերի կոյուղաջրերը նույնպես հոսում են գետ: Վանաձոր քաղաքի ողջ կոյուղին թափվում է գետ՝ ենթարկվելով միմիայն մեխանիկական մաքրման: 35 տարի առաջ շահագործման հանձնված մաքրման կայանում կապիտալ նորոգումներ գրեթե չեն եղել: Սարքերի մաշվածության պատճառով օրական կայան մտնող 22.000 խմ կեղտաջուրը գետ է լցվում առանց կենսաբանական եւ քիմիական մաքրման ենթարկվելու: Ըստ տնօրեն Ռուդիկ Մալխասյանի` կայանի ամբողջական գործարկման համար անհրաժեշտ է մոտ 34 հազար դոլարի ներդրում կատարել:

Ալավերդի քաղաքում կոյուղու մաքրման կայանն արդեն 15 տարի է չի գործում, ուստի կեղտաջրերը գետ են արտանետվում առանց մեխանիկական, կենսաբանական ու քիմիական մաքրման: 7 բազմաբնակարան եւ մի շարք սեփական տներ ունեցող Սանահին կայարանում բնակելիները զուրկ են ոչ միայն աղբարկղերից, այլեւ չունեն կոյուղու գործող համակարգ: Կենցաղային աղբն ու կեղտաջրերն ուղղակիորեն հայտնվում են գետում: Բնակիչներն այս հարցերով դիմումների պատասխանը մեկն է` համայնքի բյուջեում դրա համար միջոց չկա, նույնիսկ աղբարկղեր տեղադրելու համար: Ալավերդու Սարահարթ թաղամասի կոյուղաջրերը եւս, առանց մաքրման կայան մտնելու, խողովակներով վերից վար թափվում են գետ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը, Development Alternatives, Inc. (DAI) կազմակերպության հայտարարած «Համագործակցություն՝ Դեբեդ գետավազանի պահպանության նպատակով» դրամաշնորհի շրջանակներում, իրականացնում է երկամսյա ծրագիր: Կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել գետավազանն աղտոտող աղբյուրների հայտնաբերման ուղղությամբ: Վանաձոր եւ Քարկոփ համայնքների միջեւ ընկած տարածքում հաշվառվել է գետն աղտոտող 162 աղբյուր: Գետավազանն աղտոտվում են կենցաղային ու շինարարական աղբով: Վանաձոր քաղաքից մինչեւ Թումանյան, Ալավերդի, Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շրջակայքում գործունեություն իրականացնող առեւտրային եւ սպասարկման օբյեկտների կենցաղային աղբը եւ կեղտաջրեը անմիջականորեն լցվում են գետը: Գետն են լցվում նաեւ արտադրական ծագման կեղտաջրերը:

Արտադրական բնույթի աղտոտման աղբյուրների թվին են պատկանում Վանաձորի «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ՓԲԸ, Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ՓԲԸ, ինչպես նաեւ Ախթալայի «Մեթըլ Փրինս» ՓԲԸ, որոնց արտանետումները եւս թափվում են գետը: Վանաձորի «Պրոմեթեյ-քիմպրոմ» ՓԲԸ-ն ներկայումս չի գործում, ուստի առայժմ վտանգ չի ներկայացնում գետի էկոլոգիական վիճակի համար: Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ ամսական գետից վերցնում է 1000 խմ ջուր, որն օգտագործելուց հետո Ալավերդու ջրմուղ-կոյուղուց վերցրած 1500 խմ խմելու ջրի հետ միասին (ընդհանուր ծավալով 2500 խմ), կրկին վերադարձնում է գետ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ բնապահպանության նախարարություն հասցեագրած գրության պատասխանում հայտնվում է, որ Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը որպես ջրօգտագործող հաշվառված չէ: Հարցը կայանում է նրանում, որ պղնձի արտադրություն իրականացնող ընկերությունը պարզապես փոխել է իրավաբանական անվանումը (նախկինում կոչվում էր «Մանեքս-Վալեքս» ՓԲԸ, որի թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների վերաբերյալ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2003թ. հունվարի 1-ին), իսկ նոր իրավաբանական անվամբ, փաստացի նույն ընկերությունում թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաներ դեռեւս մշակված չեն: Այսինքն՝ ընկերությունը ջուրն օգտագործում է առանց իրավունքի: Ընկերության էկոլոգի հավաստմամբ՝ փաստաթղթերն առայժմ նախապատրաստական փուլում են:

Դեբեդի եւ նրա շրջակա միջավայրի ներկայիս վիճակն առաջին հերթին անդրադառնում է բնակչության առողջության վրա: Տարածաշրջանի տարբեր բնակավայրերում առանձին հիվանդություններ գերազանցում են միջին ցուցանիշները: Ալավերդու Կանանց կոնսուլտացիայի վարիչ Ռոզա Մաճկալյանն այն կարծիքին է, որ Ալավերդու ընդհանուր էկոլոգիական վիճակն իր ազդեցությունն է թողել նաեւ գենոֆոնդի վրա: Օրինակ` ամեն տարի Ալավերդիում գրանցվում է անեմիայով հիվանդ 45 հղի կին:

 

ՀՀ բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական Պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հասցեագրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նամակին ի պատասխան տեղեկացվել է, որ Դեբեդ գետի ոռոգման նպատակով կիրառումը եւս կարող է վնասակար ազդեցություն ունենալ: Այն հանգամանքը, որ կենցաղային եւ արտադրական հոսքաջրերը հիմնականում առանց նախնական-սպեցիֆիկ եւ կենսաբանական մաքրման ու առանց վնասազերծման թափվում են Դեբեդ գետը, գետի ջրերով ոռոգում կատարելը կարող է առանձին հիվանդությունների, վարակների աղբյուր հանդիսանալ աճեցված գյուղմթերքների միջոցով:

 

Նաիրա Բուլղադարյան

07/03

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter