HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԴՄ չափավոր հավակնոտ է

Նելլի Գրիգորյան

«Մենք այս մրցարշավին մասնակցում ենք բավականին վճռականությամբ, բայց չափավոր հավակնոտությամբ»,-ասում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը ներկայացնող Խոսրով Հարությունյանը: ՀՔԴՄ ցուցակի հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են Անաիդա Մարտիրոսյանը («Կենտրոն» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի ղեկավար) եւ Ռուբեն Սաֆրասյանը (ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ): Հայ քրիստոնեա-դեմոկրատների 33 հոգանոց ցուցակի 40 տոկոսը կանայք են, իսկ գերակշիռ մասը տարբեր աստիճանի (դոկտորներ, թեկածուներ) գիտաշխատողներ: Նշված երկու ցուցանիշներով ՀՔԴՄ էականորեն գերազանցում է խորհրդարանական այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին:

ՀՔԴՄ-ն ակնկալում է մայիսի 25-ին հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, ինչը, ըստ կուսակցության առաջնորդի, կարող է դառնալ հետագա գործունեության համար բավականին դրական արդյունք եւ հիմք: ՀՔԴՄ մերժում է նախընտրական հնարավոր դաշինքները, քանի որ. «Փորձը ցույց է տալիս, որ նախընտրական ամուսնություններն ավարտվում են ետընտրական շուտափույթ ապահարզաններով»: Քաղաքական նշված գործընթացները, որ նախորդ տարիներին բացառություններ չեն ճանաչել ծանր են անդրադառնում խորհրդարանի որակի վրա, կարծում է Խոսրով Հարությունյանը:

Նաեւ` «ընտրությունների ընթացքում յուրաքանչյուր քաղաքական կառույց պետք է հրապարակավ ստանձնի իր պատասխանատվությունը: Լղոզված, անհասկանալի հասցեագրերով պատասխանատվություննները ոչ մի դրական միտում չեն տալիս»: Ինչ վերաբերում է, այսպես ասած, գործնական քայլերին` քրիստոնեա-դեմոկրատները կարծում են, որ ելակետը սպառողն է: Այսինքն` «Տնտեսությունը մեխանիզմ է` հանրության համար բարեկեցիկ կյանք ապահովելու»: Եվ ըստ այդմ էլ. «տնտեսական քաղաքականությունը պետք է ծառայի մարդուն, ոչ թե հակառակը»: Իսկ պետության խնդիրը, ՔԴՄ տեսնում է, ոչ թե տնտեսական կյանքին ուղղակի միջամտությամբ, այլ` «ազատ մրցակցությունը եւ առաջարկի ու պահանջարկի վրա հաստատված գնագոյացումը պահպանելու մեջ»:

«Մենք դատապարտված ենք մրցունակ պետություն ունենալու»,-մարզային հանդիպումների ժամանակ ընտրողներին հավաստիացնում է Խոսրով Հարությունյանը: Ապա հիմնավորում. որ դա պետք է կարողանանք ապահովել «մեր մտավոր ներուժի շնորհիվ»: Եվ քանի որ արտագաղթը խաթարում է մեր հարեւանների նկատմամբ այդ հարաբերական առավելությունը, ուստի` «արտագաղթի ծավալները սպառնում են երկիրը մրցունակ դարձնելու հեռանկարին»,- եզրակացնում է ՔԴՄ եւ առաջարկում հայտնի ճշմարտությունը. «քաղաքական կայունություն եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում»:

Վերջինիս վերաբերյալ կուսակցությունը յուրօրինակ մոտեցում ունի. արտադրության անընդհատ աճի համար վճարունակ պահանջարկի ձեւավորում: «Սպառողը, երբ իր առօրյա հօգսերն է հոգում, ըստ էության ձեւավորում է պահանջարկ, որն անպայմանորեն նոր առաջարկով պետք է լրացվի», այսինքն, տնտեսությունը սկսում է աշխատել սպառողի պահաջարկը բավարարելու համար: Այս դինամիկան, ՔԴՄ առաջնորդի համոզմամբ, կհանգեցնի աշխատատեղեր ստեղծելուն, որոնք կհամալրվեն այսօրվա գործազուրկներով: Վերջիններս էլ իրենց հերթին դառնում են սպառող եւ նոր պահաջարկ ձեւավորում: Ըստ էության, սպառման միջոցով մշտապես ավելանում է պահանջարկը, որին արձագանքում է առաջարկը:

Այստեղ պետության դերը. «մտահոգվել, որ սպառողը վճարունակ լինի», ոչ թե աշխատատեղեր ստեղծի: Իսկ առաջին քայլը, ըստ ՔԴՄ առաջնորդի, պետք է լինի ուսուցիչներին եւ կենսաթոշակառուներին լիարժեք սպառող դարձնելը` նրանց աշխատավարձն ու թոշակը սպառողական զամբյուղին մոտեցնելով (30-35 հազար դրամ): Իբրեւ հավելյալ էֆեկտներ, Խոսրով Հարությունյանը արձանագրում է գյուղատնտեսության աշխուժացումը, կապիտալի հոսքը մայրաքաղաքից մարզեր, բուժսպասարկման համակարգի աշխուժացումը: Եվ. «ոչ թե ջանանք միջին խավ ձեւավորել, այլ պայմաններ ստեղծենք, որ ձեւավորվի»:

 «Ինչ է արել Խոսրով Հարությունյանը վարչապետ եղած ժամանակ»,- գրեթե բոլոր հանդիպումներում հնչած այս հարցի պատասխանը միանշանակ է. «1992-ին հացի խնդիր կար եւ այն սոցիալական չէր, այլ` պետության լինել-չլինելու»:

Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՔԴՄ-ն կողմ է «հավատը` հավատին» սկզբունքին: «ԼՂՀ հարցում Հայաստանի վրա ճնշումներ են լինելու»,- ասում է կուսակցության նախագահը եւ կոչ անում այնպիսի խորհրդարան ընտրել, որը ի վիճակի կլինի պաշտպանել անկախության ձեռքբերումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter