Սկյուռի անիվ հիշեցնող իրավական ճանապարհը
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից
Այն, ինչ վերջին օրերին տեսնում եմ հեռուստացույցով, տարիների փորձով գիտեմ՝ կիսատ-պռատ ինֆորմացիա է: Գիտեք, որ ինֆորմացիայի այլ աղբյուր բանտում չկա: Դա է պատճառը, որ լրիվ չեմ կարողանում պատկերացնել՝ ինչ է կատարվում կլոր բանտից մի քանի կիլոմետր այն կողմ՝ Ողջերի աշխարհում: Բայց երեկոյան ժամերին հատկապես, երբ շուրջը լուռ է, կրակոցների ձայները լսելի են դառնում նաև այստեղ:
Ու քանի որ ուզում եմ տեղի ունեցածը հասկանալ, նյութեր եմ ստանում դրսից: Կարդում եմ, փորձում վերլուծել՝ կցկտուր տեղեկությունները հավաքելով իրար գլխի: Հասկացա, որ ամենևին էլ պատահական չէ, որ կիսախաղալիք ատրճանակով ակցիա արած ու դրա համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները, Շանթի գործով Լիպարիտի եղբայրը ու էլի մի քանի քաղաքացիներ մտել են ոստիկանական գունդ: Կարդացի, որ նրանք ասում են՝ այլ ճանապարհ չկա, ասում են՝ մենք տարիներով պայքարել ենք անարդարությունների դեմ, բայց անարդյունք:
Հենց ասում են իրավական պայքար, պատկերացնում եմ անիվի մեջ սկյուռի անվերջ պտույտը: Տպավորություն է, որ իշխանությունները ժողովրդին տալիս են բազմաթիվ «ժողովրդավարական» սկյուռի անիվներ և ասում, ինչքան ցանկանում եք պտտեցրեք այդ «իրավունքի անիվները», մեկ է`նույն տեղում եք մնալու…
Մի այդպիսի «անիվ» էլ դատաիրավական համակարգն է: Ամերիկայից և Եվրոպայից անվերջ գումարներ են ստանում, իբր, Հայաստանում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Մինչև խորը արմատները փտած-նեխած համակարգում մեկ-երկու կոսմետիկ ձևական նորոգումներ են անում և վերջ`սկյուռը նորից նույն տեղում է վազում: «Եվրոռեմոնտներ» են անում դատարանի շենքերում, բայց դատավորները, միևնույնն է, մնում են կախյալ նախագահականից և դատախազությունից, բայց ոչ իրավունքից:
Ամենավառ օրինակներից մեկը իմ 20 տարվա «սկյուռի անիվի» անընդմեջ օրինական վազք-պայքարն է հանուն արդարության վերականգնման`անօրեն մահապատժի դատավճռի վերանայման:
Տեսեք՝ իմ տեսած ու փորձած իրավական ճանապարհը, նկարել եմ, որ դուք էլ պատկերացնեք.
Դատարաններում պայքարի 20-ամյա փորձ ունեմ: 20 տարի բղավում եմ անրարդարության մասին, նրա մասին, թե ինչպես են Հանուն Հայաստանի Հանրապետության մեկ ցուցմունքով մահապատժի դատավճիռ կայացրել: 20 տարվա մեջ 20-ից ավելի դատավարությունների եմ մասնակցել, վիճարկել անօրեն դատավճիռը, որպեսզի այն բեկանվի: Բայց անգամ դատավորները մատով վերև են ցույց տվել, թե հարցի լուծումը գործադիր իշխանությունից է գալիս:
Թող որևէ մեկը ինձ մեղադրի՝ ասելով, որ 20 տարի չեմ պայքարել՝ վկա գրիչներիս այն դատարկված միջուկները, որոնք ժամանակ առ ժամանակ ուղարկում եմ դուրս: Բայց իմ օրինակով գիտեմ՝ մեր երկրում օրենքի, իրավունքի դաշտում պայքարը տանում է դեպի փակուղի, եթե այսպես ասած՝ «իշխանության մարդը չես»:
Իսկ երբ իրավական ճանապարհները սպառված եմ համարել, երկու անգամ ինքս ինձ «արձակուրդ» եմ տվել՝ փախուստ անելով ընկերոջս՝ Սողոմոնի հետ:
Ի դեպ, հետաքրքրվողներին ևս մեկ անգամ տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի արդեն նախկին խորհրդական Նարեկ Մալյանի և Իզաբելլա Աբգարյանի զրպարտության վերաբերյալ իմ հայցի մերժումը դատարանը բացատրել էր նրանով, թե, իբր, պատասխանողներն ինձ նկատի չեն ունեցել, այլ վերացական են արտահայտվել: Նման կերպ անօրեն գործող, կախյալ դատարաններում ի՞նչ իմաստ ունի այն էլ քաղաքացիական գործով ամեն ատյանում 50-60 հազար դրամ պետական տուրք վճարել «սև մածունի» մասին անհեթեթ որոշումներ ստանալու համար: Առանց այդ էլ իմ ընտանիքը 20 տարի գումար է ծախսում, սնունդ ու հագուստ բերում բանտ: Ու որևէ մեկը թող չմտածի, թե բանտարկյալներն ապրում են պետական միջոցներով: Դատապարտյալների ու կալանավորնրի մեծ մասը գոյատևում է ընտանքիների բերած սննդի հաշվին: Բայց սա առանձին թեմա է:
Դատական սխալի և նոր երևան եկած հանգամանքների հիմքով թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական գործով դատարանների որոշումները ենթակա են վերանայման առանց ժամկետների սահմանափակման: Այս պահին կենտրոնացած եմ և քայլեր են անում հիմանական գործով`մահապատժի դատավճռի բեկանման պահանջով դատարան դիմելու համար:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել