HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրինա Հովհաննիսյան. «Իմ գոյությամբ այստեղ եղանակ եմ ստեղծում»

Արփինե Մինասյան

«Մենք մայրիկներով հավաքվեցինք, որպեսզի մեր երեխաների կյանքը ավելի լավը դարձնենք…Շատ ուրախ եմ, որ ինչ կատարվում է մեր համայնքում, որպես նախաձեռնող, գլխավոր դերերում ես եմ: Ուրախ եմ, որ իմ սեփական օրինակով կարողացել եմ կոտրել կարծրատիպը, թե տղամարդիկ ավելի հաջողակ են, քան կանայք: Կարծում եմ, որ իմ գոյությամբ այստեղ եղանակ եմ ստեղծում»:

Իրինա Հովհաննիսյանը կրոնագետ է, ինչպես նաեւ՝տնտեսագետ-մենեջեր: Աշխատել է «Հայաստանի հեռախոսային ցանցեր» (այժմ՝ «ԱրմենՏել») ընկերությունում որպես կադրերի բաժնի ղեկավար, այնուհետեւ՝ ինֆորմացիոն դատաբազաների մենեջեր, եղել է Ճամբարակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, այնուհետեւ ընտրվել է համայնքի ավագանու անդամ:  

Իրինան պատմում է, որ որպես աշխատակազմի քարտուղար հետամուտ է եղել ավագանու դերի բարձրացմանը, մասնավորապես՝ նիստերից մեկի արձանագրությունը չի կազմել այնքան ժամանակ, քանի դեռ ավագանու բոլոր անդամները նիստին չեն ներկայացել՝ քվորում ապահովելով: Այդ նախադեպից հետո ավագանու անդամները բոլոր նիստերին ներկայացել են: Գտել է դոնոր կազմակերպություններ, որոնք աշխատել են ՏԻՄ-երի զարգացման ուղղությամբ: Տարեկան 3-4 կամավորի վերապատրաստման է ուղարկել, նրանցից 2-ը պարտադիր կանայք են եղել:  

Ասում է, որ «Հայաստանի հեռախոսային ցանցեր»-ից դուրս գալը սկզբունքային հարց էր. այդ ժամանակ մի խումբ մայրիկների հետ ստեղծել էր հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների շահերի պաշտպանությամբ եւ ներառմամբ զբաղվող «Աստղացոլք» ՀԿ-ն եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը խանգարում էր աշխատանքին: 

«Մի բան է, երբ ունես առաջնորդական հմտություններ, մեկ այլ բան, երբ դրանք ուզում ես զարգացնել՝ հասնելով պրոֆեսիոնալ մակարդակի: Ունեմ սեփական բիզնես, որը նույնպես օրինակ է: Ժամանակին խնդիր կրող անձ էի եւ կարող էի «Աստղացոլքի» շահառու լինել: Հաղթահարել եմ բոլոր բարդույթները եւ սկսել եմ ինչ-որ բան անել»,-պատմում է «Աստղացոլք» ՀԿ-ի ղեկավար եւ հիմնադիր Իրինա Հովհաննիսյանը։  

2003թ.-ից «Աստղացոլքը» զբաղվում է երեխաների շահերի պաշտպանությամբ, իրականացնում ցերեկային խնամքի ծրագրեր, զարգացնում ծնողավարության դպրոցը, զբաղվում սոցիալական ձեռներեցությամբ, մշակում ներառական մանկապարտեզի ստեղծման ծրագիր, խթանում նորարարական ծառայությունների զարգացմանը տարածաշրջանում՝ զարգացնելով մոբիլ մանկապարտեզների համակարգի գաղափարը՝ նպատակաուղղված փոքր գյուղական համայնքներում երեխաների նախադպրոցական կրթություն ստանալուն: Աշխատում է հաշմանդամություն ունեցող 47 երեխաների, 60-ից ավել երիտասարդների եւ պատանիների, 20-ից ավել մայրերի հետ: 

«Քլեյ հաուս» եւ խեցեգործություն

«Այս ծրագիրը գյուղական համայնքների խոցելի խմբերի զբաղվածության ապահովմանն է ուղղված: Հասկացել ենք, որ ճիշտը համայնքային ռեսուրսների վրա բիզնես հիմնելն է, այդ պատճառով ընտրել ենք խեցեգործությունը: Առանց հումքի համար գումար վճարելու ձեռնարկություն ենք զարգացնում։ Ճամբարակը հարուստ է կավի 3-4 տեսակներով»,-պատմում է Իրինա Հովհաննիսյանը։ Ծրագրի մասնակիցների առումով արդյունքը սպասվածից ավելին էր: 18-30 տարեկան 30 երիտասարդից 20-ը յուրացրել է խեցեգործության հմտությունները: Ծրագրին մասնակցելու համար ամեն օր նոր դիմումներ են ստանում: Նրանց են միացել նաեւ 9-րդ դասարանն ավարտածները, որոնք սոցիալապես անապահով եւ դպրոցում թույլ առաջադիմություն ունենալու պատճառով չեն կարողացել դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իրինայի խոսքով՝ նրանք հակված են արվեստի գաղտնիքները բացահայտելուն: Շահառուներն են ինչպես հաշմանդամություն, այնպես էլ առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաները: 

«Խեցեգործությունն արվեստ է, որը 2-3 ամսում հնարավոր չէ յուրացնել: Մարդիկ պիտի զգան կավը: Դա մեխանիկական աշխատանք չէ՝ համակարգչի մոտ նստած, որ ցանկացած մարդ կարողանա անել: Մենք ամեն անգամ նոր բաներ ենք սովորում, բացահայտում ենք կավի բնավորությունը»,-պատմում է նա:

Արվեստագետներից մեկին 3 խումբ էսքիզներ են պատվիրել: Առաջին խմբաքանակը կվաճառեն Ջերմուկում, 2-րդը՝ Սեւանում: 3-րդ խմբաքանակը ներառում է հայկական զարդանախշեր եւ տարազներով տիկնիկներ: Ստեղծում են իրենց բրենդին համապատասխան բացառիկ էսքիզներ: Իրինա Հովհաննիսյանը ոգեւորված է արտադրանքի սպառումից:

«Սկիզբը խոստումնալից է, մինչեւ ծրագրի ավարտը արտադրանքը իրացնում ենք»,-ասում է նա:  

«Սեյվ դը չիլդրենի» կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում ստանալով 1-ին պատվերը՝ պատրաստել են «Քույրիկ եմ ուզում» գրվածքով սառնարանի մագնիսներ: «Քլեյ հաուս» ծրագիրը մեկնարկել է 2016թ. փետրվարի 1-ին, ֆինանսավորվում է ԵՀԽ հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի Պրիմ համայնքային զարգացման հիմնադրամի միջոցներով: Այս տարվա հուլիսի 1-ից իր դռներն է բացել նաեւ «Քլեյ հաուս» սոցիալական ձեռնարկությունը: Ծրագիրն ավարտվում է այս տարվա օգոստոսի սկզբին: Իրինա Հովհաննիսյանը նշում է, որ ծրագրի ավարտից հետո ինքնաֆինանսավորմամբ են աշխատելու: 

«Լայֆ» սրճարան

Ճամբարակի միակ սրճարանն աշխատում է ժամը 12-ից մինչեւ 17:00. այցելուները քիչ են, ուշ ժամի էլ մարդ չի գնում: Իրինան ասում է, որ համայնքում սրճարան գնալու մշակույթ ձեւավորված չէ: Այցելուները հիմնականում դպրոցահասակ երեխաներն են եւ երիտասարդները: Այն դարձել է տարբեր միջոցառումների, ծնունդների, դպրոցական հավաքների անցկացման վայր: Այս պահին 3 աշխատող կա, որից 2-ը հաշմանդամություն ունեցող են:

«Ռազմավարությունը գրելիս մեր ուժեղ կողմը նշել էինք, որ մրցակից չունենք, բայց ավելի լավ էր ունենայինք, թեկուզ թույլ մրցակից, որ մարդիկ համեմատելու հնարավորություն ունենային»,-նշում է ՀԿ-ի ղեկավարը:

«Լայֆ սրճարան» սոցիալական ձեռնարկությունը «Աստղացոլք» ՀԿ-ն ստեղծել է 2014թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով (LIFE)» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Ցերեկային խնամքի կենտրոն 

Այս կենտրոնը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի զարգացմանը եւ սոցիալականացմանը: Իրինա Հովհաննիսյանի խոսքով՝ այն հաճախ անվանում են ցերեկային զարգացման կենտրոն, որտեղ տարբեր խմբակների հաճախում են նաեւ հաշմանդամություն չունեցող երեխաները: Կենտրոնում կարեւորում են ներառման սկզբունքը: Հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախում են գեղարվեստական թերապիայի, ձեռագործության խմբակների, որտեղ նրանց հետ հոգեբան է աշխատում: Կենտրոն հաճախում է 50-ից ավել դպրոցահասակ երեխա՝ շաբաթական 3 անգամ, 1,5-2 ժամով: Մեկանգամյա սնունդ՝ հաց, պանիր, կարագ, մեղր, կաթ տրվում է կենտրոն հաճախող ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներին:  

Ծնողավարության դպրոց 

2014-ից ճամբարակցի մայրերի մոտ զարգացնում են ընտանեկան բռնություններից զերծ մնալու, երեխաներին դրանցից հեռու պահելու, սթրեսի չենթարկելու, բռնության դեպքում համապատասխան կառույցների դիմելու, աշխատանք փնտրելու, CV (ինքնակենսագրություն) գրելու, աշխատատեղի համար համապատասխան կեցվածքով տնօրենին ներկայանալու եւ այլ կարողությունների զարգացման հմտություններ:

«Սա մայրիկների կողմից շատ ընդունված ծրագիր է: Դարձել է մայրիկների ինքնակազմակերպվող խումբ: Հայրիկների սահմանափակում չենք դնում, բայց այնպես է ստացվում, որ նրանք աշխատանքի պատճառով չեն կարողանում մասնակցել»,-ծնողավարության դպրոցի մասին է պատմում Իրինան: Գործում է նաեւ «Մայրիկների ակումբ», որտեղ շաբաթը 1 կամ 2 անգամ նրանք սեփական փորձը փոխանցում են մյուսներին: Ծնողավարության դպրոց հաճախում է հիմնականում 20 մայրիկ, որոնք իրենց հերթին դասընթացներ են անցկացնում մյուս մայրերի հետ: 

Իրականացվելիք ծրագրեր

ՀԿ-ն այս պահին դոնորներ է փնտրում պիլոտային մոբիլ մանկապարտեզներ ստեղծելու ծրագրի համար: Համակարգը ներդրվելու է Ճամբարակի փոքրաթիվ համայնքներում՝ լուծելով երեխաների նախադպրոցական կրթության հարցը:

«Մասնագետների նույն թիմը նույն օրում կարող է մտնել մի քանի համայնք: Նորարարությունը դա է: Սա շատ մատչելի տարբերակ է ՏԻՄ-երի համար: Ենթադրվում է ստեղծել մի կենտրոն, որը կկազմակերպի այդ ամենը, որին կվճարեն համայնքները, կենտրոնն էլ իր հերթին կվճարի մասնագետներին: Եթե սովորական տիպային մանկապարտեզ պահելու համար նվազագույն ծախսը ամսական կես միլիոնից ավել է, այս դեպքում 100-150 հազար դրամ է»,-ասում է ՀԿ-ի ղեկավարը: Մշակվելու են կրթական մոդուլներ, ամեն ինչ համապատասխանեցվելու է ԿԳՆ-ի հետ:

Ձորավանք եւ Կալավան գյուղերում «Հայկական Կարիտաս»-ի  ֆինանսավորմամբ գյուղկոոպերատիվ են ստեղծում: Այս պահին ընտանիքների կարողությունների զարգացմանը միտված դասընթացներ են անցկացվում: Գյուղատնտեսության նորարարության զարգացման, նորարար տեխնոլոգիաների կիրառման հմտությունները սովորեցնելուց հետո ընտանիքներին նյութական աջակցություն է տրամադրվելու: «Ճիշտ է այս պիլոտային ծրագիրը սկսել փոքր համայնքներից, որպեսզի բոլոր ընտանիքները ներգրավվեն: Այն ներկայացրել ենք Գյուղատնտսության նախարարությանը որպես գյուղատնտեսության զարգացման այլընտրանք, քանի որ կարծում եմ, որ նախարարության ներկայիս քաղաքականությունը բավարարում է ոչ բոլոր համայանքների բնակիչներին»,-ասում է Իրինան:

Լուսանկարները՝ Իրինա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Irina
Дорогой Тигран, благодарю за интерес к нашей организации и продукции. Пожалуйста, ищите нас на благотворительных ярмарках. Мы будем с вами на связи по указанному имейлу. О периодической же деятельности организации Асхацолк, мы постоянно рассказываем на нашей страничке в facebook.
Тигран
как и чем могу помоч вашей организации? где можно купить вашу продукцию? если можно, напишите, пожалуста на [email protected]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter