
Ձերբակալվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը
Այս գիշեր՝ հուլիսի 27-ին, ժամը 2-ի սահմաններում Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը Խորենացի փողոցից ընտանիքի հետ տուն վերադառնալիս ձերբակալվել է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիմնադիր խորհրդարանը:
Ըստ հաղորդագրության՝ նրա ճանապարհը փակել են երկու սև մեքենաներ, որոնցից դուրս են եկել մոտ 8-10 քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, հարձակվել Միքայելյանի վրա և բռնի ուժ կիրառելով առևանգել նրան՝ նստեցնելով մեքենան և տանելով անհայտ ուղղությամբ։
Առավոտյան ժամը 6-ին Արմեն Միքայելյանը զանգահարել է կնոջը և տեղեկացրել, որ գտնվում է Ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում։ Այնուհետև նրան տեղափոխել են Էրեբունու ՁՊՎ։ Կինը հանդիպել է նրան առավոտյան ժամը 11-ի սահմաններում։ Արմենը տեղեկացրել է, որ գիշերը առևանգելիս նրան ձեռնաշղթաներ են հագցրել և գրպանը զենք են գցել՝ հակառակ իր կամքին։
Արմեն Միքայելյանի կինը Հիմնադիր խորհրդարանին տեղեկացրել է, որ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235 հոդվածով:
Արմեն Միքայելյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է Երվանդ Վարոսյանը:
Մեկնաբանել