HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր սկզբունքները չենք զոհի անգամ մեր գործընկերներին

Հարցազրույց «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ

- Կա՞ն էթիկական որոշակի սկզբունքներ, որոնցով առաջնորդվում է «Հայկական ժամանակ» օրաթերթը եւ որոնց պարտավոր են հետեւել թերթի լրագրողները:

- Էթիկական հիմնական սկզբունքը մեզ համար առաջին հերթին օրինականությունն է: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ լրատվությունը պետք է թողարկվի համաձայն «Մամուլի եւ զանգվածային մյուս լրատվամիջոցների մասին» օրենքի: Այդ շրջանակներում տեղավորվելով՝ փորձում ենք առավելագույնս հաշվի նստել ընթերցողի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ՝ ընդ որում, հրապարակելով միայն ճշտված, ստուգված ինֆորմացիա:

- Բայց, այնուամենայնիվ, անճշտությունները երբեմն անխուսափելի են: Նման պարագայում հրապարակման արդյունքում տուժած անձնավորությանը ընձեռվու՞մ է պատասխանի հնարավորություն:

- Առաջնորդվելով «Մամուլի եւ ԶԼ մյուս միջոցների մասին» օրենքով, որում ամրագրված է անճշտությունների դեպքում տուժողի հերքման կամ պատասխանի իրավունքը, նման դեպքերում, երբ մենք տեսնում ենք, որ հերքման ռեալ հիմքեր կան, անպայման այդ հնարավորությունն ընձեռում ենք:

- Այս օրերին իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «ԶԼՄ-ի մասին» օրենքի նախագիծը բողոքի ալիք է բարձրացրել ընդդիմադիր լրատվամիջոցների շարքերում: Մի՞թե նման օրենքի անհրաժեշտություն չկա, թե՞ դրա ետ—ում ինչ-որ բան եք տեսնում թաքնված:

- Ամբողջ այդ «բողոքի ալիքը» բարձրացավ դեռ այն ժամանակ, երբ ներկայացվեց «ԶԼՄ-ի մասին» օրենքի նախագծի առաջին տարբերակը: Դա խայտառակ տարբերակ էր եւ մեզ համար (ընդդիմադիր լրատվամիջոցների-Գ.Ն.) ելակետային էր՝ հասկանալու համար այն ընկալումը, որ իշխանությունն ունի ազատ խոսքի եւ ԶԼՄ-ի վերաբերյալ: Այդ պատճառով մենք այն ժամանակ պահանջեցինք նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանել: Բայց կառավարությունը բավարարվեց միայն հանելով բոլոր ակնհայտ կոպիտ դրույթները եւ հիմա փորձում է այդ ձեւով մտցնել խորհրդարան: Մեր մտավախությունն այսօր այն է, որ նախագծում առկա նախկին դրույթները, որոնք, ինչպես ցույց տվեց այդ նախագծի գոյությունը, հոգեհարազատ էին կառավարությանը, վերստին կվերադարձվեն: Եվ եթե առաջին ընթերցմամբ այս օրենքը ընդունվի, փաստորեն դրա վերջնական ընդունման գործընթացն ըստ էության անշրջելի կդառնա: Բացի այդ, ՀՀ սահմանադրական բարեփոխումների փաթեթում նախագծված է, այսպես կոչված, ազատ եւ պատասխանատու մամուլը: Այնտեղ բառացիորեն ասվում է, որ լրատվամիջոցների գործունեությունն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքով: Սա եւս մի ապացույց է, որ գործող իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի սահմանափակեն ազատ խասքը:

- Կարծում եք՝ փորձ է արվում գրաքննությու՞ն սահմանել:

- Հարցն այստեղ ոչ այքան գրաքննությունն է կամ դրա հակառակը, այլ իշխանությունների վերաբերմունքի արդյունքում ձեւավորված հոգեբանական այն մթնոլորտը, ուր փորձ է արվում յուրաքանչյուրին հասկացնել, որ նա, ով չի ցանկանում խնդիրներ ունենալ իշխանությունների հետ, պետք է իր մեջ զարգացնի ներքին գրաքննիչին, հակառակ դեպքում՝ իշխանությունների առաջ անպաշտպան կմնա: Հայաստանի լրատվամիջոցներում ինքնագրաքննության գոյության փաստն արձանագրում են բոլոր միջազգային դիտորդները եւ միջազգային հանրությունը:

- Եթե ընդդիմադիր լրատվամիջոցները որոշեն ստեղծել Էթիկայի կանոնագիր, Դուք («Հայկական ժամանակ») պատրաստակամություն կհայտնե՞ք միանալու դրան:

- Անկեղծ ասած՝ այդ հարցի շուրջ չեմ մտածել: Բայց որպեսզի վերաբերմունք արտահայտեմ ինչ-որ փաստաթղթի, ինչ-որ գաղափարի մասին, հարկ է որ ծանոթ լինեմ դրա հիմնադրույթներին, գոնե էսքիզներին: Նման կանոնագրի ստեղծմանը բնավ դեմ չեմ: Ընդհակառակը: Եթե ստեղծվի բոլորի համար ընդունելի մի տարբերակ, մեր խմբագրությունը եւս կմիանա դրան: Չնայած կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր թերթ ելնում է այն իրողությունից, որ մարդը խոսքի ազատության եւ տեղեկացված լինելու իրավունք ունի, եւ գործում է օրինականության սահմաններում, նման ֆորմալ փաստաթղթերի ստեղծումն անիմաստ է եւ ավելորդ: Որովհետեւ յուրաքանչյուրն էթիկայի մասին իր պատկերացումներն ունի: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին պետք է միայն վերամբարձ բաներ գրել: Ես այդպես չեմ կարծում: Մենք մեր սկզբունքները չենք զոհի անգամ մեր գործընկերներին: Հակառակ դեպքում՝ չի լինի «Հայկական ժամանակ» օրաթերթը, չի լինի «Հայկական ժամանակ»-ի ընթերցողը:

Հարցազրույցը վարեց Գեղամ Նուրիջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter