HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Գավառի խաբված բնակիչները ներկայանում են նիստերի, որոնք չեն կայանում

Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 14 դատական նիստեր էին նշանակված` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի` մարզի մի շարք բնակիչներից մոտ 3-ական մլն դրամ գանձելու պահանջով: Նիստերի մի մասը չկայացավ, մյուսները հետաձգվեցին:

Հիշեցնենք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը պնդում է, որ Գեղարքունիքի մարզի տասնյակ բնակիչներ 2014թ-ին ոսկու գրավադրմամբ վերցրել են վարկեր, որոնք ամբողջությամբ չեն մարել: Բանկը պահանջում է բռնագանձել վարկի մնացորդն ու պետական տուրքի գումարը, որը կազմում է 2,5-3 մլն դրամ:

Բնակիչները, սակայն, ասում են, որ իրենք գումար չեն ստացել, և իրենց անուններով վարկեր են վերցրել Գավառ քաղաքի բնակիչներ Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը: Նրանք, ըստ քաղաքացիների, նախապես չեն հայտնել, թե որքան գումար են վերցնում: Տուժողները չեն իմացել նաև, որ իրենց անունով ոչ միայն վարկի, այլ նաև երաշխավորության պայմանագրեր են կնքել: Արդյունքում պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուրը բանկին պարտք է 9-10 մլն դրամ, ինչի հետևանքով մի մասի գույքի վրա արդեն արգելանք է դրվել: Գործի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Հուլիսի 28-ին նշանակված 14 դատական նիստերից 8-ը չկայացան: Պատճառն այն էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը դատարան ներկայացավ 14:45-ին, թեև դատական նիստեր նշանակված էին 10:00-ից սկսած: Դատավորը մինչև 15:00-ն նախատեսված բոլոր նիստերը համարեց չկայացած, և նրա օգնականը դատարան ներկայացած քաղաքացիներին խնդրեց գնալ` հայտնելով, որ հաջորդ նիստերի վերաբերյալ կստանան ծանուցագրեր:

Գանձակ գյուղի բնակիչ Հարությունյան Իշխանը, ում վերաբերյալ դատական նիստը նշանակված էր 12:00-ին, հեռացավ 3 ժամ սպասելուց հետո: Դատարան էին ներկայացել նաև մեկ այլ գործով պատասխանողներ Արթուր Հովեյանը, Արայիկ Խաչատրյանը և Սարգիս Սարգսյանը, ովքեր մեկ ժամ սպասեցին նիստին, որն այդպես էլ չկայացավ:

Դատական նիստերին սպասող քաղաքացիները՝ դատարանի մուտքի դիմաց

«Էդ մարդիկ կարող էին չսպասել, կարող էին գնալ: Եթե դատական նիստը էդ ժամին չի բացվում, հետևաբար իրանք ազատ են»,- ավելի ուշ «Հետք»-ի հետ զրույցում ասաց դատավոր Թամրազյանը՝ վստահեցնելով, որ նիստերը չեն կարող արձանագրվել իբրև կայացած, եթե դատավորը ներկա չի եղել:

Թեև հուլիսի 28-ին նշանակված նիստերի արդյունքները հոդվածի հրապարակման պահին դեռևս չեն գրանցվել դատական տեղեկատվական համակարգում, ավելի վաղ՝ հունիսի 9-ին նշանակված երկու դատական նիստերի մասին գրված է, որ դրանք կայացել են՝ թեև դատավորն այս նիստերին նույնպես չէր ներկայացել: Հունիսի 9-ին նշանակված էին երկու նիստեր՝ 10:00-ին և 10:30-ին: Ինչպես հուլիսի 28-ի չկայացած նիստերի դեպքում՝ այն ժամանակ նույնպես դատարանում տեղեկացրին, որ Երևանից ժամանող դատավորի մեքենան ճանապարհին խնդիր է ունեցել: Ու թեև դատավորը ներկա չէր նիստերին, դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դրանք կայացել են. առաջինի դեպքում հակընդդեմ հայց է ներկայացվել, որը վերադարձվել է, երկրորդի ժամանակ ներկայացվել է գործի վարույթը կասեցնելու միջնորդություն պատասխանողի կողմից:

Հայցվոր կողմը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, խնդրում է առանց իր ներկայության անցկացնել նիստերը: Նմանատիպ տասնյակ գործերով պատասխանող հանդիսացող, բայց իրականում՝ տուժած քաղաքացիներից շատերը չեն ներկայանում նիստերին: Սոս Սաֆարյանը նրանցից շատերին վստահեցնում է, որ ինքը կլուծի դատական հարցերը: Ավելի ուշ քաղաքացիները ստանում են վճիռներ, օրինակ, իրենց գույքի վրա արգելանք դնելու մասին:

Հուլիսի 28-ին դատական նիստի էր ներկայացել Զազյան Գայանեն, ում ընտանիքից խաբեության զոհ են դարձել 4-ը: Նա դատարանին խնդրեց հետաձգել նիստը, քանի որ չէին ներկայացել մյուս երկու պատասխանողները: Վերջիններիս տիկին Գայանեն չի ճանաչում, ասում է, որ երբեք չի հանդիպել վարկառուին, որի վերցրած վարկի երաշխավորն է ինքը:

Մեկ այլ գործով դատական նիստը նույնպես հետաձգվեց մինչև սեպտեմբեր, քանի որ նիստին ներկայացած պատասխանողը չուներ անձը հաստատող փաստաթուղթ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճը

Դատական նիստերն իր աշխատասենյակում անցկացնելու հանգամանքը դատավոր Արթուր Թամրազյանը բացատրում է նրանով, որ «դահլիճում պայման չկա»: Փոխարենը՝ նիստերն անց են կացվում փոքր աշխատասենյակում, որտեղ, ըստ նրա, նաև կկարողանան միմյանց լսել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճը

Չնայած պնդմանը, թե բոլոր դատական նիստերը սկսվում են նշանակված ժամին, դատավորը հետաձգեց հաջորդող նիստերից մեկը ևս, որին պատասխանող Արմեն Ցոգոլակյանը ներկայացել էր ժամանակին և միայն 30 րոպե սպասելուց հետո իմացավ, որ նիստը հետաձգվում է:

Քաղաքացիներին վրդովեցնում է այն, որ կանգնել են սեփական գույքը կորցնելու վտանգի առաջ՝ ուրիշի վերցրած գումարի պատճառով, այժմ էլ ստիպված են պարբերաբար ներկայանալ դատական նիստերին և ապացուցել, որ իրենք որևէ գումար չեն ստացել բանկից: Նրանցից շատերը չեն աշխատում: Ասում են՝ այլ դեպքերում վարկ վերցնելու շատ փորձեր չեն հաջողվել հենց աշխատավարձ կամ գույք չունենալու պատճառով, ու զարմանում են, թե ինչպես է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը իրենց երաշխավոր ճանաչել մոտ 10 մլն դրամի հասնող վարկերի համար՝ չունենալով վկայություն իրենց եկամուտի վերաբերյալ: Վարկային նման պատմություն ունենալով՝ այժմ նրանցից շատերը չեն կարողանում վարկեր վերցնել՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter