«Մտավորական» հասկացությունը հստակ սահմանված չէ
Վրացի գրող եւ գրականագետ, «Արիլի» գրական ամսագրի խմբագիր Մալխազ Խարբեդիան պատասխանում է Հրաչ Բայադյանի հարցերին:
Գրողի հասարակական դերը. Վրաստանում այսօր այդպիսի բան կա՞: Եթե այո, ապա ինչպե՞ս կնկարագրեք այն:
Սկսած 19-րդ դարից, Վրաստանում ձեւավորվել է գրողի` որպես ազգային հերոսի, մի տեսակ դրոշակակրի դերը: Այդ պատճառով մինչեւ համարյա 20-րդ դարի վերջը ամբողջ վրացական գրականությունը եւ գրականագիտությունը խստորեն գաղափարաբանացված էր: Բանասիրությունն ավելի շատ զբաղվում էր գրողի եւ պատվիրատուի (հասարակություն եւ այլն) մտադրություններով, քան որոշակի տեքստերով: Դա մեծապես ազդեց ժամանակակից վրացական գրականության վրա, այսինքն ունեցավ հակառակ ազդեցությունը, քանի որ, երիտասարդ վրացի գրողները հիմնականում զբաղված են ինչ-որ ոճական խաղերով: Մի կողմից` տեքստերը դարձել են ավելի հերմետիկ, իսկ մյուս կողմից` ավելի պարզունակ (պատումի, նարատիվի տեսանկյունից): Իմ կարծիքով ժամանակակից Վրաստանում գրողի հասարակական դերն աննշան է, քանի որ կան գրողներ, որոնք վայելում են կառավարության ողորմությունը եւ բարձրաձայնում են ղեկավարության կամքը` հույսը դնելով գրողի ավանդական, ընդհանուր առմամբ` պատրանքային, հասարակական ազդեցության վրա: Եւ կան գրողներ, որոնք խույս են տալիս հասարակական-քաղաքական խնդիրներից: Ցավոք այժմ, ընտրություններից առաջ, Վրաստանում ակտիվորեն ընթանում է ՙգրողներին՚ քաղաքական խմբավորումների կցելու գործը:
Կուզենայի իմանալ, թե արդյո՞ք Վրաստանում պակասել է գրող եւ թարգմանող հեղինակների թիվը համեմատած խորհրդային ժամանակաշրջանի հետ, շարունակո՞ւմ են իրենց գոյությունը գրական-գեղարվեստական հանդեսները, առաջ եկե±լ են նորերը:
Թարգմանական գործը դանդաղել է: Թարգմանիչների վրացական կոլեգիան գործնականում կորցրել է իր գործառությունը: Սակայն ի հայտ են եկել մի շարք գրական հրատարակություններ, որոնք ընթերցողին ծանոթացնում են ազգային եւ համաշխարհային գրականության հետ£ Մասնավորապես, ես «Արիլի» ամենամսյա հանդեսի եւ «24 ժամ» շաբաթաթերթի երկու հավելվածների («Գրականություն» եւ «Գրքերի տեսություն») խմբագիրն եմ, որոնցում տպագրվում են ժամանակակից վրացի եւ արտասահմանյան (այդ թվում` կովկասյան տարածաշրջանի) գրողների ստեղծագործություններ:
Ձեր կողմից նկարագրված գրական իրավիճակը շատ բանով նման է հայաստանյան իրադրությանը: Այս առումով կարո՞ղ ենք խոսել մշակույթի ասպարեզում հիմնարար փոխակերպման ընդհանուր ետխորհրդային միտումի մասին. մշակույթի առեւտրայնացում, գլոբալացում (եթե օգտագործենք մոդայիկ բառը) եւ այլն:
Հավանաբար, այո: Բայց որոշ ետխորհրդային հանրապետություններ այս առումով ինքնորոշվել են: Այդ բանի հաստատումն է անցյալ տարվա Ֆրանկֆուրտի տոնավաճառը` նվիրված ժամանակակից լիտվական գրականությանը:
Արդյոք Վրաստանում կա՞ նոր գրական եւ առհասարակ` մշակութային քննադատություն, որը գիտակցում է ինքն իրեն որպես ետխորհրդային: Արեւմտյան ի՞նչ փիլիսոփայական ուղղություններ, քննադատական եւ մեթոդաբանական ի՞նչ մոտեցումներ են որդեգրվել քննադատների կողմից:
Այո, կա, բայց մի քիչ մշուշոտ է: Վրացական մշակութային քննադատությունը ավելի մեծ ուշադրություն է հատկացնում արեւմտյան հասկացությունների թարգմանությանը: Փիլիսոփայական հոսանքների կամ քննադատական եւ մեթոդաբանական մոտեցումների առումով Վրաստանում մեծ խառնաշփոթ է տիրում: Օրինակ` մեզ մոտ չկան հետեւողական դեկոնստրուկտիվիստներ, նոր իստորիցիստներ, պոստ-մոդեռնիստներ եւ այլն: Բայց այդ ամենը դարձել է վրացական մշակույթի մի մասը, եւ ամեն ոք ըստ անհրաժեշտության գործածում է մոդայիկ դարձած հասկացությունները:
Չնայած այն բանին, որ գրողի դերը նվազել կամ փոխվել է, թվում է, հրատապ է մնում մտավորականի եւ իշխանության փոխհարաբերությունների հարցը: Ի՞նչ մեկնաբանություններ կանեիք այս կապակցությամբ:
Այո, մեզ մոտ այդ թեման բազմիցս քննարկվել է: Բայց, թվում է, թե Վրաստանում, թե Հայաստանում «մտավորական» հասկացությունն ինքը բավարար հստակությամբ սահմանված չէ:
Ի՞նչ եք կարծում, տեսական եւ քննադատական մտածողության մեջ կա՞ արդյոք խորհրդային ժառանգության հաղթահարման անհրաժեշտություն: Այդ բանն անելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:
Մենք պետք է հաղթահարենք խորհրդային գաղափարաբանական ժառանգությունը£ Դրա համար, հավանաբար, պետք է ավելի շատ բնագրից ազգային լեզուների թարգմանել արեւմտյան տեսաբանների դասական տեքստեր: Հասկացությունների սահմանումը այդ ժառանգության հաղթահարման գլխավոր պայմանն է:
Հարցազրույցը տեղի է ունեցել «Կովկասի լրագրողների ցանցում»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել