HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ես չեմ հանձնվել, պայքարը շարունակելու եմ». հայտարարել է Արմեն Բիլյանը

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը: Որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այժմ Բիլյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Փաստաբան Արմինե Ֆանյանը փոխանցում է, որ դատավարության ժամանակ Արմեն Բիլյանը հայտարարել է. «Ինձ մեղավոր չեմ համարում, որևէ մեկին պատանդ չեմ պահել»:

Ֆանյանը տագնապալի է գնահատում Բիլյանի ներկայիս առողջական վիճակը: Վերջինս փաստաբանին պատմել է, որ գնդի գրավման օրերից մեկի ժամանակ, դիպուկահարի կրակոցից խուսափելու համար, բարձր պատնեշից վայր է ընկել՝ վնասելով ողնաշարը: «Ասեց՝ մի մազ էր մնացել, որ հրազենային վիրավորում ստանայի»,- նշում է փաստաբանը: Այժմ Բիլյանն ունի ողնաշարային սուր ցավեր: Երեկվա դատավարությանը կարողացել է մասնակցել շտապ օգնության բժիշկների կատարած ներարկումներից հետո: Դատարանի հարցերին էլ նստած է պատասխանել՝ ի վիճակի չլինելով ոտքի կանգնել:

Փաստաբանը արդեն միջնորդություն է ներկայացրել, մարդու իրավունքների պաշտպանին դիմում է հասցեագրել՝ պաշտպանյալի հետազոտությունները կազմակերպելու համար հնարավորինս սուղ ժամկետներում միջոցներ ձեռնարկելու մասին:

Արմինե Ֆանյանն ասում է, որ չնայած ունեցած ցավերին` Արմեն Բիլյանի կամքը «տեղն» է, հոգեպես կայուն վիճակում է,  ընկճվածություն չունի. «Ես չեմ հանձնվել, պայքարը շարունակելու եմ: Նման որոշում ենք կայացրել՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար»,- Բիլյանը հայտնել է փաստաբանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter