HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յուքոմ»-ի բաժանորդները երկու օր է՝ զրկված են կապից. նրանք փոխհատուցում են պահանջում

«Յուքոմ»-ի Աջափնյակի բնակիչներն արդեն երկու օր է՝ զրկված են ինտերնետ կապից: Այսօր առավոտյան մի խումբ բնակիչներ պարզաբանումների համար մոտեցել են Մարգարյան 10/2 հասցեի «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ, որպեսզի ճշտեն, թե ինչու մինչ օրս իրենց կապը չի վերականգնվել: Սպասարկամն գրասենյակը, սակայն, սպառիչ պատասխաններ չի տալիս:

16-րդ թաղամասի, 44-րդ շենքի բնակիչ Գոհար Օհանյանը պատմում է, որ կապը միշտ անորակ է, իսկ երկրորդ օրն է՝ ընդհանրապես անջատված է: «Էլ օպերատոր չմանաց հետը ժամերով չզրուցենք, մեր ֆինանսական միջոցների ու նյարդերի հաշվին, ոչ մեկ պատասխան չի տալիս մեզ: Քանի օր է՝ զանգում ենք, հարցնում ենք, իրենք ոչ մի նորմալ պատասխան չեն տալիս, անորոշ պատասխաններ են տալիս »,-ասում է Գոհար Օհանյանը:

Բաժանորդներին շաբաթ օրը sms հաղորդագրությամբ հայտնել են, որ կապը կանջատվի մինչ կիրակի առավոտ՝ ժամը 11:00-ն, սակայն առավոտն էլ կապը չի վերականգնվել:

«Լրատվամիջոցների տեղեկատվությունից զրկված ենք, որովհետև «Յուքոմ»-ից ենք օգտվում, էլ չեմ ասում, որ ինտերնետն էլ իր հերթին,-ասում է Գոհար Օհանյանը: -Ուզում ենք խզել պայմանագիրը, ուզում ենք փոխհատուցեն, ուզում ենք պատասխան տան, թե երբ կարող ենք ինտերնետ ունենալ»:

Բաշինջաղյան 1-ին փողոց, 8-րդ շենքի բնակիչ Հասմիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը սպասարկման գրասենյակում վատացել է: Ասում է՝ որդին գտնվում է Գերմանիայում և որոշ խնդիրներ ունի, ուզում են շտապ կապ հաստատել նրա հետ, սակայն ինտերնետ երկու օր է չունեն:

«Ձեռքի բջջային հեռախոսով ժամը մեկ զանգահարում եմ, ինձ պատասխանում են, որ մեկ ժամից կլինի: Մի տաս անգամ զանգել եմ և 2000 դրամի օպերատորի հետ խոսել եմ, ինձ վստահեցրեց, որ երեկոյան ժամը 10-ին անպայման կապը կլինի, ինձ խիստ կարևոր էր, որ կապվեմ տղայիս հետ: Բայց կապը չվերականգնվեց: Գնացինք սպասարկման գրասենյակ, մեզ ասում են՝ բողոք ունեք, գնացեք գլխամաս: Ասում եմ՝ ձեռքիս փող չկա, բա սպասարկման գրասենյակն ինչի համար է, որ մեր ձայնը չբարձրացնեք»,- ասում է Հասմիկ Ստեփանյանը:

Նա օգտվում է «Յուքոմ»-ի ամսական 8000 դրամանոց կապից, որի որակից խիստ դժգոհ է: Ասում է, որ իր՝ ուսուցչի աշխատավարձով ապրող անձի համար 8000 դրամը մեծ փող է: Որդին մեկնել է Գերմանիա՝ աշխատելու: Նրա հետ կապը ինտերնետի միջոցով են պահում: Սակայն օրերով ինտերնետ չեն ունենում, իսկ ամսվա ողջ վճարը ստիպված են վճարել: «Բայց երբ  մենք վճարն ուշացնում ենք, ինտերնետը միանգամից անջատում են: Մենք ոչ մի լծակ չունենք պաշտպանվելու,- ասում է բնակիչը: -Սա առաջին դեպքը չէ, եթե սուտ չասեմ՝ ամսվա մեջ 10 օր ինտերնետ չեմ ունեցել, բայց երբ գալիս է վճարի պահը, ամբողջությամբ պահանջում են: Ասում են՝ պիտի գնաք գլխամաս, դիմում գրեք, թե ամսվա մեջ քանի օր ինտերնետ չեք ունեցել, և ձեր դիմումը դնեն քննարկեն: Միթե իրենք չգիտեն, թե տվյալ տեղամասում իրենք քանի օր մեզ ինտերնետ կապ չեն ապահովել: Եվ ինչու են մեզ իզուր տեղը գցում էդ քաշքշուկի մեջ: Եթե 10 օր, 9 օր կամ 8 օր մեզ ինտերնետ կապ չեք տվել, հանե՛ք մեր վճարից դա: Մենք մի կերպ ենք դա վճարում»:

«Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ իրենց տվյալների սպասարկման կայանը տեղափոխվում էր, և իրենք շաբաթ օրը բաժանորդներին sms հաղորդագրություններով տեղեկացրել են, որ մինչև առավոտյան ժամը 11-ը, քանի որ ֆիզիկապես լարերը կտրվելու և տեղափոխվելու են ուրիշ տեղ, կապ չի լինելու: «Սակայն գործընթացքը երկարել է մինչև կիրակի ժամը 20:00-ն, բայց ինչքան որ տեղափոխվում էր, աստիճանաբար միացվում էր, և ինչ-որ մասը կամաց-կամաց սկսել էր ինտերնետ ունենալ: Բուն պրոցեսը երեկոյան 8-ին ավարտվել է, և իրենք այսօր և երեկ երեկոյան ինտերնետ ունեին: Ուղղակի այսօր առավոտյան, կարծես կարկուտը ծեծած տեղն է ծեծում, այդ հատվածը երկու ժամով հոսանքազրկվել էր, և իրենք, արդեն ոչ մեր պատճառով, չեն ունեցել ինտերնետ: Այս պահին կապը վերականգնված է և բաժանորդներն ունեն ինտերնետ»,- վստահեցրեց Դիանա Մնացականյանը:

Աշխատանքների երկարելու մասին բաժանորդներին sms չի ուղարկվել, քանի որ, ըստ հանրային կապերի պատասխանատուի, աստիճանաբար միացումները կատարվել են:

Դիանա Մնացականյանի հետ զրույցից հետո՝ րոպեներ առաջ կապվեցինք Հասմիկ Ստեփանյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք կապը վերականգնված է: Վերջինս հավաստիացրեց, որ իրենց կապը դեռևս չի վերականգվել: Չի վերականգվել նաև Շինարարների 10/1 հասցեի բնակիչ՝ Ռոգովայա Սվետլանայի կապը, ով այսօր նույնպես սպասարկման կենտրոնում էր: 

Ավելացված 14:20

Դիանա Մնացականյանը ավելի ուշ պարզաբանեց, որ առանձին բաժանոդրների մոտ կարգավորումների կամ իրենց համակարգիչների հետ խնդիր է եղել, այդ պատճառով նրանք չեն կարողացել միանալ: Կապը բոլորի մոտ վերականանգնված է: 

Մեկնաբանություններ (1)

Հասմիլ Հարությունյան
Դիանա Մնացականյանն ամենալկտի ձևով ստում է։ Հիմա 15։։41 է, և մի վայրլյան անգամ կապը չի վերականգնվել։ Խնդրում եմ, հարգելի խմբագրություն, հետևողականորեն շարունակեք ձեր արդար ու բարի գործը։ Սա պարզապես, շորթում լինելուց բացի, ցինիզմ է և ստախոսություն և վնասում է շատերիս աշխատանքը, որ կապված է ինտերնետի հետ։ Եթե սուտ չխոսեն, դեռ կարելի է փորձել ըմբռնումով մոտենալ ավելի հաճախ ինտերնետ չունենալու, քան ունենալու փաստին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter