
Ծուռ հայելու առաջ. ՀՀ նախագահի (հետ)ճգնաժամային ելույթի ուղերձները
Ի՞նչ ասաց նախագահը հուլիսյան երկշաբաթյա աննախադեպ լարվածության առիթով: Խոսք (նախագահի նստավայրում հանդիպում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, օգոստոսի 1), որին այդքան սպասում էին բոլորը, քանի որ երկու շաբաթ շարունակ հարթակում երեք դերակատարներ կային`«Սասնա ծռերը», փողոց դուրս եկած հանրությունը եւ այս երկուսի դեմ գործող ուժայինները:
- Իրադրությունը հանգուցալուծվեց, շնորհիվ Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Ներքին զորքերի հետևողական և համադրված գործողությունների: Կեցցեն ՀՀ ուժային կառույցները: Ուղերձ` չեն լինելու նրանց անհամարժեք գործողությունների հետեւանքով բազմաթիվ օրինախախտումների քննություններն ու պատիժները: Չսպասեք:
- Ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը: Ուղերձ`եթե հասարակությունը դեռ չգիտի, թող իմանա, որ արմատական փոփոխությունների գործընթաց գոյություն ունի, բայց այն հասարակության համար տեսանելի չէ, ու որպեսզի տեսանելի դառնա, այն պետք է արագացնել:
- Այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում: Ուղերձ` մինչեւ հիմա հանդուրժել ենք, այսուհետ այդպես չի լինի: Միայն թե չի մանրամասնվում, ահաբեկչության բոլո՞ր դրսեւորումներն են անթուլյատրելի լինելու, թե՞ միայն քաղաքական առումով անհարմարները: Ասենք օլիգարխների ու նրանց մերձավոր հարազատների զենքով հարցեր լուծելու միջադեպերն էլի՞ ջրվելու են իրավապահ ու պետական միջանցքներում, թե՞ չեն ջրվելու: Իսկ քաղաքական հիմքով մարդկանց ձերբակալություններն ու կալանքը պետական ահաբեկչություն է՞, թե՞ չէ:
Էլի ուղերձ` «Սասնա ծռերը» միանշանակ ահաբեկիչներ են գնահատվում, եւ սա այլեւս նրանց առաջադրվող մեղադրանքների հիմքում է ընկած լինելու:
- Լրագրողների նկատմամբ բռնությունները ամենամեծ բացթողումն է եղել: Կարծես բացի լրագրողներից այլեւս ոչ մեկի հանդեպ բռնություն չի կիրառվել, կարծես չեն ահաբեկվել Երեւանի մի ամողջ թաղամասի բնակիչները, կարծես նրանց բնակարաններ զանգվածաար չեն ներխուժել ուժայիններ ու չեն փչացրել նրանց գույքը: Եւ իբրեւ ամեն ինչ, բացի լրագրողների հետ միջադեպերից, իրականացվել է օրենքի շրջանակներում: Ուղերձ`լրագրողների ծեծուջարդը հետեւություններ անելու, բայց ոչ քրգործեր բացելու հիմք են լինելու: Թող լրագրողները կատարվածը սարսափ երազի պես մոռանան, քանի որ առաջիկայում նրանց հետ այդպես այլեւս չեն վարվի (ազնիվ խոսք):
-Ուղերձ` հիմա ոչ մի հրաժարական կառավարությունում կամ այլ ատյանում, ուժայինների շարքերում չեն լինելու: Սպասեք մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ու այսպես կոչված ազգային համաձայնության իշխանությունը կձեւավորվի միայն այդ ժամանակ:
- Ուղերձ` (պարզվում է) Հայաստանը հարուստ է քաղաքական գործիչներով: Միայն թե հասկանալի չէ, թե ինչու էին այդ քաղգործիչները հետեւում իրադարձությունների ընթացքին սոցցանցերի սովորական օգտատերերի նման` «հեռվից հեռու»: Բայց այն տարբերությամբ, որ սովորական օգտատերերն ակտիվորեն քննարկում էին Հայաստանի համար այսօր հույժ կարեւոր խնդիրները`հեղեղելով ինտերնետն իրենց կարծիքներով ու գնահատականներով, իսկ քաղգործիչները ձկան դեր էին ստանձնել`ամեն ինչ տեսնում ու լսում եմ, բայց խոսել չեմ կարող: Իսկ փողոցներ դուրս եկած զանգվածները գրեթե երկու շաբաթ շարունակ փորձում էին ինքնակազմակերպվել առանց քաղուժերի ու քաղգործիչների առաջնորդության: Անառաջնորդ մի հանրություն երեւանյան ռեալ, ոչ վիրտուալ փողոցներում, որտեղ բոլորը եւ խոսողներ էին եւ լսողներ: Ինչպես սոցցանցերում:
- Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Ուղերձ` լինելու են երկկողմանի զիջումներ: Իսկ ի՞նչ ունի Հայաստանը զիջելու: Ճիշտ է, տարածքներ: Ի՞նչ ունի Ադրբեջանը զիջելու: Ճիշտ է, կամ չպատերազմելու խոստում, ամրագրված փաստաթղթով, կամ` եթե շատ երեւակայենք մեզ` Ղարաբաղի ոչ թե անկախության, այլ միջանկյալ կարգավիճակի ընդունում:
- Ուղերձ` նախագահը հանուն ժողովրդի համար ընդունելի կարգավիճակի պատրաստ է զոհաբերել ոչ միայն պաշտոնը, այլեւ կյանքը: Բայց գիտի՞ արդյոք նա, թե որն է այժմ ժողովրդի համար ընդունելի տարբերակը: Միակ բանը, որ Հայաստանում արմատապես ու արագ փոխվել է, դա «ժողովրդի համար ընդունելի տարբերակն է»: Ապրիլից հետո «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձեւը այլեւս ընդունելի չէ:
Ի՞նչ չասվեց; Թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ կատարվեց այդ ամենը, ինչը՞ դրդեց պատերազմով անցած մարդկանց դիմելու ծայրահեղ գործողության, վտանգելու այն Հայրենիքին, որին նրանք էլ էին պատրաստ զոհաբերել իրենց կյանքը: Երկրորդ անգամ:
Մեկնաբանել