
«Լոռին սատարում է Սասնա ծռերին». հանրահավաք ու բողոքի երթ Վանաձորում
«Լոռին սատարում է Սասնա ծռերին», «Մենք Սասնա ծուռ ենք», «Ազատություն Սասնա ծռերին», «Սերժիկ, հեռացիր». այս ու նմանատիպ այլ վանկարկումներով այսօր երեկոյան Վանաձորի Հայքի հրապարակում մեկնարկեց լոռեցիների հանրահավաքը, որն ավելի ուշ շարունակվեց բողոքի երթով:
Ի տարբերություն նախորդ ցույցերի, այսօր կայացած բողոքի ակցիան մարդաշատ էր: Մասնակիցների թիվը հետզհետե ավելացավ նաև բողոքի երթի ընթացքում: Նրանք նախ Հայքի հրապարակից շարժվեցին դեպի կենտրոնական հանրախանութ, ապա քաղաքի հակառակ ծայրում գտնվող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ ու կրկին վերադարձան հրապարակ: Ակցիային մասնակցում էին ինչպես տարբեր կուսակցությունների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատներ:
Բողոքի երթը եռագույնով առաջնորդող 17-ամյա Տիգրան Ղումաշյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ մշտապես մասնակցում է ի աջակցություն «Սասնա ծռեր»-ի անցկացվող ակցիաներին:
«Այսօրվա երթին մասնակցում եմ, որ Պավլիկենց ազատ արձակեն, որ նրանց չպահեն որպես բանտարկյալ: Նրանք հերոսներ են, հեղափոխականներ են, այլ ոչ թե տեռորիստներ: Նրանք այդ քայլին են դիմել, որովհետև էլ ուրիշ ելք չեն տեսել: Ես պայքարում եմ իմ երկրի, իմ հերոսների համար»:
17-ամյա տղան վստահ է` համատեղ պայքարը կարող է հաջողություն ունենալ:
«Ես Սասնա ծռերի հետ եմ, նրանք մեր հերսներն են: Էդ օլիգարխները թող հեռանան, բավական է, մեր կյանքը կերան, Հայաստանը մնաց առանց հայերի: Մեր շենքից ես ամեն օր տեսնում եմ, թե առավոտյան ու երեկոյան քանի ավտոբուս հայ է գնում երկրից: Ես պայքարելու եմ մինչև վերջ, մինչև ունենանք նորմալ կառավարություն»,- նշեց թոշակառու Նյուրա Հովսեփյանը:
Չնայած նրան, որ այսօր բողոքի մասնակիցների թիվը բավականին մեծ էր, Ն. Հովսեփյանի կարծիքով` նրանց թիվը կարող էր ավելին լինել, եթե չլիներ համատարած վախի մթնոլորտը: «Երբ հարցնում ենք, բոլորն առանձին-առանձին ասում են, որ կողմ են այս շարժմանը, բայց վախենում են միանալ»,- ասում է նա ու հույս հայտնում՝ ոչինչ, կամաց կարթնանան, կմիանան:
22-ամյա Արման Ավեյանը, չնայած նրան, որ երկու հենակների օգնությամբ էր քայլում, մինչև վերջ մասնակցեց մեկ ժամից ավել տևած երթին:
«Դեռ 23 տարի առաջ՝ 92-93 թվականներին, Ղարաբաղն ազատագրելու համար նրանք իմ խաղաղության համար պատերազմեցին ու ես չեմ կարող չմասնակցել այս երթին: Ժողովրդական խոսք կա՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Եթե բոլորը ոտքի կանգնեն, կկարողանանք արմատական փոփոխություններ անել մեր երկրում,- ասում է Արմանը:
Մի քանի ժամ տևած հանրահավաքի ու երթի ավարտին մասնակիցները ցրվեցին՝ հաջորդող բոլոր օրերին ամեն երեկո ժամը 19:00-ին Հայքի հրապարակում կրկին հանդիպելու ու հետագա անելիքները հստակեցնելու պայմանով:
Գայանե Սարգսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել