HY RU EN

«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով հարցաքննվել են ՌԴ-ում գործող «Միր բիզնես բանկ»-ի աշխատակիցները

«Հայբիզնեսբանկ»-ի փողերի լվացման գործով՝ Արա Կիրակոսյանի մասով դեռևս չհարցաքննված վկաներին բերման ենթարկվել չի հաջողվել: ՌԴ-ում գտնվող վկաներից երեքի հասցեն թերի է եղել, իսկ երեքի ծանուցագրերը հետ են վերադարձել՝ «չպահանջված են» գրություններով: Հայազգի վկաներից երկուսին ևս՝ Լևոն Միզրոյանին և Գուրգեն Սարգսյանին իրավապահները բերման չեն կարողացել ենթարկել, թեկուզ սահմանային ծառայությունը հայտնել է, որ նրանք 2016թ.-ին մուտք են գործել ՀՀ և գտնվում են երկրում: 

Արա Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանն ասաց, որ պաշտպանական կողմի համար էական նշանակություն ունի Լևոն Միրզոյանի հարցաքննությունը, այդ իսկ պատճառով նա պարտադիր է համարում նրան բերման ենթարկելը և որպես վկա դատարանում հարցաքննելը: Իսկ մնացած վկաների մասով պաշտպանը համաձայնեց դատարանում հրապարակել նախաքննական ցուցմունքները: 

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը ևս կարևորեց հայազգի վկաների ներկայությունը և խնդրեց դատարանին դրա համար ժամանակ տրամադրել այլ գործողություններ կատարելու՝ Վիզաների և անձնագրերի վարչությունից նրանց հաշվառման հասցեն ճշտելու և նրանց գտնվելու վայրը հայտնաբերելու  և բերման ենթարկելու համար: 

Մեղադրողը հրապարակեց ՌԴ-ում հարցաքննված վկաների ցուցմունքները: ՌԴ նոտար Վերա Սերգեևնա Սելենկովային քննիչը ցույց է տվել ՌԴ-ում գործող «Միր բիզնես բանկ»-ի և «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ՍՊԸ-ի  միջև կնքված գրավի պայմանագրի և 100 հազար մետր երկարությամբ նիկելի մետաղալարի մասին փաստաթղթերի պատճենները, որոնք վավերացված են եղել նույն նոտարի կողմից: Սակայն Վերա Սելենկովան հայտնել է, որ այդ փաստաթղթերն իր կողմից երբեք չեն վավերացվել, տվյալ փաստաթղթերում պահպանված չէ նոտարական ձևը, վավերացման գրանցումը, իսկ ձեռագիր ստորագրությունը չի համապատասխանում իր ստորագրությանը, ինչպես նաև կլոր կնիքների դրոշմները չեն համապատասխանում իր կողմից 2012թ.-ին օգտագործվող կնիքի դրոշմներին: «Ինձ ներկայացված փաստաթղթերը գրանցված են միևնուն համարի տակ, ինչն անհնարին է, քանի որ տարբեր փաստաթղթերին տրվում է իր համարը»,- հայտնել է նոտար Սելենկովան և հաստատել, որ տվյալ փաստաթղթերը կեղծ են: 

«Միր բիզնես բանկի» գլխավոր հաշվապահ Անատոլի Իվանովիչ Կոնյաևը հայտնել է, որ  «Միր բիզնես բանկը» կատարել է շուրջ 10 մլն եվրո գումարի՝  «Արտահանման և զարգացման բանկ»-ի վճարման հանձնարարությունը «Հայբիզնեսբանկ»-ի հաշվի վրա՝ «Սբերբանկի» միջոցով: Հետագա վճարման հանձնարարություններից հաշվապահին հայտնի է դարձել, որ 10 մլն եվրոյի վերջնական ստացողը «Քիշ ինտերնեյշնլ բանկ»-ն է: Թե ինչու նշված փոխանցման ժամանակ հասցեատեր-շահառուն նշված չի եղել, գլխավոր հաշվապահը պատասխանել է, որ ի սկզբանե «Միր բիզնես բանկ»-ը «Սբերբանկին» տեղեկատվություն չէր տրամադրվել ստացողի մասին, այլ բանկին հանձնարարություն էր տվել ուղարկել դրամական միջոցները «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, իսկ ստացողի մասին տեղեկատվությունը ուղարկվել է «Հայբիզնեսբանկ»-ին, թե ինչ ճանապարհով, գլխավոր հաշվապահը չի հիշել: 

Հիշեցնենք՝ այդ գումարների փոխանցումը «Հայբիզնեսբանկը» կատարել է «Միր բիզնես բանկ»-ի գլխավոր տնօրենի տեղակալի հանձնարարությամբ՝ ուղարկված «Հայբիզնեսբանկ»-ին DHL-ի միջոցով, որի համաձայն շուրջ 10 մլն եվրոն պետք է փոխանցվեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի՝ «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ՍՊԸ-ի հաշվեհամարին: Փաստաթղթերի այդ փաթեթում է եղել նաև «Միր բիզնես բանկ»-ի և «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ՍՊԸ-ի միջև կնքված գրավի պայմանագիրը, համաձայն որի գրավի առարկա է հանդիսացել 100 հազար մետր նիկելից պատրաստված մետաղալարը: Փաթեթում եղել է նաև «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ՍՊԸ-ի և «Կոսմոս թրեյդինգ» ՍՊԸ-ի միջև կնքված նիկելի առք ու վաճառքի պայմանագիրը:

Այդ փաստաթղթերին ծանոթանալուց հետո «Միր բիզնես բանկ»-ի գլխավոր հաշվապահը հայտնել է, որ դրանք կեղծ են, քանի որ հայկական ընկերություններին բանկի կողմից վարկեր չեն տրամադրվել, իսկ բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն գլխավոր տնօրենի, այլ ոչ թե նրա տեղակալի կողմից: «Փաստաթղթում դրված ստորագրությունն իմը չէ, կլոր կնիքի դրոշմը չի համապատասխանում «Միր բիզնես բանկ»-ի կնիքի բնօրինակին»,-իր ցուցմունքում գրել է Անատոլի Կոնյաևը:  

Հարցաքննվել է նաև «Միր բիզնես բանկ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆարոխիանի Մայխարին: Նա հայտնել է, որ իրենք երկրորդ հանձնարարականով են ստացել 10 մլն եվրո գումարը «Հայբիզնեսբանկում» «Քիշ ինտերնեյշնլ բանկ»-ի հաշվեհամարին փոխանցելու մասին տեղեկությունը: Իսկ գործընկերները սխալմամբ չէին լրացրել ստացողի անունը՝ օգտվելով առաջին հանձնարարականից: Այնուհետև ցուցում են ստացել «Հայբիզնեսբանկ»-ին ֆաքսով տեղեկացնել ստացողի մասին: «Սբերբանկի» միջոցով հաղորդել են, որ վերջնական ստացողը չի ստացել ուղարկված գումարները: «Սբերբանկը» հայտնել է, որ «Հայբիզնեսբանկ»-ից ստացված հաղորդման համաձայն՝ տվյալ գումարը մուտքագրվել է համապատասխան հաշվին՝ առանց նշելու, թե որն է այդ հաշվեհամարը կամ ուր է փոխանցվել: Հետագա հաղորդումներին, որ շահառուն գումարը չի ստացել և պետք է վերադարձնել այն, այլևս պատասխաններ չեն ստացել, քանի որ «Միր բիզնես բանկ»-ը Իրանի ազգային՝ «Մելլի Իրան բանկ»-ի դուստրն էր և հայտնվել էր ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառած բանկերի ցանկում, և «Սբերբանկը» դադարել էր իրենց հետ հարաբերությունները և փակել իրենց հաշիվը: 

Թե ինչու առաջին հանձնարարականում նշված չի եղել շահառուն, Ֆարոխիանի Մայխարին պատասխանել է, որ տեղի էր ունեցել գործառնական սխալ: 

Ծանոթանալով DHL-ով ուղարկված փաստաթղթերին՝ Ֆարոխիանի Մայխարին հայտնել է, որ այդ փաստաթղթերը կեղծ են, քանի որ իր անունից նման փաթեթ բանկը երբեք չի ուղարկել «Հայբիզնեսբանկ»-ին: Կատարված ստորագրություններն իսկական չեն, կնիքները չեն համպատասխանում իրենց բանկի կնիքին, և «Ալֆա ջեներալ թրեյդինգ» ՍՊԸ-ի հետ երբեք ոչ մի պայմանագիր չի կնքվել և վարկային գիծ չի տրամադրվել: 

«Միր բիզնես բանկ»-ի գլխավոր տնօրեն Հազար Մոհամմադ Էսմաիլը (լուսանկարում) նույնպես հարցաքննվել է: Հարց է ուղղվել նրան, թե ում են պատկանում շուրջ 10 և 1 մլն երվո չափով դրամական միջոցները, ում կողմից և ինչ նպատակներով են դրանք փոխանցվել: Հազար Մոհամմադը պատասխանել է, որ նշված միջոցները ստացել են Իրանի «Արտահանման և զարգացման բանկ»-ից, պարտադիր շահառու է հանդիսացել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, այնուհետև «Արտահանման և զարգացման բանկ»-ից ստացված հաղորդագրության համաձայն՝ պարտատեր շահառու(beneficiary) է նշվել «Քիշ» բանկը: Այնուհետև իրենք Իրանի «Արտահանման և զարգացման բանկ»-ից հաղորդագրություն են ստացել, որ ստացողը չի ստացել նշված գումարները: Իրենք «Սբերբանկի» միջոցով ուղարկել են այդ հաղորդագրությունը «Հայբիզնեսբանկ»-ին:

Թե ինչու պարտատեր չի նշվել փոխանցելիս, գլխավոր տնօրենը պատասխանել է. «Ես ամենայն վստահությամբ կարող եմ հայտնել, որ պարտատերը/շահառուն չի նշվել օպերացիոն սխալի պատճառով, ոչ բավարար հսկողություն էր աշխատակիցների կողմից, որոնք ստորագրել են հանձնարարականները»:   

Գրեթե նույնաբովանդակ ցուցմունք է տվել «Միր բիզնես բանկ»-ի swift համակարգի օպերատոր-մասնագետ Տատյանա Իվանովնա Իվանկովան:  Հայտնել է, որ շահառուի փոփոխման մասին կարգադրությունն ավելի ուշ են ստացել, իսկ Իրանի «Արտահանման և զարգացման բանկ»-ից գործարքի չեղյալ հայտարարելու և գումարները հետ փոխանցելու մասին կարգադրությունն ուղարկվել է ֆաքսով, շահառուհի ճշգրտումով՝ «Քիշ» բանկ, իսկ չեղյալ հայտարարելու մասին գործողությունները վարվել են «Սբերբանկ»-ի միջոցով: 

«Միր բիզնես բանկ»-ի ներքին վերահսկողության ծառայության ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրի Կոնիևը այս գործարքների վերաբերյալ ծառայողական քննություն է իրականացրել, որպեսզի պարզի, թե բանկի աշխատակիցների գործողությունները որքանով են համապատասխանել ՌԴ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Նա իր ցուցմունքում նշել է, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել է ՌԴ գործող օրենսդրության, նորմատիվ ակտերի «Միր բիզնես բանկ»-ի ներքին կարգադրիչ փաստաթղթերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու գործողություններ և պարտադիր վավերապայմաններ ոչ ճիշտ լրացնելու կոպիտ խախտումներ է արձանագրել: Ներքին վերահսկողության ծառայության ղեկավարն իր ցուցմունքում արձանագրել է, որ հավաքված փաստաթղթերից հետևում էր, որ վերը նշված վճարումներին ուղղակի կամ անուղղակի առնչություն են  ունեցել «Միր բիզնես բանկ»-ի աշխատակիցները՝ գլխավոր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, օպերացիոն տնօրենը, վճարման համակարգի բաժնի օպերատորը, ֆինանսական ինստիտուտների դեպարտամենտի և բանկերի հետ աշխատանքների բաժնի պետը: 

Դատական այսօրվա նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 11-ը՝ երկու վկաների գտնվելու վայրը ճշտելու և բերման ենթարկելու համար: 

Դատական նիստի ավարտին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ «Ռոսգոստրախ»-ը քաղաքացիական հայց է ներկայացրել, համաձայն որի՝ «Ռոսգոստրախ»-ին պատճառվել է գույքային վնաս, և տվյալ գործով Արա Կիրակոսյանը պետք է ներգրավվի նաև պատասխանող գույքային վնաս պատճառելու համար: 

Արա Կիրակոսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ շուրջ 800 հազար դոլարի վնաս է հաշվարկված՝ որպես դատարանում քննվող 11 մլն եվրոյաի ապահովագրության գումար, որը «Ռոսգոստրախ»-ն ակնկալում է ստանալ Արա Կիրակոսյանից: 

Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006թ. օգոստոսի 21-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 01-ը, հանդիսանալով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, նույն բանկի վարչության նախագահի տեղակալ–Տարածքային զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանի, Իրանի և ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Ռ․ Նազիֆի, ԻԻՀ և ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում գրանցված «Ալֆա Ջեներալ Թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրեն Բեհրուզ Բեհնամի, ԻԻՀ և ՀՀ քաղաքացի Վահիկ Մանուկյանսի, Շվեյցարիայի Համադաշնության ժնև քաղաքում գրանցված, «Կոսմոս Տրադինգ» ընկերության հիմնադիր, ՀՀ քաղաքացի Անդրանիկ Դոների, վերջինիս կողմից լիազորված անձ՝ Սուրեն Գաբրիելյանի և ՀՀ-ում գրանցված «Դավ Տրանս Ստրոյ» ՍՊԸ հիմնադիր֊ տնօրեն, ՀՀ քաղաքացի Դավիթ Դերզյանի հետ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի մարտ ժամանակահատվածում, օգտագործելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր և վճարման հանձնարարականներ, խարդախությամբ՝ խաբեության եղանակով հափշտակել, ապա օրինականացրել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գործող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերության կողմից, «Սբերբանկ» ՓԲ ընկերության միջոցով (միջնորդությամբ), «SWIFT» համակարգով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերություն փոխանցված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10.980.000 եվրո գումար, որից՝ 1.000.000 եվրոն նախատեսված է եղել գումարի իրական շահառու, Բանկում թղթակցային հաշվեհամարներ բացած, ԻԻՀ «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» ընկերության համար, իսկ 9.980.000 եվրոն՝ «SWIFT» հաղորդագրություններում անճշտություններ լինելու և վերջնական շահառուն նշված չլինելու պատճառով, ենթակա Է եղել վերադարձման ուղարկող «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերությանը, ինչի հետևանքով «Քիշ Ինտերնեյշնլ Բանկ» և «Միր Բիզնես Բանկ» ՓԲ ընկերություններն իրավունք են ձեռք բերել նույն չափով գումարներ ստանալու հայցապահանջ երկայացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության նկատմամբ, որը հատուցման պարտավորություն Է ստանձնել։