
Հայաստանի խոշոր հարկատուները. ոմանց թռիչքն ու ոմանց վայրէջքը
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջին երկու փոփոխությունները, որ աչքի են ընկնում, «Գրանդ Տոբակո» և «Թեղուտ» ընկերությունների թռիչքային աճն է։
Այս տարվա առաջին կիսամյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին պետբյուջե են վճարել 346,705 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 6,7%-ով։
Հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (տես ինֆոգրագիկան)։ Թռիչքային աճի արդյունքում երկրորդ տեղում է հայտնվել ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը։ Ծխախոտի արտադրությունը ներկայում Հայաստանի արդյունաբերության ոլորտում ամենաարագ տեմպերով զարգացող ճյուղն է։ Այս տարվա հունվար-մայիսի տվյալներով՝ ՀՀ մշակող արդյունաբերության շուրջ 16%-ը զբաղեցրել է ծխախոտի արտադրությունը։ Ավելի վաղ անդրադարձել ենք վերջին տարիներին ծխախոտի արտադրության ու արտահանման աճին:
Եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որը 2015-ի առաջին կիսամյակում ևս երրորդ տեղում է եղել։ Զգալի է նաև «Թեղուտ»-ի աճը, որն այս անգամ չորրորդ տեղում է։ «Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի» մեկնարկը տրվել է 2014-ի տարեվերջից: Դրանով պայմանավորվախծ՝ վերջին մեկուկես տարում ընկերությունը բարելավել է դիրքերը խոշոր հարկատուների ցանկում։
Հաջորդում է «Ալեքս Գրիգ»-ը, որն այս կիսամյակ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում։
Վեցերորդ տեղում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն է («Զվարթնոց» օդանավակայան)։Այս ընկերությունը ևս զգալիորեն բարելավել է դիրքերը, քանի որ 2015-ի առաջին կիսամյակում 25-րդ տեղում է եղել։ Խոշորների ցանկում ընկերության առաջընթացին նպաստել է տարվա առաջին երեք ամիսներին վճարած հարկերի ծավալը։ Առաջին եռամսյակում այն վճարել է 4,9 մլրդ դրամ ու հայտնվել երկրորդ տեղում, մինչդեռ նախորդ տարվա նույն ընթացքում մոտ 5 անգամ ավելի քիչ հարկ էր վճարել։ Իսկ երկրորդ եռամսյակում, փաստորեն, տեմպերը նվազել են. ընկերությունը վճարել է ընդամենը 1,25 մլրդ դրամ։
Տասնյակում գտնվող «ԱրմենՏել»-ը զիջել է դիրքերը։ Այս անգամ 7-րդ տեղում է, մինչդեռ 2015-ի առաջին կիսամյակում 5-րդում էր։
Հաջորդում է «Ֆլեշ»-ը՝ հարկերի որոշակի նվազմամբ։
Իսկ տասնյակի վերջին երկու տեղը զբաղեցրած ՀԱԷԿ-ը և «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ը ավելացրել են հարկերի չափը, ընդ որում՝ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ի դեպքում աճն ավելի ակնառու է։
Խոշոր հարկատուների ցանկից երևում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վիճակը չի բարելավվել։ Ընկերությունը տարիներ շարունակ եղել է հանրապետության 5 ամենախոշոր հարկատուների շարքում, սակայն այս տարի նահանջել է։ Որպես պատճառ ընկերությունից մատնանշում են համաշխարհային շուկայում պղնձի ու մոլիբդենի գնանկումը, ինչի արդյունքում կոմբինատը լուրջ վնասներ է կրում։ Այս տարվա առաջին եռամսյակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտնվել էր 11-րդ տեղում, իսկ կիսամյակի կտրվածքով 17-րդ տեղում է։ Վճարել է մոտ 3,1 մլրդ դրամ։ Մինչդեռ 2015-ի առաջին կիսամյակի տվյալներով հանրապետության երկրորդ ամենախոշոր հարկատուն է եղել՝ ավելի քան 9,7 մլրդ դրամի հարկերով։
2015-ի առաջին կիսամյակում տասնյակում էր նաև «Ղ-Տելեկոմ» ընկերությունը (Vivacell-MTS)՝ 9-րդ տեղում։ Թեև այս ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ 0,5 մլրդ դրամով, սակայն տասնյակում գտնվող ընկերությունների հարկերի փոփոխությունների արդյունքում այն հայտնվել է 13-րդ տեղում։
2015-ի առաջին կիսամյակի համեմատ հարկերի զգալի աճ է գրանցել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը։ Ընկերությունն այս կիսամյակ հայտնվել է 12-րդ տեղում (2015-ի առաջին կիսամյակում 29-րդում էր)։ Վճարել է 5,256 մլրդ դրամ՝ հարկերի չափն ավելացնելով մոտ 3 անգամ։ Ընկերությունը 2015-ի տարեկան արդյունքերով խոշորների ցանկում 5-րդ տեղն է զբաղեցրել (16,9 մլրդ դրամով, 2014-ին՝ 43-րդ տեղ, 2,9 մլրդ դրամ)՝ շնորհիվ երրորդ եռամսյակում հարկերի ծավալի թռիչքային աճի, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ի օտարմամբ։ Հիշեցնենք, որ 2014-ի տարեսկզբին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջև պայմանագիր ստորագրվեց Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի վերաբերյալ։ Իսկ այս տարվա առաջին եռամյակում ընկերությունը վճարել է ընդամենը 252 մլն դրամի հարկ։ Նշանակում է, որ կիսամյակի հարկերի աճը գրանցվել է երկրորդ եռամյսակում։ Չի բացառվում, որ այն ևս կապ ունի օտարման գործընթացի հետ։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ երկրորդ տասնյակում են նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը (5,448 մլրդ դրամ), (5,252 մլրդ դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (4,51 մլրդ դրամ), «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը (4 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն (3,878 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»-ը (2,98 մլրդ դրամ), «Ամերիաբանկ»-ն (2,661 մլրդ դրամ) ու «Սվերս»-ը (2,569 մլրդ դրամ)։
Խոշոր հարկատուների ցանկում գրանցված այլ փոփոխությունների կանդրադառնանք առաջիկայում, երբ հարկատուներին ներկայացնենք ըստ ոլորտների։
Մեկնաբանել