Մարատ Յավրումյանին ստիպել են փաստաթղթեր ստորագրել
Տասնհինգամյա Սոնա Յավրումյանը երեկ հոր՝ Մարատ Յավրումյանի հետ եղել է Խորենացի փողոցում, երբ սկսվել են բախումները ոստիկանների և հավաքվածների միջև։ Սոնան պատմում է ժամը 23։00-24։00-ի սահմաններում իրենց հետ կատարվածը. « Ինչ- որ ժամանակ էր անցել ցույցից, ոստիկանները որոշեցին ցույցը ցրել։ Ասեցին, որ ունենք 10 րոպե ժամանակ ցրվելու համար։ Կրակեցին պայթուցիկանման նյութեր։ Բոլորը փախան, ես ու հայրիկս՝ նույնպես։ Հետո հետ եկանք տեսնելու, թե ինչ կատարվեց։ Երկուսով էինք՝ ես ու հայրիկս, գրեթե մարդ չկար արդեն այդ տարածքում։ Մի քանի ոստիկաններ մոտեցան, ասեցին՝ տարածքը լքենք։ Հայրիկը ասեց, որ հիմա կլքենք։ Ոստիկաններից մեկը պնդեց, որ հայրիկս գոռում է, այնինչ, նա հագիստ տոնով էր խոսում։ Երկուսիս բռնեցին։ Ես ձեռքիս ջրի շշով հարվածեցի ոստիկանին, ինձ բաց թողեց, ասելով՝ գնա աղջիկ ջան ու հրեց։ Իսկ հայրիկին, ոտքերից ու ձեռքերից բռնած, տարան ոստիկանական պատնեշից այն կողմ՝ ծեծեցին»։
Ընտանիքը երկու ժամից ավելի լուր չի ունեցել Մարատ Յավրումյանից, մինչ ժամը 02։00-ի սահմանները, երբ նա զանգահարել է ընտանիքին՝ տեղեկացնելով, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Բժիշկներն ախտորոշել են, որ հիվանդն ունի քթի կոտրվածք, և բերանի խոռոչի ներսում՝ մինչ շրթունքը մոտ 18 բժշկական կար են արել, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ սալջարդեր։
Յավրումյանի կինը՝ Լիլիթ Սարոյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնում է, որ ոստիկանական պատնեշից այն կողմ, ոստիկաններն ամուսնու երկու ձեռքերը բռնել են, իսկ նրանից մեկը, ով առջևից է քայլել, պարբերաբար պտտվել, բռունցքով և ոտքով հարվածել է դեմքին՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով։ Այնուհետ Յավրումյանին տեղափոխել են Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք, ստիպել են ինչ-որ թղթեր ստորագրել, որը ստորագրելիս Մարատ Յավրումյանը, կնոջ խոսքով, շոկային վիճակում է եղել։ Ոստիկանները հայտնել են՝ մինչև չստորագրես, բուժօգնության հնարավորություն չենք տա։ Կինն ասում է ՝ չգիտեն՝ ինչ թղթեր է ստորագրել, սակայն ենթադրում են՝ դրանցից մեկը ապօրինի սառը զենք պահելու, մյուսը՝ զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքներն են եղել։
Տեսնայութը՝ 0։08 վայրկյանից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել