«Ուր գնում ենք, դեմներս պատ ա». «Ռեջիոն Էներջիի» աշխատողները պահանջում են 2011թ.-ի 4 ամսվա աշխատավարձը
Գայանե Սարգսյան
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի կազմում գտնվող «Վանաձոր-ՋԷԿ»-ի հիմքի վրա գործարկված «Ռեջիոն Էներջի» ընկերությունը, որը 2010թ.-ից սկսեց գործել քիմպրոմից անկախ, շուրջ մեկ տարի գործելուց հետո 2011թ.-ին դադարեցրեց գործունեությունը՝ աշխատակիցներին չվճարելով աշխատած վերջին 4 ամիսների աշխատավարձը:
Ընկերության` շուրջ 150 աշխատակցի աշխատավարձի պարտքի մայր գումարը կազմում է 65 մլն դրամ, տույժ-տուգանքների հետ միասին պարտքի ընդհանուր չափը 130 մլն դրամ է:
«Ռեջիոն Էներջի»-ի գործունեության դադարեցումից հետո ՋԷԿ-ը կրկին ընդգրկվեց քիմպրոմի կազմում, «Ռեջիոն Էներջի»-ի աշխատակիցներն էլ դարձան քիմպրոմի աշխատողները: Ընկերության չվճարած 4 ամիսների աշխատավարձը, սակայն, աշխատակիցները չստացան ո´չ «Ռեջիոն Էներջի»-ից, ո´չ «Վանաձոր-Քիմպրոմ»-ից:
Տարիներ շարունակ սպասելով` աշխատակիցները դիմել են դատարան՝ «Ռեջիոն Էներջի»-ում աշխատած վերջին 4 ամիսների աշխատավարձի ու վերջնահաշվարկի պահանջով: Դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը: Աշխատողների աշխատավարձը, սակայն, մինչ օրս չի վճարվել:
![]() |
| Էդիկ Հունանյանը |
«Աշխատողները դատական պրոցեսը շահել են, վճիռ է կայացվել, գնացել է ԴԱՀԿ, ընկերությունը գնացել է լուծարման, «Ռեջիոն»-ի համար հիմա նշանակված է լուծարման կառավարիչ, որը ոչ մի քայլ չի կարողանում կատարել և մարդիկ չգիտեն` ո՞ւմ դիմեն, ո՞ւմից ուզեն, ո՞վ կարա այդ հարցի պատասխանը տա»,- ասում է «Ռեջիոն Էներջի»-ի գործադիր տնօրեն Էդիկ Հունանյանը, ով ևս մինչ օրս չի ստացել իր 4 ամսվա աշխատավարձն ու այսօր ցույցի դուրս եկած աշխատակիցների կողքին էր:
Է. Հունանյանի խոսքով` ներկայումս «Ռեջիոն Էներջի»-ն հանդիսանում է «Արդշինբանկ»-ի սեփականությունը, որը և պարտավոր է առաջնահերթության կարգով վճարել աշխատողների աշխատավարձի պարտքը:
«Չվճարելը պատճառաբանում են` ասելով գումար չկա: Բնական է` եթե ցանկություն չկա գումար վճարելու, պետք է ասեն` գումար չկա»,- ասում է նա:
| Ջուլիետա Ափինյանը |
Մասնագիտությամբ հաշվապահ Ջուլիետա Ափինյանը, ով մինչ օրս շարունակում է աշխատել, չի ստացել ոչ միայն 2011թ.-ի 4 ամիսների, այլև 2016թ.-ի մարտ-հուլիս ամիսների աշխատավարձը:
«Դիմել ենք դատարան, դատավճիռը ձեռքներիս, ոչինչ չենք կարողանում անել, ուր գնում ենք, դեմներս պատ ա: Մարզպետին ենք դիմել, կառավարութանն ենք դիմել, պատճառաբանել են, թե «Ռեջիոն Էներջի»-ն ակտիվներ չունի»,- ասում է Ջ. Ափինյանն ու հռետորական հարց ուղղում` եթե ակտիվներ չունի, 153 մարդ որտե՞ղ է աշխատել:
Երկու տղաների հետ ապրող մոր համար կուտակված աշխատավարձն ստանալն օրախնդիր է, հատկապես որ, ինչպես ինքն է նշում, տղաներից մեկն է միայն աշխատում, այն էլ` որպես մանկավարժ, չնչին աշխատավարձով:
«Մեր ձայնը բարձրացնում ենք, որ լսելի լինի պատկան մարմիններին: Աշխատել ենք, մենք մեր աշխատավարձն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում: Թե ում ծրագիրը չի ստացվել, ինչի չի ստացվել, դա աշխատողին չի հուզում»,- ասում է Ջ. Ափինյանը:
| Զորիկ Բաբաջանյանը |
Զորիկ Բաբաջանյանի 2011թ.-ի 4 ամիսների աշխատավարձի պատքը կազմում է 745.000 դրամ: Վերջինս ասում է, որ 6 հոգանոց ընտանիքում ներկայումս ոչ ոք չի աշխատում ու ստիպված են լինում գոյատևել իր ու կնոջ ստացած թոշակով:
«Գոնե ձեր միջոցով մեր ձայնը հասնի վերևներին, որ մեր 5 տարի առաջվա փողերը տան: Մենք էս պահին հույսը մենակ ձեր վրա ենք դնում»,- ասում է նա:
«Ռեջիոն Էներջի»-ի նախկին աշխատակից Վեսմիր Խարազյանը, որը շուրջ 5 տասնամյակ աշխատել է այս ոլորտում, վրդովված նշում է, որ կարճ ժամանակում դրական պատասախան չստանալու դեպքում ստիպված են լինելու դիմել անօրինական քայլերի: Աշխատողներն արդեն քննարկում են նաև միջպետական ճանապարհը փակելու տարբերակը:
| Վեսմիր Խարազյանը |
«Մենք չենք կարողանում իմանալ, թե ո՞վ ա էդ պարտքի տերը, ո՞վ պիտի տա: Հիմնարկը լուծարվել ա, բայց եթե լուծարվել ա, պիտի աշխատվարձերը փակված էղներ: Թե ով ա կերել էդ փողը, ում փորում ա, չենք կարում իմանանք: Ոչ տալիս են, ոչ հետաքրքրվում մեզնով, ոչ էլ որևէ պատասխան տալիս: Դատարանում շահել ենք դատը, բայց չենք կարում հանենք: Դատական կատարածուն չի կարողանում մեր շահած դատի գումարը հանի, ասի՝ գնացեք ստացեք»,- նշում է Վ. Խարազյանը:
Շուրջ մեկ ժամ տևած ցույցի ավարտին աշխատակիցները որոշեցին կտրուկ քայլերի դիմելուց առաջ սպասել մեկ շաբաթ: Որևէ հստակ պատասխան չստանալու դեպքում նրանք կրկին կհավաքվեն օգոստոսի 10-ին ու կորոշեն հետագա անելիքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել