
Գյումրեցիները «դեղին քարտ» են ցույց տալիս ոստիկանությանը
Երեւանում երեկ՝ կեսգիշերից հետո եւ այսօր՝ ողջ օրվա ընթացքում, ոստիկանության կողմից իրականացվող զանգվածային ձերբակալություններին ի պատասխան՝ Գյումրիում տեղի ունեցավ անհնազանդության ակցիա: Խնդրով մտահոգ գյումրեցիները նախ հավաքվեցին Թատերական հրապարակում, այնուհետեւ կարճ ժամանակով փակեցին քաղաքի բանուկ երթեւեկություն ունեցող Սայաթ-Նովա փողոցը: Ակցիայի մասնակիցները ձեռքում պահել էին դեղին թղթեր:
«Մենք հիմա դեղին քարտ ենք ցույց տալիս երեկ ոստիկանության կողմից կատարված ապօրինի ձերբակալություններին եւ զենքի կիրառմանը ՊՊԾ գնդի տարածքում: Մենք հույս ենք հայտնում, որ բոլոր անմեղ քաղաքացիները շատ արագ ազատ կարձակվեն, այդ թվում եւ մեր համաքաղաքացի Լեւոն Բարսեղյանն, ով ձերբակալվել է 72 ժամով: Հույս ունենք, որ քրեական գործ չի հարուցվի եւ առավել քան վստահ ենք, որ շինծու գործ է էս ամբողջը:- նշեց հավաքի մասնակիցներից Կարեն Պետրոսյանը,- Սա մեր առաջին նախազգուշացումն է, որը դրսեւորվեց դեղին քարտերի տեսքով, մենք հույս ենք հայտնում, որ խոհեմ կլինեն, եւ գործը չի հասնի կարմիր քարտ ցույց տալուն»:
Այսօր տեղի ունեցածը կարճ ակցիա էր, սակայն դրանք լինելու են շարունակական եւ գուցե ունենան այլ դրսեւորումներ: Գյումրեցիները պատրաստվում են ամեն օր հավաքվել Թատերական հրապարակում, անցկացնել հանրային քննարկում եւ ըստ ստեղծված իրավիճակի էլ՝ հենց տեղում որոշել հետագա քայլերը: «Մենք այս ակցիայով ցույց տվեցինք, որ խստորեն դատապարտում ենք ապօրինի ձերբակալությունները եւ օրենքի շրջանակներում արտահայտեցինք մեր ըմբոստությունը»:
Լուսանկարը` Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել