
Պարզաբանում
www.hetq.am կայքում այսօր տեղ գտած «Ալեք Ենիգոմշյանը «Արմավիր» ՔԿՀ-ի անձնակազմից դժգոհություն չունի, սակայն հիմնարկի պայմանները բավարար չեն նրա համար» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը իրականության հետ որևէ աղերս չունի:
Մասնավորապես, ըստ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արա Ալեքսանդր Կոմշույանի (Ա. Ենիգոմշյան) փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի` քրեակատարողական հիմնարկում առկա չեն հաշմանդամություն ունեցող անձանց ամենօրյա խնամքը պատշաճ ապահովելու համաատասխան պայմաններ, ինչի արդյունքում Ա.Կոմշույանը զրկված է խնամքի տարրական հնարավորություններից:
Տեղեկացնում ենք, որ կալանավորված անձ Ա.Կոմշույանը պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` համապատասխան սարքավորումներով և, հաշմանդամությամբ պայմանավորված, տեղաշարժման ունակությունը կորցրած անձանց ամենօրյա պատշաճ խնամքն ապահովելու անհրաժեշտ պարագաներով հագեցած բուժմասի առանձին սենյակում, որն էլ իր հերթին հարմարեցված է խնամքի կարիք ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալներին պահելու համար:
Ինչ վերաբերում է Ա.Կոմշույանին խնամող տրամադրելու` վերջինիս փաստաբանի բարձրաձայնած խնդրին, ապա հարկ ենք համարում նշել, որ տվյալ անձի ամենօրյա պատշաճ խնամքն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունելու օրը՝ 2016թ. հուլիսի 30-ին, «Արմավիր» ՔԿՀ-ի պետի` 30.07.2016թ. թիվ Լ-49 հրամանով` բժշկական սպասարկման բաժնի 3 բուժակների հանձնարարվել է հերթափոխով կազմակերպել Ա.Կոմշույանի 24-ժամյա խնամքը, ինչը և մինչ օրս ապահովվում է:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Մեկնաբանել