Տիգրան Սարգսյանը զբաղվելու է Աջարիայի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտ մշակութային կենտրոն կառուցելու հարցով
Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բաթումի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը ներկայացրել է հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքները և նշել, որ նման նիստերի ժամանակ վրացի գործընկերների հետ փորձ է արվում գտնել Վրաստանի հայ համայնքի պահանջներին բավարարող լուծումներ:
Տիգրան Սարգսյանն աջարահայերին հավաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները»,- ասել է նա:
Տիգրան Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին են ներկայացրել իրենց հիմնական մտահոգությունները:
Աջարիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը Տիգրան Սարգսյանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոն կառուցելու հարցում, քանի որ ներկայում և կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, և համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում են եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգևոր կառույցին: Վարչապետը խոստացել է անպայման զբաղվել այդ խնդրով:
Համայնքի հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի ուղեկցությամբ այցելել է Բաթումի Արդարադատության պալատ, որտեղ ծանոթացել է վերջերս ներդրված մի շարք տեխնոլոգիական նորամուծություններին, որոնք հնարավորություն են տալիս մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցել քաղաքացիներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել