«Գագիկ Եղիազարյանը բերման ենթարկվելիս բռնության է ենթարկվել». փաստաբան
Սասնա ծռերը հուլիսի 27-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ոստիկանները հարձակում են իրականացրել ՊՊԾ գնդի վրա, որի պատճառով վիրավորվել են Պավել և Արամ Մանուկյանները, Գևորգ Իրիցյանը, նաև առևանգել են Մանուկյաններին և Գագիկ Եղիազարյանին:
Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր է տեսակցել Գագիկ Եղիազարյանին: «Հետք»-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ Գագիկ Եղիազարյանը ընկճված չէ, առույգ և լավ տրամադրություն ունի: Այժմ պահվում է ԱԱԾ-ի մեկուսարանում:
Եղիազարյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ցուցմունք տալ, դատարանում որևէ միտք չի արտահայել: Կալանքի որոշումը փաստաբանը պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ դատարանում:
Գագիկ Եղիազարյանն այժմ առողջական լուրջ խնդիրներ չունի: Հուլիսի 27-ին բերման ենթրակվելիս, Հակոբյանի փոխանցմամբ, ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել, ինչի պատճառով օրեր շարունակ պարանոցի շրջանում ցավեր է ունեցել: Ոստիկանների կիրառած բռնության առթիվ փաստաբանը միջնորդություն է ներկարացրել՝ պահանջելով դատաբժշկական փորձաքննություն: Գործի քննությունը ԱԱԾ-ից փոխանցվել է ՀՔԾ: Հակոբյանը կասկածներ ունի, որ փորձաքննությունը չի կատարվի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պարանոցային ցավերը օրեցօր մեղմանում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել