«Արժանապատվություն, ժողովրդավարություն, Հայրենիք» դաշինք
ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով մայիսյան ընտրություններին մասնակցելու են 4 դաշինք, 14 կուսակցություն, 2 հասարակական-քաղաքական կազմակերպություն եւ 1 միություն: «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքը առաջադրել է 71 թեկնածու: 23-ը «Արժանապատիվ ապագա» կուսակցությունից են, 38-ը ժողովրդադեմոկրատական կուսակցությունից: 10-ն անկուսակցական են: Լյուդմիլա Հարությունյանն ու Գագիկ Ասլանյանը գլխավորում են դաշինքի ցուցակը: Դաշինքում կա 4 ԱԺ գործող պատգամավոր` Գագիկ Ասլանյանը, Վանյա Հովհաննիսյանը, Սամսոն Սարգսյանը եւ Միսակ Մկրտչյանը: ԱԺ-ից ընտրություններին առաջադրվել են նաեւ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահն ու նրա խորհրդականը: 71-ից գործազուրկ է, կամ չի աշխատում 5-ը: ՍՊԸ-ների նախագահներ են 14-ը, 13-ը` տնօրեններ: Դաշինքի ցուցակում ազդեցիկ դեմքերից է համարվում նախկին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, «Գարուն» արտադրական միավորման տնօրեն Գոհար Ենոքյանն է:
Դաշինքում անցողիկ թեկնածու է համարվում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող կոռուպցիայի կանխարգելման հասարակական կենտրոնի նախագահ Ստեփան Ծաղիկյանը: «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքից ԱԺ պատգամավոր են առաջադրվել «Որոտան» թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանը (46-րդը), «Լուսարձակ» թերթի գլխավոր խմբագրի տաղակալ Արտակ Ճաղարյանը (33-րդը): Վերջինս համակարգում է դաշինքի քարոզչական աշխատանքները:
Անդրանիկ քայլը եւ ծրագրի շնորհանդեսը
Դաշինքը ապրիլի 30-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում (մինչեւ շրջայցեր սկսելը) կազմակերպեց հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մասնակցում էին ԵՊՀ սոցոլոգիայի ամբիոնի վարիչ ` Լյուդմիլա Հարությունյանը, ԱԺ նախագահի տաղակալ Գագիկ Ասլանյանն ու քաղաքական խորհրդի համակարգող, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Վերջինս հայտնեց, որ իրենք վարկաբեկված ուժ չեն, չունեն «ոչ մի կցված օլիգարխ»: Մեր այն դիտարկմանը, թե 13 տնօրեն եւ ՍՊԸ-ների բազմաթիվ նախագահներ դաշինքում ունենալը չի ՞խոսում, որ իրենց էլ են «կցված» օլիգարխներ, Ա. Դարբինյանը պատասխանեց. «Եթե «Առավոտ» թերթը նրանից որեւէ մեկին դարձնի օլիգարխ, դա նրան չի հաջողվի»: Ի դեպ, դաշինքի ֆինանսական տանիք է դիտվում հենց ինքը` նախկին վարչապետը: Հանդիպման ընթացքում բաժանվեցին 20.000 տպաքանակով տպագրված դաշինքի գունավոր բուկլետներ: Դաշինքն իր բոլոր հանդիպումների ժամանակ շեշտում է, որ իրենք երկրի անցյալն ու ներկան իրատեսորեն գնահատող, ապագան հստակ պատկերացնող, առկա հիմնախնդիրներին այլընտրանքային լուծումներ եւ երկրի զարգացման նոր ռազմավարություն առաջարկող ուժ են:
Մայիսի 12-ին «Կոնգրես» հյուրանոցում դաշինքը կազմակերպեց իր ծրագրի շնորհանդեսը: Այն անվանված է «Ծրագրային հիմնադրույթներ»: Ծրագրում շարադրված են դաշինքի հիմնադիր սկզբունքները, ռազմավարական գերակայություններն ու զարգացման ուղիները, տնտեսկան քաղաքականությունը «ճյուղ առ ճյուղ»: Հետաքրքիր է, որ դաշինքն իր հանդիպումներում թիվ 1 խնդիր էր դիտում մարդու իրավունքների պաշտպանության հարցը: Այն ծրագրում գրավում է 10-րդ տեղը: Լյուդմիլա Հարությունյանն իբրեւ ձեռքբերում էր համարում բանտերի սոցիալական ծառայությունների ստեղծման, ձեւավորման խնդիրը (իր դերը նույնպես շեշտելով): Ծրագրային կարեւոր սկզբունքներից է. «հասարակության բոլոր անդամներին մեկնարկային հավասար հնարավորությունների ապահովմանը հետամտելը»: Առանձնացված են իրավունքների պաշտպանության ոլորտները: Շեշտվում է սեփականության, գույքային, մտավոր սեփականության իրավունքները, նախատեսվում է «կատարելագործել սեփականության իրավունքի գրանցման եւ փոխանցման ենթակառուցվածքները»: Դաշինքի ծրագրի հրամայական է. «Օմբուդսմենի» ինստիտուտի ձեւավորումը:
Արտագնա հանդիպումները
Մայիսի 3-4-ին դաշինքը շարժվեց Վանաձոր-Սանահին-Ալավերդի, ապա` Քանաքեռավան-Եղվարդ-Աշտարակ-Բյուրական երթուղով: Մայիսի 11-ին դաշինքը եղավ Դիլիջանում, Իջեւանում, Գոշ սահմանամերձ գյուղում: Դաշինքը հիմնականում նախընտրում է «գյուղամիջյան», դրսի հանդիպումները եւ հազվադեպ է դիմում դահլիճների «օգնությանը»: Հանդիպումներից «ամենակոշտը» Քանաքեռավանում էր: Այստեղ տեղեկացանք, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանը 2 մեքենա հող է թափել գերեզմանատանը: Դրանով իսկ լայնացնելով «ընտրակաշառք» հասկացության սահմանները: Ռամկավարները մայիսի 10-ին «բոնբոներկա» եւ օճառ էին բաժանել Դիլիջանում եւ Իջեւանում: Այդ մասին «Արժանապատվությանը» տեղյակ պահեցին իրենց շտաբի անդամները:
Ի դեպ, Եղվարդում եւ Դիլիջանում մասնակցեցինք դաշինքի համակիրների եւ շտաբականների հավաքին: «Մեր քարոզչությունը տեղ հասնու՞մ է, թե՞ ոչ» հարցին տեղական շտաբի անդամները պատասխանեցին. Ժողովուրդը բոլորից հոգնել է, շատերը չեն տարբերում մեծամասնական ընտրակարգը համամասնականից: Շտաբում կան ահազանգեր ընտրակաշառքներով ընտրողներին շահագրգռելու մասին: Դա արվում է, թե մեծամասնականով առաջադրված թեկանծուների, թե մասնավորապես համամասնական ընտրակարգով առաջադրվածների կողմից:
Ընտրողներին հետաքրքրում է, թե իրենց տված ձայնը «տեղ կհասնի», թե նորից բանի տեղ չեն դնի:
Ընտրական բանահյուսությունից
«Իրաքյան պատերազմից հետո ԱՄՆ նախագահը ելույթ ունենալով ասաց, որ իրենք կառուցում են արժանապատիվ ապագա: Դիտորդներն ուղղակի կապ են տեսնում նախընտրական այս դաշինքի եւ «օտարերկրյա քաղաքացի» Բուշի միջեւ: Արմեն Դարբինյանը «սուտ է» ասում, որ իրենք տանիք չունեն»:
Խնդիրներ
1.Քանաքեռավանից առաջին կարգի հաշմանդամ Սերյոժա Նազլուխանյանը հայտնեց, որ 12 անձից բաղկացած իրենց ընտանիքը նպաստ չի ստանում:
2. Գոշի գյուղացի (վախեցավ անուն-ազգանունն ասել) խնդրում է այցելենք Արարատի մարզի Վ. Սարգսյանի անվան զորամաս ստուգելու զինվորների սնունդն ու հագուստը:
3. Գոչում դժգոհում են, որ միայն «Քոչարյանի ալիքն» (Հ1) են նայում, հնարավորություն չունեն այլ ալիք դիտելու: Թերթերի մասին գաղափար չունեն:
4. Անիչկա Սարգսյանն աշխատել է Դիլիջանի «Իմպուլս» գործարանում, մեկուկես տարի է թոշակ չի ստանում:
5. Քանաքեռավանում ցույց են տալիս «սեփականաշնորհված» արոտավայրերը (ասում են Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղայինն են) եւ հարցնում.«Կովը գոմում բառաչում է: Արոտավայրերը ծախեցին, չասացին` բա գյուղացու անասունն ու՞ր պիտի գնա»:
Ռուզան Մինասյան
«Առավոտ» օրաթերթ, հատուկ «Hetq»-ի համար
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել