
«Սասնա Ծռեր» խումբը ցած է դնում զենքը
Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, ով «Սասնա Ծռեր» խմբի մյուս անդամների հետ հուլիսի 17-ին գրավել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը, «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ խումբը ցած է դնում զենքը:
«Ժամը 8-ին մենք դուրս ենք գալու այստեղից, զենքը դնելու ենք, դուրս ենք գալու, քանի որ չենք ուզում, որ արյունահեղություն լինի»,- ասաց Ավետիսյանը՝ ներկայացնելով վերջին օրվա ընթացքում կատարված իրադարձություններն ու որոշման պատճառները:
Ավետիսյանը ասաց, որ իշխանությունը որդեգրել էր խմբի անդամներին դիպուկահարների միջոցով շարքից հանելու մարտավարություն՝ հիմնականում ոտքից վիրավորելով օրական երկու հոգու: Գնդում մնացել են 20 հոգի, ում դեմ գրոհել են իրավապահները գիշերը՝ քանդելով գնդի պատերը:
«Մենք փորձեցինք իրենց հետ երկխոսության մտնել, սակայն այսօր ինտենսիվ կերպով մոտ 40 դիպուկահարներ գնդակոծում էին ամբողջ տարածքը, ռումբեր էին նետում անօդաչու սարքերը, կրակում էին զրահատեխնիկայից՝ սկզբում ձայնային ռումբերից, բայց հետո հասկանալի դարձավ, որ հրազեն էլ են օգտագործում, և զրահատեխնիկայով սկսեցին ներխուժել տարածք»:
«Առաջացած իրավիճակում մենք ունեինք երկու տարբերակ. առաջին՝ մարտի բռնվել մեր վրա գրոհող ոստիկանության և այլ [զին]ծառայողների հետ, և երկուստեք ծանր կորուստներ ունենալ՝ հեղելով հայ մարդկանց՝ մեր Հայաստանի քաղաքացիների արյունը, այն մարդկանց, որոնք (եթե ունեն) շատ քիչ առնչություն ունեն այս ռեժիմի կայացրած որոշումների հետ, բայց իրենց ծառայության բերումով այդ գործի մեջ են: Եվ մյուս որոշումը՝ չգնալ արյունահեղության և շարունակել պայքարը՝ մնալով հաստատակամ, մնալով մեր տեսակետների վրա, շարունակել պայքարը ռազմագերու կարգավիճակով, որովհետև արդեն քաղբանտարկյալի մասին խոսք չի կարող լինել այս իրավիճակում, այլ՝ եթե մենք հանձնվենք, դառնում ենք ռազմագերի»:
«Շատ ծանր որոշում էր մեր համար. մենք որոշեցինք արյուն չհեղել և ընտրել ռազմագերու կարգավիճակը՝ հետևյալ նկատառումներով. մեր առաքելությունը ժողովրդական ընդվզում հարուցելու մասով համարում ենք կատարված, հիմա արդեն կա ժողովրդական ընդվզում, կա ժողովրդական շարժում, այն աճում է, և մենք ավելորդ համարեցինք անտեղի տասնյակ, բազմատասնյակ զոհեր առաջացնել և հարյուրավոր, հազարավոր մեր քաղաքացիներին վշտի մեջ դնել»:
Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք գունդ մտնելու օրվանից իրենց նահատակ են համարում, բայց իրենց դեմ «կանգնած էին մարդիկ, որոնք իրենց պարտականությունն էին կատարում, թեպետ չեն գիտակցում, որ սխալ հրամաններ են կատարում, բայց այդ մարդիկ միգուցե այդպես են համոզված»:
«Սասնա Ծռեր»-ի անդամի խոսքով՝ իրենք փոխում են պայքարի տեսակը, և հետագայում ռազմագերու կարգավիճակում կպայքարեն: «Իսկ մեր ժողովրդին կոչ ենք անում ոչ մի գրամ չկասկածել մեր ընդհանուր հաղթանակին, ժողովրդական ընդվզումը պետք է շարունակվի. չարտագաղթել, մնալ, պայքարել և հաղթել այս արյունարբու ռեժիմին, այս հակահայ, հակամարդ ռեժիմին: Մեր ժողովուրդը պետք է ազատագրվի, սա ազգային-ազատագրական պայքար է, մենք իրավունք չունենք մեր հինավուրց, հազարամյա հայրենիքը թողնել, որ դառնա ռուսական նահանգ կամ... գտնվի ողորմելի վիճակում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք ընդամենը «կայծն էին ուզում տալ», ինչի իմաստով իրենք բավարարված են, թեև ժողովրդական մոբիլիզացիայի գործընթացը կարող էր ավելի արագ լինել. «Հեղափոխականները հաճախ հայտնվում են բանտերում, հետո այնտեղից հաղթանակած դուրս են գալիս՝ իրենց ժողովրդի հաղթանակի շնորհիվ»:
Վարուժան Ավետիսյանի ամբողջական հայտարարությունը լսեք տեսանյութում.
Լրացում. Ավելի ուշ 1in.am-ը հրապարակեց տեսանյութ, որը ներկայացնում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների հանձնվելու տեսարանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել