HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարուց ավել` առանց կոյուղու. ո՞ւր են հոսում միլիոնավոր դոլարների վարկերը

Մարինե Մադաթյան, Նարեկ Ալեքսանյան

Օրինական բնակելի տարածքը` առանց ջրահեռացման համակարգի

Ավելի քան 20 տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (նախկին Չորրորդ գյուղ) մի հատված կոյուղագիծ չունի: Թաղամասի բնակիչներից մեկը` Վարդանը, մեզ հետ քայլում է ու կատակում, թե սա Երևանի «Զիմբաբվեն» է, ու եթե ուզենք, կեղտաջրերի մեջ «անակոնդաներ» էլ կգտնենք: Կատակին խառնվում է հարևաններից Վոլոդյա Մաթևոսյանի զայրույթը, թե այնտեղ պետք է գնան իրենց խաբած պաշտոնյաները. որտե՞ղ են նրանք, և որտե՞ղ է սանէպիդկայանը:

Բնակիչների բազմամյա հոգսը պաշտոնյաների համար ընդամենը նախընտրական խայծ է եղել: Կոյուղագծի հարցին ժամանակավոր ընթացք է տրվել միայն հերթական ընտրության նախաշեմին: Իսկ ավարտից հետո մոռացել են թե իրենց ընտրողներին, թե փողոցներով հոսող կոյուղաջրերի առվակները, թե դրանց մեջ խաղացող երեխաներին:

Կոյուղագիծը հասցված է մինչև Հաղթանակ թաղամասի առաջին փողոց: Առաջինին շարունակող Ա. Վարդանյանի անվան փողոցի մի հատվածում գիծն ընդհատվում է: Փողոցի երկայնքով մի քանի հարյուր մետր վերև ևս կա կոյուղագիծ: Այսինքն` ջրահեռացման համակարգով ապահովված չէ միջանկյալ հատված (ճշգրիտ հնարավոր չէ նշել երկարությունը, ըստ բնակիչների` 400-500 մետր): Այդ հատվածից առանձնացող նրբանցքներում տեղակայված է թաղամասը: Սեփական տներ են:

Թաղամասում բնակվողները պատմեցին, որ կատարում են կոմունալ բոլոր վճարումները, մուծում նաև հողի հարկ: Տարածքը բնակեցված է օրինական ձևով: Աստղիկ Էլիազյանի ընտանիքն արդեն 9-րդ տարին է՝ բնակվում է նրբանցքներից մեկում` Դեղոյան փողոցում: Ասում է` տունը գնելիս չգիտեին, որ կոյուղագիծ չկա: Նրանք էլ, ովքեր տեղյակ են եղել տուն կառուցելուց և գնելուց առաջ, կարծել են, թե կոյուղագծի հարցը շուտով կլուծվի:

«Այնքան փող, որ մինչև հիմա ենք ծախսել, երկու անգամ կոյուղագիծ կքաշեինք»

Կոյուղագծի հարցն այստեղ երկու ձևով են լուծում:

Առաջին տարբերակն այն է, որ հոր են փորում, ապա դիմում են համապատասխան աշխատողներին, ովքեր պարբերաբար մաքրում են հորը: «Ահավոր վիճակ է,- ասում է բնակիչներից Զաբել Հովհաննիսյանը,- էս ո՞ր թիվն է, ամիսը մեկ, կարող է` տասնհինգ օրը մեկ կարիք լինի, ամեն անգամ 40-50 հազար դրամ փող ենք տալիս, մեծ ցիստեռներով գալիս են` մեկը փչում է, մեկը մաքրում է»: Հարևաններից մեկն էլ ավելացնում է, որ ամեն անգամ ստիպված են այդքան գումար ծախսել, երբ նույնիսկ հացի փող են դժվարանում աշխատել:

հորը մաքրողները, պարզվեց, հիմնականում Ջրմուղ-կոյուղու աշխատակիցներ են: Իսկ ցիստեռները, ըստ բնակիչների, գալիս են թաղամաս այն դեպքում, եթե մի քանի հոգու միաժամանակ պիտի սպասարկեն. մեկ հոգու համար չեն գալիս:

Երկրորդ` ավելի «քաղաքակիրթ» տարբերակն այն է, որ հողը փորում են, մինչև կհասնեն ընդերքի հարամիների շերտին` հորի մեջ տեղադրելով համապատասխան խողովակ: Մեկ մետր փորելու համար 15 հազար դրամ են վճարում: Ամեն մեկը ամենաքիչը 20 մետրանոց հոր է փորում (նվազագույնը` 300 հազար դրամի ծախս է կատարվում): «Բուրավոյ» մեքենաները, ինչպես պատմում են բնակիչները, երբեմն մինչև երկու օր կարող է փորեն հողը, որպեսզի հասնեն ընդերքին:

Սակայն սա էլ լուծում չէ: Դեղոյան փողոցի բնակիչներից Արման Մանուկյանը պատմում է, որ անցած տարի 28 մետրանոց հոր է փորել տվել, որն այժմ արդեն չի ծառայում: Ասում է` ընդերքի խնդիրն է, չգիտեն՝ երբ և ինչից խցանում կառաջանա: Փորձել են խցանումը վերացնել (դա անվանում են «պայթեցնել»), որի համար ամեն անգամ լրացուցիչ վճարում են  30-50 հազար դրամ: Պայթեցնելն էլ չի օգնում, պետք է նոր հոր փորեն, սակայն համոզված չեն, որ նույն խնդիրը չի առաջանա:

Հիմա տան կոյուղաջուրը հոսում է փողոցով և լցվում դիմացի հարևանի հողամաս: «Երբ տան տերը գա, ասի` էս ի՞նչ եք անում, մենք ի՞նչ պատասխան ենք տալու, բայց ուղղակի ուրիշ ելք չունենք: Հիմա կոյուղաջուրը գնում է փողոց»,- ասում է Արմանի մայրը` Աստղիկ Էլիազյանը:  

Լինում է նաև այնպես, որ համապատասխան աշխատողները հորը փորում են, բայց այդպես էլ չեն կարողանում խողովակը հասցնել հարամու շերտին: «Հարևանս 54 մետր փորեց, էդքան փող տվեց (ծախսը կազմում է մոտ 800 հազար դրամ-հեղ.) և չհասավ նպատակին, կանալիզացիա չունի»,- ասաց Արման Մանուկյանը:

Վոլոդյա Մաթևոսյանի ընտանիքն այդ եղանակով 36 մետր հոր է փորել տվել, Զաբել Հովհաննիսյանինը` 28 մետր, բայց ոչ մեկինը չի աշխատում: Զաբելի ընտանիքը մի տարվա մեջ նույնիսկ երկու հոր է փորել, վերջինի վրա 320 հազար դրամ է ծախսվել:

«Անցյալ տարի նոյեմբերին այդքան գումար տվեցինք, սարքեցինք, էս տարի նոյեմբերին արդեն չէր աշխատում», - ասում է Զաբելը: Վոլոդյա Մաթևոսյանն ավելացնում է, որ այս տարիների ընթացքում բոլոր բնակիչների ծախսած գումարով արդեն երկու անգամ կոյուղագիծ անցկացրած կլինեին:

Եթե համաճարակ բռնկվի, ո՞վ է պատասխան տալու

Թաղամասի երեխաների խաղի առաջին կանոնը կոյուղաջրերը շրջանցելն է, ավելի փոքրերին ծնողները մենակ չեն թողնում: 

Զաբել Հովհաննիսյանն ասում է` ընտանիքում 12 հոգի են, որից վեցը երեխաներ են: «Ինչքան կարող ես ասել` այդտեղով մի անցիր, երեխան են, իրենց խաղալու տեղն այստեղ է: Հիմա մի քիչ եղանակը տաքանա, ամբողջ փողոցը ծայրից ծայր երեխա են, ու մտնում են էդ կեղտերի մեջ»,- ասում է Զ. Հովհաննիսյանը:

Աստղիկ Էլիազյանն էլ ավելացնում է, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է` համաճարակ բռնկվի,  այն ժամանակ ով ինչ է անելու, ո՞վ է պատասխան տալու:

Բնակիչների կարծիքով` քաղաքապետարանը ուռճացնում է ծախսերը` գրպանելու համար

Եթե թաղամասն ապահովվի կոյուղագծով, նախ խողովակները պետք է տեղակայվեն գլխավոր փողոցում, ապա տարվեն նրբանցքներ: Բնակիչներից մի քանիսը նշեցին` համաձայն են նաև, որ կոյուղագիծը միայն հասցվի գլխավոր փողոց` ավելացնելով, որ նրբանցքներ տանելու հարցը իրենք կհոգան իրենց միջոցներով:

Հինգ ընտանիք արդեն իսկ գումար է հավաքել և Դեղոյան նրբանցքից խողովակ է հասցրել մինչև գլխավոր փողոց, հիմա սպասում են քաղաքապետարանի քայլերին:

«Ամբողջ թաղով հավաքվել, գնացել ենք թաղապետարան: Ժողովների կանչեցին, նստեցին, հաշվարկ արեցին ու ասեցին` 40 միլիոն դրամ փող է կազմելու, դա մի երկու տարի առաջ, ընտրությունների ժամանակ էր,  էդ էլ գիտե՞ք ոնց, եթե բերեն փողոց, մենք էնտեղից տանենք մեր տները, դրան էլ ենք համաձայն, թող բերեն, կենտրոնացնեն ներքև, մենք իջնենք, 200-300 հազար դրամ կծախսենք, կգնանք»,- ասում է Արման Մանուկյանը:

Մոտ 40 մլն դրամի հաշվարկից հետո, բնակիչների խոսքով, թաղապետարանում տարբեր պատճառներ են բերել ու հարցն այդպես էլ թողել առկախ:

Արմանը շարունակում է. «Սկզբում ասեցին՝ գային (ճանապարհային ոստիկանություն-հեղ.) չի թողնում, որ փակվի ճանապարհը: Դե պետք է ճանապարհ լինի, որ օգտվեն ժողովուրդը, գործ են անելու: Սա էլ գյուղ մտնող միակ ճանապարհն է: Գային, իբր թե, չի թույլատրում ճանապարհը քանդել, իրենք էլ չեն անում: Պատճառ պետք լինի, հազար հատ պատճառ կարող են բերել»:

Հետագայում թաղապետարանի աշխատակիցներն այցելել են թաղամաս, «օդի մեջ» վերահաշվարկ արել և ծախսը դարձրել մոտ 80 մլն դրամ: Սակայն, բնակիչների հաշվարկով՝ կոյուղագիծը գլխավոր փողոց հասցնելու ծախսը առավելագույնը 10 մլն դրամ է, մնացածը, ասում են, «գրպանները դնելու բաժինն է»:

Քաղաքապետարանն այս տարի չի պատրաստվում բավարարել բնակիչների «խնդրանքը»

«Հետք»-ը հարցում ուղարկեց քաղաքապետարան` պարզելու՝ կատարվե՞լ է հաշվարկ և պարզվե՞լ է, թե հստակ որքան է կազմում այս փողոցներում կոյուղագիծ անցկացնելը: Արդյոք ծախսերը ներառվե՞լ են քաղաքի բյուջեի տարեկան ծրագրում: Լրացուցիչ փոխանցել ենք բնակիչների առաջարկությունը, որ իրենք համաձայն են՝ կոյուղագիծը բերվի միայն գլխավոր փողոց, իրենց միջոցների հաշվին նրանք այն կհասցնեն նրբանցքներ:

Երևանի` կոյուղի չունեցող թաղամասերը. ինչո՞ւ այստեղ չեն հասնում միլիոնավոր 
դոլարների վարկերը

2016թ. տարեվերջին կավարտվի «Երևան ջուր» ընկերության` մայրաքաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության պայմանագիրը: Արդեն տասնմեկ տարի այս ընկերությունն իրականացնում է համակարգերը շահագործելու և կառավարելու իր պարտավորությունը: Ընկերությունն ու քաղաքապետարանն իրենց ձեռքբերումների մասին անընդհատ բարձրաձայնում են: Սակայն, պարզվում է, ոչ միայն Հաղթանակ, այլև Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների բնակիչների համար այս տասնամյակը «կեղտոտ», «հոտավետ» ու ծախսատար պատմություն էր` առանց կոյուղագծի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կումունալ տնտեսության բաժինը «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ սկզբում բանավոր փոխանցեց, թե Երևանի կոյուղագիծ չունեցող թաղամասերի ցանկը մեծ է, ուստի չեն կարող տրամադրել: Այունհետև համաձայնեցին պատասխանել' խախտելով տեղեկատվության տրամադրման համար սահմանված առավելագույն ժամկետը (մեկ ամիս): Ուշացման պատճառը, ըստ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի, վիճակագրությանը ոչ լիարժեք տիրապետելն էր:

Ի վերջո, ստացած տվյալներից պարզվեց, որ Երևանի ամբողջական թաղամասեր և փողոցներ տարիներ շարունակ (որոշները' ստեղծման օրվանից) զրկված են ջրահեռացման համակարգից:

Կոյուղագծեր ընդհանրապես չկան Երևանի 18 թաղամասերում, 14 փողոցներում, 11 փողոցներում դրանք առկա են հատվածաբար: Այս տարածքներում, ինչպես արդեն ներկայացրցինք Հաղթանակ թաղամասի օրինակով, ընտանիքներից ամեն մեկը տարեկան մոտ հազար դոլարի ծախս է անում` հորեր փորելու, մաքրել տալու համար, սակայն կարճ ժամանակ անց այդ գումարը «լցվում է ջուրը», իսկ կոյուղաջրերը` դարձյալ փողոց:

Քարտեզում նշված են Երևանի վարչական 11 շրջաններ` տվյալ տարածքի պայմանական կոորդինատով: Սեղմելով նշման կետի վրա` կարող եք տեսնել յուրաքանչյուրում կոյուղագիծ չունեցող թաղամասերի, փողոցների և փողոցների հատվածների ցանկը:

Քաղաքապետարանի կոմունալ բաժինը «սիրողական» աշխատանք էր արել, ինչի պատճառով կոյուղագիծ չունեցող թաղամասերը և փողոցները հնարավոր չէ հստակեցնել ճշգրիտ կոորդինատներով: Ներկայացրած տվյալներում հնարավոր չէ որոշ տարածքների հասցեն հստակ որոշել: Այսպես՝ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժինը տեղեկացնում է, որ կոյուղագիծը բացակայում է «Գայի պողոտա` 43 շենքից վերև ընկած հատվածում» կամ «Մինսկի փողոց, Հացի փռի» դիմաց: Եթե տարածքում մի քանի հացի փուռ լինի, անհրաժեշտ է գուշակել, թե որի դիմաց է կոյուղագիծը բացակայում կամ որքա՞ն տարածք է զբաղեցնում «Գայի պողոտայի 43 շենքից վերև ընկած» հատվածը:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման համար վերջին տարիներին միլիոնավոր դոլարների վարկեր են տրամադրվել: Հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքապետարանում գնահատել կարիքներն ու կազմել ծրագրային հայտը, եթե մինչ այժմ նույնիսկ չունեին հստակ վիճակագրություն, թե որ հասցեներում է բացակայում կոյուղագիծը: Քաղաքապետարանը վաղուց պետք ունենար տարածքների հասցեները` հստակ կոորդինատներով, որովհետև ըստ երկարության են հաշվարկվում կատարելվիք ծախսերը և գնահատվում կարիքները:

Ինչ է փոխվել ջրահեռացման համակարգում վերջին տասը տարիներին

Երևանի ջրահեռացման համակարգը, ինչպես տեղեկացնում է «Երևան ջուր» ընկերության պաշտոնական կայքը, բաղկացած է 220 կմ արտաքաղաքային կոյուղատարներից և 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից: Սակայն, այս տվյալները ոչինչ չեն ասում ընկերության կատարած աշխատանքի մասին` գործունեության տասնամյակի ընթացքում: 

Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է տվյալներ' Երևանի կոմունալ վիճակի մասին:Կոյուղու գլխավոր կոլեկտորի երկարությունը 2005-2015թթ. Երևանում փոխվել է մոտ 30, փողոցային ցանցինը' մոտ 14 կիլոմետրով, միջթաղային և միջբակային ցանցինը' աննշան, 0.1 կիլոմետրով:

Այսինքն` նշված 950 կմ երկարությամբ ներքաղաքային կոյուղագծերից միայն մոտ 45 կիլոմետրն է, որ կառուցվել է վերջին տասը տարիների ընթացքում:

Վիճծառայության տվյալները փաստում են նաև, որ անմխիթար վիճակում է արդեն գոյություն ունեցող ցանցը: Ամեն տարի աճում է նորով փոխարինման կարիք ունեցող կոյուղագծերի քանակը, նշված ժամանակահատվածում` ընդհանուր առմամբ 124 կմ-ով:


Create your own infographics

Այս տարի նշված պատկերը չի փոխվելու, իսկ կոյուղագիծ չունեցող թաղամասերում վիճակը նույնն է մնալու:

«Խնդրի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նմանատիպ ծառայություններ մատուցող հաջորդ Վարձակալի (նոր Օպերատորի) մրցութային կարգով ընտրվելուց և վերջինիս կողմից ջրահեռացման գծով 2017 թվականին իրականացվելիք ծրագրերի /այդ թվում՝ ներդրումային, երկարաժամկետ/ մշակման ժամանակ»,- «Հետքին» հայտնել է քաղաքապետարանի կոմունալ բաժինը։

Միլիոնավոր դոլարների վարկեր` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը բարելավելու համար

Կոյուղագիծ չունեցող 18 թաղամասերից մի քանիսը վաղուց են հիմնվել՝ տարիների պատմություն ու մեծ թվով բնակչություն ունեն: Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասը, ըստ քաղաքապետարանի, հիմնվել է 1969թ. և ունի շուրջ 8000 բնակչություն: Քաղաքապետարանը անցած տարի հաղորդագրություն տարածեց, թե համայնքում լուծվել են մի շարք խնդիրներ, թաղամասն ապահովվել է ջրամատակարարման համակարգով, արդեն ունի գազիֆիկացում: Սակայն դեռևս լուծված չէ շատ կարևոր կոյուղու հարցը:

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման համար, սկսած 2005թ.-ից, միլիոնավոր դոլարների վարկային միջոցներ են տրամադրվել:

2005 թվականի ապրիլի 15-ին կառավարությունը վավերացրեց «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր» N 4038AM վարկային համաձայնագիրը: Ծրագիրն, ըստ համաշխարահյին բանկի հաշվետվության, ավարտվել է 2011թ., իսկ արժեքը կազմել է 22 միլիոն ԱՄՆ դոլար:

Վարկային միջոցների շրջանակներում իրականացված աշխատանքների և մատուցված ծառայությունների ավարտման կապակցությամբ, ինչպես նաև ձեռք բերված ակտիվների տնօրինման ու հաշվառման նպատակով կառավարությունը համապատասխան որոշում կայացրեց: Կառավարության որոշումից ակնհայտ է, որ վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները մեկանարկել են բավական ուշ` 2011թ., այսինքն` Համաշխարհային բանկից նշված վարկը հաստատելուց  յոթ տարի անց:

Շինարարական աշխատանքների և մատուցված ծառայությունների արդյունքում ձևավորված ակտիվները, ըստ կառավարության, կազմել են 7,728,212 ԱՄՆ դոլար արժողությամբ գույք, որը սահմանված կարգով ամրացվել է տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Որոշման համաձայն` վարկի միջոցներով ձեռք բերված և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ի պահ հանձնված` չտեղակայված հիմնական միջոցներ և չօգտագործված պաշարներ են եղել` 324 387 449.76 դրամ արժողությամբ (մոտ 700 հազար դոլար): Սա նույնպես հանձնվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին: Այսինքն` ընդհանուր առմամբ 22 միլիոն դոլար վարկից գոյացած ակտիվները կազմել են մոտ 8,5 միլիոն դոլար:

2014թ. Երևանի ջրամատակարարաման և ջրահեռացման համակարգի բարելավման համար Ֆրանսիայի կառավարությունը արտոնյալ պայմաններով նոր վարկ տրամադրեց Հայաստանին: Վարկը, ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, հատկացվել է Զարգացող երկրների պահուստային ֆոնդի հաշվին (ԶԵՊՖ): Ծրագրի ընդհանուր արժողությունը 27,3 միլիոն եվրո է, որից 24,9 մլն եվրոն տրամադրում է Ֆրանսիական կառավարությունը, իսկ 2,4 միլիոն եվրոն` համաֆինանսավորման տեսքով հատկացնում է Հայաստանի կառավարությունը:

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրով» նախատեսված էր, որ 10,186 միլիոն եվրոն ուղղվելու է Երևանի «Աէրացիա» կայանի վերականգնման աշխատանքներին, իսկ մոտ 12 միլիոն եվրոն` Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի վերականգնման և բարելավման գծով աշխատանքներին:

Ծրագրի իրականացման մրցույթը, ինչպես հայտնում է քաղաքապետարանը, իրականացնում է Ֆրանսիական «Սադե» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, իսկ Երևանի քաղաքապետարանն իրականացնում է պատվիրակված լիազորություն: Տարածքային կառավարման նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքներն այս վարկի մասով փոխանցվել են Երևանի քաղաքապետարանին:

Նշենք, որ մենք առանձնացրել ենք միայն այն վարկային ծրագրերը, որոնք նախատեսված են եղել հենց Երևանի համար, և որոնց ծրագրային նպատակները ներառել են ոչ միայն ջրամատակարարման, այլև ջրահեռացման բարելավումը:

Միլիոնավոր դոլարների վարկերը, ինչպես ցույց է տալիս քարտեզը, Երևանի բազմաթիվ բնակիչների ոչ միայն չեն ազատել ինքնաշեն հորերով կոյուղու հարցը լուծելու հոգսից, այլև նրանց ուսերին են դրել վարկային միջոցների մարումը` ի դեմս կառավարության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter