
Արայիկ Խանդոյանը կալանավորվեց
Խանդոյանը դատարանում հայտարարել է՝ անմեղ է, առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում, կալանքի որոշումը հիմնավորված չէ։
Հիշեցնենք, որ Ա․ Խանդոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Խանդոյանի փաստաբան Արա Կարագյոզյանը հայտնեց, որ կալանավորման հիմքում դրվել է շտապ օգնության բժիշկների ցուցմունքները, որոնք համարում է անհիմն փաստեր։ Ասում է՝ դրանք չեն մատնանշում, որ Խանդոյանը բժիշկների նկատմամբ որևէ գործողություն է կատարել․ «Անիմաստ, գործի հետ չառնչվող ցուցմունքներ են տրվել։ Հիմնավոր փաստ չկա, թե մեր պաշտպանյալը, ազատության մեջ մնալով, ինչու պետք է թաքնվի։ Առաջարկեցինք, եթե մտավախություն ունեն, որ Խանդոյանը փախուստի կդիմի, թող պաշտպանական միջոցներ կիրառվեն։ Այս ձևի քաղաքական պատվեր, որ դատավորներն են կատարում, չէի տեսել»,-նշում է փաստաբանը։
Կարագյոզյանը, մինչ դատավարության սկսվելը, «Հետք»-ին փոխանցել էր, որ Խանդոյանին մեղադրանք առաջադրվելուց մեկ ժամ անց, դատարան է ներկայացվել միջնորդություն՝ խափանման միջոց ընտրելու համար։ Արդյունքում՝ ի տարբերություն քննիչների, իրենց, նյութերին ծանոթանալու համար, ողջամիտ ժամանակ չի տրամադրվել, այնինչ իրենք հավասար իրավունքներն ունեն։
Մեկնաբանել