HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀՇ-ն 15 տոկոս է ակնկալում

Նելլի Գրիգորյան

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ, ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ է ներկայացրել Հայոց համազգային շարժում կուսակցությունը(ՀՀՇ): Ցուցակի կազմված է 41 հոգուց: 50 տոկոսը չի աշխատում: Ցուցակի պատվավոր տեղերը զբաղեցնում են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, փոխնախագահ Արամ Մանուկյանը եւ ԵՊՀ դասախոս Խաչատուր Քոքոբելյանը: ՀՀՇ առաջնորդները համոզված են, որ կուսակցությունը կհավաքի քվեների առնվազն 15 տոկոսը: Իհարկե, դա ՀՀՇ-ին արծաթափայլ սկուտեղով չի մատուցվի: Ընդ որում, ՀՀՇ-ականների համոզմամբ. «եթե խոսքը իրական տոկոսների մասին լիներ` ավելի մեծ թիվ կասեինք»: Իսկ 15-ը այն ցուցանիշն է, որ կհաջողվի արձանագրել ու պահպանել, կարծում են ՀՀՇ առաջնորդները: Արարատ Զուրաբյանը առանցքային է համարում այն, որ «հանրությունը կարծում է, թե ՀՀՇ-ն լուրջ ֆինանսական միջոցների է տիրապետում: ՄԻնչդեռ, ֆինանսները եւս, առնետների նման, փախչում են վտանգավոր նավից»:

ՀՀՇ-ն չի բացառում նախա եւ ետընտրական դաշինքների առաջացումը, եթե «դրանք նույն գաղափարական հիմքով լինեն», ծայրահեղ դեպքում` «ծառայեն միեւնույն նպատակին»: Ի դեպ, իբրեւ համար առաջին ծրագրային դրույթ ՀՀՇ-ն ամրագրել է. «Հասնել իշխանույթունը բռնազավթած ապօրինի նախագահի պաշտոնանկությանը, սահմանադրական կարգի վերականգնմանը, օրինական իշխանության հաստատմանը»: ՀՀՇ-ն կտրականապես դեմ է ՀՀ Սահամադրության «նենգափոխմանը, որը կոչված է օրինականացնել հաստատվող բռնապետությունը, նպաստել ծավալվող ահաբեկչությանը, քայքայել պետականության հիմքերը»: Ավելին, «Սահմանադրական փոփոխությունները ստեղծվել են խիստ գաղտնի պայմաններում, ոչ թե պաշտոնական մարմնի, այլ` անհայտ եւ անանուն մի խմբակի կողմից»,-ասված է ՀՀՇ վարչության եւ խորհրդի համատեղ հայտարարությունում: «Փաստաթղթի ստեղծման գաղտնի մեթոդը, ուղղվածությունն ու արդյունքները վկայում են, որ այն ակնհայտորեն Դաշնակցության պատվերն է. բռնապետություն հաստատելու եւ ժողովրդի վրա անմանդատ իշխելու նրա ծրագիրն է դրված այս նենգափոխման հիմքում...Սա յուրատեսակ վրեժ է. Քոչարյանը եւ ՀՅԴ լուծում են իրենց այնքան տհաճություններ պատճառած գործող Սահմանդրության նկատմամբ»: Ելնելով այս քաղաքական գնահատականից, ՀՀՇ-ն կոչ է անում «խոչընդոտել ակընհայտ դավադրությունը»:

Իսկ պետության ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, ըստ ՀՀՇ նախընտրական ծրագրի` «ամիջականորեն կամ միջնորդավորված պետք է բխեն ՀՀ քաղաքացու շահերից»: Նաեւ. «վերջ տալ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ոտնահարող տհաս քաղաքականությանը, սկսել իրական բանակցություններ ԼՂՀ պարտադիր մասնակցությամբ»: Ու քանի դեռ քաղաքական հիմնական հարցը (ԼՂՀ) լուծված չէ` սոցիալական պաշպանվածության, բնակչության զբաղվածության, տնտեսական աճի եւ մնացած բոլոր խոստումները, ըստ ՀՀՇ-ի առաջնորդների, մեղմ ասած, փուչ են: Ուստի, ըստ Արամ Մանուկյանի, ՀՀՇ-ի նման քաղաքական ուժը «իրավունք ունի, ավելին, պարտավորված է, նաեւ` հնարավորություն ունի Հայաստանը վերադարձնել այն ուղուն, ինչին հասել էինք 90-ականների կեսերին, երբ մեր երկիրը ժողովրդավարության կղզյակ էր»: Երկրորդ պատճառը, որ ՀՀՇ-ին ստիպում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ներքաղաքական իրավիճակն է. «Իշխանությունները ոչինչ չեն անում երկրի ներսում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար: Քաղաքական դաշտը նպատակային բաժանվում է բեկորների, ինչը դաշտը թուլացնելուց զատ, ժողովրդի աչքին նվաստացնում է քաղաքական ուժերին»:

Ի պատասխան «1995-ի խորհրդարանական եւ 1996 նախագահական ընտրություններով ՀՀՇ-ն ինքը ոնտահարեց սեփական ձեռքբերումները եւ դրանով իսկ հիմք դրվեց անօրինականություններին»,- հարց-մեղադրանքին Արամ Մանուկյանը ասաց. «Ոչ ոք չի մերժում, որ խախատումներ եղել են: Իրավիճակային մոտեցումները հանգեցրել են նման երեույթների: Մենք տեր ենք մեր տարած հաղթականներին, կատարած սխալներին, թերություններին: Այս իշխանությունները հնից ընդօրինակեցին միայն բացասականը եւ դրանք տասնապատկեցին, հարյուրապատկեցին»:

 «Եվ կարծում ենք, որ ժողովուրդը մեկ անգամ էլ վստահության քվե կտա»: «Մենք այսօր չենք գնում ռեւանշի,- պնդում է ՀՀՇ փոխնախագահը,- ակտիվ քաղաքականություն վերադառնալ փորձելով, ցանկանում ենք ազատ մտածողություն ամրապնդել: Բոլորը ձգտում են Մոսկվայի «դաբրոն» ստանալ. ՀՀՇ-ն մերժում է ավանսով վերցված բոլոր «դաբրոները»»: Մինչ օրս Հայոց համազգային շարժման քարոզարշավը հայտարարություններն են, հարցազրույցները, այն էլ բացառապես մայրաքաղաքում: Մարզային այցելություններն ու հանդիպումները նախատեղված են քարոզարշավի վերջին վեցօրյակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter