HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արսեն Թադևոսյան. «Էնքան բողոք կներկայացնեմ, մինչ ծեծելով ինձ կսպանեն..»

Հուլիսի 21-ին ոստիկանները ծեծելով կոտրել էին Արսեն Թադևոսյանի ծնոտը: Արսենի ընկեր Արսեն Օհանյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմել էր, որ Արսենը հուլիսի 20-ին գնացել էր Խորենացի փողոց` հանրային քննարկման, սակայն որոշ ժամանակ անց ոստիկանների հետ բախումներ էին սկսվել: Բախումներից հետո գիշերը մնացել էր Խորենացի փողոցում: Ժամը 03:00-00:04-ի սահմաններում ոստիկանները սկսել էին բերման ենթարկել քաղաքացիներին: Ինչպես նշում է ընկերը, բերման ենթարկելիս Արսենին ծեծելով տարել էին «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ չորսով շարունակել էին ծեծը:


Ոստիկանները ծեծելով կոտրել են Արսեն Թադևոսյանի ծնոտը


Հուլիսի 21-ից նրա ծնոտը վիրակապված է: Այժմ ծնոտային սուր ցավեր ունի: Ասում է՝  այն երկկողմանի կոտրվել է: Արսենը կարծում է՝ վիրահատության անհրաժեշտություն կա, թեև «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժող բժիշկը վիրակապել է ծնոտը՝ ասելով. «Ճիշտ է՝ ծուռ, բայց իրենով կկպնի»:

Սակայն, Արսենը այցելել է «Հերացի» №1 հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկա և «Կանազի» հոսպիտալ: Տեղի բժիշկները հորդորել են՝ պարտադիր վիրահատություն: «Ասեցին՝ եթե չվիրահատեմ, կունենամ կեղծ հոդի խնդիր: Այսինքն՝ մեջտեղը մսային հատված կլինի, որն ամբողջ կյանքում կխանգարի: Նույնիսկ ատամ հեռացնելը ինձ համար կարող է լինի ճակատագրական. փտախտ կսկսվի»,- նշում է Արսենը:

Վիրահատական ծախսերը հոգալու կապակցությամբ որևէ մեկը Արսենին չի զանգահարել: Չգիտի՝ վիրահատությունը պետպատվերի՞ շրջանակներում կլինի, թե՞ անձամբ պետք է հոգա:

Բացի ծնոտային կոտրվածքից, նաև գլխուղեղի վնասվածք է ստացել: Ներկայիս ուժեղ ցավերը պայմանավորում է նաև այդ վնասվածքով:

Թադևոսյանը իրեն ծեծելու փաստի կպակցությամբ պատրասվում է բողոք ներկայացնել ոստիկանության դեմ: Թեև չգիտի՝ ովքեր են իրեն ծեծող ոստիկանները, բայց հստակ հիշում է ծնոտը կոտրած ոստիկանի դեմքը. «Մինչև կյանքիս վերջ, յուրաքանչյուր ծեծի մասով, ոստիկանության դեմ բողոք եմ ներկայացնելու: Էնքան բողոք կներկայացնեմ, մինչ ծեծելով ինձ կսպանեն՝ հա՛մ իրանք, հա՛մ ես կհանգստանամ»,- հավելում է նա:

Լուսանկարները` Արսեն Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter