HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձագանքել են «Հետքի» հրապարակմանը

«Հետքն» անդրադարձել էր 25-ամյա Լենա Հարությունյանի երեխայի պատմությանը, որտեղ վերջինս պատմել էր, որ իր երեխային ԱՄՆ քաղաքացի Կարեն Հարությունյանը վերցրել է և թույլ չի տալիս կերակրել նրան: Երեխային մայրական կաթով կերակրելու խոչընդոտները վերացնելու և երեխային մորը հանձնելուն պարտավորեցնելու պահանջով դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառվել՝  պարտավորեցնելով Կարեն Հարությունյանին մորը՝ Լենային թույլ տալ կերակրել երեխային: «Հետքի» խմբագրություն էր դիմել Լենան և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը՝ խնդրելով իրենց հետ այցելել Սայաթ-Նովա 12 հասցե, որտեղ բնակվում են Կարեն Հարությունյանն ու իր կինը և ներկա գտնվել կերակրման ընթացքին, որպեսզի չխոչընդոտվի Լենայի իրավունքը: «Հետքն» այցելել էր նշված հասցե՝ հույս ունենալով նաև տեղում պարզաբանումներ ստանալ Կարեն Հարությունյանից: Սակայն բնակարանի դուռն այդպես էլ չբացվեց ոչ Լենայի, ոչ էլ մեր առաջ:  «Հետքը» հրապարակումից առաջ փորձել էր նաև հեռախոսով կապ հաստատել Կարեն Հարությունյանի հետ և պարզաբանումներ ստանալ նրանից: Սակայն Կարեն Հարությունյանը հեռախոսազանգերին ևս չէր պատասխանել: Ավելի ուշ նա և իր կինը՝ Անետ Զաքարյանը այս պատմության առնչությամբ որոշակի պարզաբանումներ են ներկայացրել խմբագրություն, որն ամբողջությամբ հրապարակում ենք ստորև.

«20.07.2016թ.-ին www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակվել է «Նորածնին մորը չեն վերադարձնում և թույլ չեն տալիս կրծքով կերակրել նրան» հոդվածը, որտեղ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելով, մեր՝ Կարեն Կառլենի Հարությունյանիս և Աննետ Հմայակի Զաքարյանիս հասցեին ակնհայտ անհիմն մեղադրանքներ ներկայացվելով, արատավորել է մեր պատիվն ու արժանապատվությունը:

Իրականում, սույն պատմության օբյեկտիվ իրականությունը կայանում է հետևյալում. Լենա Հարությունյանը 2015 թվականին կեսերին իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Կարեն Հարությունյանիս հետ և ի սկզբանե տեղյակ լինելով, որ կնոջս՝ Աննետ Զաքարյան հետ երկար տարիներ երեխա չենք ունենում, առաջարկել է, որպեսզի համատեղ երեխա ունենանք, իսկ երեխայի ծնվելուց անմիջապես հետո կհանձնի մեր խնամքին ու դաստիարակությանը: Հաշվի առնելով, որ չցանկացանք բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենանք, Լենան առաջարկեց որպեսզի վերջինիս տրամադրեմ իմ սերմնահեղուկը և ինքն իր նախաձեռնությամբ արհեստական եղանակով կհիղիանա: Պայմանավորվածության համաձայն վերջինին եմ հանձնել իմ սերմնահեղուկը՝ հղիության գործընթացը սկսելու նպատակով: Քանի որ Լենան է իրենց իսկ տանը կատարել բեղնավորման գործընթացքը, հետևաբար վերջինս չէր կարող չիմանալ, որ օգտագործվել է իր ձվաբջիջը, և ոչ թե այլ անձի, ինչպես որ նշված է հոդվածում: Այսինքն, բացարձակ սուտ են Լենայի հայտնած տեղեկություններն այն մասին, թե իր նկատմամբ արհեստական սերմնավորման փորձերը կատարվել են Կարեն Հարությունյանի փաստացի կինը հանդիսացող Աննետ Զաքարյանի կողմից:

Հարկ է նշել, որ մինչ Լենայի ծննդաբերելը եղել ենք նորմալ հարաբերությունների մեջ և ինչպես մինչև ծննդաբերելը՝ հղիության ամբողջ ընթացքում, այնպես էլ՝ ծննդաբերելուց հետո՝ մեկ շաբաթ, հոգ եմ տարել նրա և մասին: 23.06.2016թ.-ին ծնվել է մեր երեխան, որին ի սկզբանե որոշել էինք կոչել՝ Արտեմ անունով: Երեխայի ծնվելուց հետո, ըստ բժշկական փաստաթղթերի, Լենան հրաժարվել է երեխային մայրական կաթով կերակրելուց, և վերջինս միշտ սնվել է արհեստական կաթնախառնուրդով: Հիվանդանոցից դուրս գրվելիս, ի սկզբանե պայմանավորվածության համաձայն, երեխան հանձնվել է իմ խնամքին, իսկ Լենան նստելով տաքսի ավտոմեքենա, մոր և եղբոր հետ գնացել են իրենց տուն: Հետևաբար բացարձակ սուտ է Լենայի հայտնած տեղեկություններն այն մասին, որ Կարեն Հարությունյանս, կարողացել եմ համոզել իրեն, խնամեմ երեխային մինչև ինքը ապաքինվի ու դուրս գրվի հիվանդանոցից, քանի որ երեխան ու Լենան դուրս են գրվել նույն օրը և նույն ժամին և ցանկության դեպքում՝ Լենան կամ իր մայրը կարող էին երեխային տանել իրենց հետ:

 Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կապ եմ հաստատել Լենայի հետ, որպեսզի կարգավորենք փաստաթղթային խնդիրները և վերջինս հայտնել է. որ միասին գնանք ՔԿԱԳ համապատասխան բաժին՝ հայրությունը ճանաչելու, որին ես համաձայնվել եմ: Այնուհետև՝ տեղեկացել եմ, որ Լենան, ինձանից գաղտնի գնացել է ՔԿԱԳ մարմին և կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով գրանցվել որպես միայնակ մայր, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 17- րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» կետով սահմանված կարգով, երեխայի հոր ազգանունը գրառվել է մոր ազգանվամբ՝ «Հարությունյան», հոր անունը ՝ մոր ցուցումով «Հովսեփ», իսկ երեխայի անունը «Սամվել»:

Զրպարտություն է Լենայի հայտնած սուտ, մեր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններն այն մասին, թե իբրև Աննետ Զաքարյանը տվել է սխալ ցուցումներ, ինչի հետևանքով հղիության վերջին շրջանում խնդիրների են առաջացել Լենայի մոտ, որ նա գեր քաշ է ստացել և առաջ են եկել երիկամային խնդիրներ: Արդյունքում ստիպված ժամանակից մեկ ամիս շուտ բարդ վիրահատությամբ նա ծննդաբերել է, տևական ժամանակ եղել է անկողնային ռեժիմում՝ երիկամների դեմ բուժում ստանալով: Հարկ է նշել, որ հղիության առաջին իսկ օրվանից Լենան գտնվել է բժիշկների անմիջական հսկողության տակ և գործել է բացառապես բժիշկների ցուցումներով»:

Մեկնաբանություններ (1)

Նորա
Տխուր պատմություն։ Կարևորը որ երեխան ապրի բարեկեցիկ ընտանիքում։ Ինչ էր ակնկալում Լենան երբ որոշեց երեխա ծննդաբերել այդ մարդկանց համար. գումաը? ԱՄՆ ում ապրելու հնարավորություն? ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter