Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 45 %-ով
Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսյանի և Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ու ամպանդմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:
«Մեր երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նպատակն է ընդլայնել և բազմազան դարձնել հայ-վրացական հարաբերությունները: Մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների խորացմամբ և զարգացմամբ և համոզված ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի և Վրաստանի միջև միասնական տնտեսական քաղաքականության ներդրմանը, որն իր հերթին թույլ կտա էապես ավելացնել երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը:
Նիկա Գիլաուրին կարևորել է այն, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորվել են շատ լավ տնտեսական հարաբերություններ: «Ուրախալի է, որ տարեցտարի այդ հարաբերությունները խորանում են ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակը նախորդ տարվա համեմատ աճել է 45 %-ով»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա նշել է, որ առկա են հայ-վրացական բազմաթիվ ընդհանուր նախագծեր, որոնք վերաբերում են մաքսային կետերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարությանը և այլն:
«Մենք անպայման պետք է շարունակենք բանակցությունները՝ համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար: Ներկայում Վրաստանում և Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք էլ լինելու համատեղ նախագծերի իրականացման գլխավոր գործիքները»,- ասել է Նիկա Գիլաուրին՝ շնորհակալաություն հայտնելով Տիգրան Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ համատեղ լավ աշխատանքի համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել