HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիշում են ընտրությունից ընտրություն»

Լուսինե Բուդաղյան

Մայիսի 9–ին եւ 10–ին Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր քարոզարշավն անցկացրեց Շիրակի մարզում։ Հանրապետականներին շիրակցիները ընդունեցին աղուհացով, զուռնա–դհոլով, երգ ու պարով։ Ամենուր կուսակցությանը սատարող պաստառներ էին փակցված, իսկ եռագույններն ու մտքին եւ բազկին ապավինող ցուցապաստառները ողողել էին տեղի հրապարակները։ Մարալիկում թեեւ հանրապետականների հետ ժողովրդի հանդիպումը դահլիճում էր նախատեսված, բայց բնակիչներից ոմանք գերադասում էին անձամբ տեսնել կուսակցական ցուցակի առաջնորդներին` կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։

Դահլիճից հնչող դժգոհությունները կուսակցության լիդերները բնական էին համարում, միաժամանակ դժգոհողներին առաջարկելով ձեռքները դնել սրտներին եւ ասել՝ հիմա՞ է մեր վիճակը լավ, թե՞ 95–ին: «Եթե այն տարիներին էր լավ, մենք վարչապետի հետ վեր կենանք այստեղից գնանք»,– շարունակեց Ս. Սարգսյանը։

Վարչապետ Ա. Մարգարյանի ելույթի ժամանակ մարալիկցիները բարձրացրին խմելու, ոռոգման ջրի, աշխատատեղերի բացակայության հարցերը։ Լյովա Հովհաննիսյանը հուսահատված է ու չի հավատում ոչ մի կուսակցության. «Մեզ կհիշեն միայն ընտրությունից ընտրություն։ Կուգան սուտ խոստումներ կուտան ու կերթան, մեկ էլ 4–5 տարի նորից կուգան։ Մենք ոչ մեկին էլ չենք հավատում։ Կոռուպցիան, ոռոգման, խմելու ջրի հարցը խեղդել է մարալիկցուն։ Այսօր շտապօգնության մեքենան 5 լիտր բենզին չունի, որ հիվանդին տեղափոխի հիվանդանոց։ Գյուղում արդեն 5–րդ մարդը մահանում է, չեն հասցնում բուժօգնություն ցուցաբերել։ Էսօր մեկ մարդուն 1 կուսակցություն է հասնում։

Ով էլ կգա, կսի լավը մենք ենք, մեզի ընտրեք ու որպես ազգիս փրկիչներ կուգան ու կերթան, բայց մեր վիճակը նույնը կմնա»։ ԱԺ ընտրություններում բուռն պայքար ծավալած կուսակցությունների նկատմամբ հավատը կորցրել էր նաեւ Գեւորգ Հարությունյանը։ Նրա խոսքերով, ինքը հիասթափված է այս ապրուստից, իշխանությունների տված ու չարած խոստումներից. «56 տարեկան մարդ եմ, բայց ընտանիքս պահելու համար ես էլ եմ պատրաստվում գնալ Ռուսաստան՝ աշխատանքի։ Մեր մարզի երիտասարդների 70%–ն այսօր դրսում է եւ հույս էլ չունենք, որ կվերադառնան»:

Կուսակցությունը հանդիպումներ ունեցավ նաեւ Արթիկում, Երազգավորսում, Ամասիայում, Աշոցքում, Վարդաքարում։ Վերջինիս բնակիչները բարձրացրին իրենց գյուղի կիսափուլ կամրջի եւ դեռեւս 1964թ. կառուցված փայտե հատակ եւ առաստաղ ունեցող դպրոցի հարցերը։ Ի դեպ, մինչ օրս դպրոցը ոչ մի անգամ չի վերանորոգվել։ Կամրջի մասին հարցին հետեւեց վարչապետի հանձնարարականը Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանին։ Մարզպետը պարտավորվեց մեկ շաբաթվա ընթացքում մարզի վթարված կամուրջների ցանկը ներկայացնել կառավարությանը։ ՀՀ վարչապետի հավաստմամբ, հանրապետության բոլոր գյուղերի քանդված կամուրջների վերանորոգման ծախսերը հոգալու է պետությունը։

Վարդաքարցի Գոհար Պողոսյանը հանրապետականների հետ հանդիպման էր եկել իր նամակը վարչապետին հանձնելու համար. «Գրել եմ, որ փողով օգնի։ Մեկ տղա ունեմ, 3 թոռ, բայց ապրելու հնարավորություն չունեմ։ Տունս կիսակառույց է»։ Այս կնոջը նույնիսկ չէր էլ հետաքրքրում, թե ո՞ր կուսակցությունն է իրենց գյուղ քարոզարշավի եկել։ Վարդաքարում ՀՀԿ նախագահը խոստացավ մինչեւ 2007 թվականը ուսուցիչների աշխատավարձը, թոշակառուների թոշակները բարձրացնել կրկնակի կամ գոնե 70%–ով։ Սոցիալ–տնտեսական խնդիրներ այս մարզում էլ շատ կային ու չեն լուծվում։

Այդ մասին վկայում էին մարզի բնակիչների նամակները՝ հղված կուսակցության լիդերներին։ Մեր այցելած բնակավայրերում ընտրազանգվածի հիմնախնդիրները գրեթե նույնն էին։ Տեղաբնակները բողոքում էին, որ մարզում չի իրականացվում հեռախոսա եւ գազիֆիկացման ծրագիր։ Արթիկի բնակիչ Սամվել Աբրահամյանը թեեւ ծանոթացել էր հանրապետականների ծրագրի դրույթներին, բայց դժվարացավ գնահատական տալ. «Բոլորն էլ ասում են ամենալավը մենք ենք, բայց նաեւ գործով պիտի ապացուցեն»։

Գյումրիում հանրապետականները իրենց ընտրվելու գլխավոր «խաղաքարտը» համարեցին այն, որ այսօր գյումրեցիների մեծ մասը նոր բնակարաններ ունի, որ աղետի գոտին այսուհետ կկոչվի զարգացման գոտի։ Այլ կարծիքի էր գյումրեցի Համլետ Գեւորգյանը. «Շատ գյումրեցիներ դեռեւս դոմիկների մեջ են բնակվում։ Կարծես Գյումրին Հայաստանի քաղաքներից չլինի։ Հույս ունենք, որ գոնե խորհրդարանական ընտրություններից հետո մեր քաղաքն էլ կմտնի Հայաստանի կազմի մեջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter