HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռեքվիեմ հանուն երազանքի կամ դառնալ դեղահաբի գերին

Ամալյա Մարգարյան

«Ես երբեք նիհարելու մասին չեմ մտածել: Վերջին մի քանի տարիներին մի փոքր գիրացել էի, բայց ծանր չեմ տարել այդ փաստը: Նայում էի հին լուսանկարներ, որտեղ բավականին նիհար էի, երբ աղջիկս կատակով ասաց` «Մա՛մ,  ինձնից նիհար ես եղել, ո՞նց միանգամից գիրացար»:

Աղջկա ասած խոսքից տպավորված՝ Նարինեն որոշում է նիհարել՝ հնարավորինս արագ:

«Ամառ էր, լավ շրջան՝ նիհարելու համար: Այդ ընթացքում հեռուստացույցով` Telemarket-ով սննդային մի հավելում էին գովազդում՝ «Alcachofa de laon», և ասում, որ բուսական հավելում է՝ պատրաստված կանկարի (արտիշոկ) միջուկից: Երաշխավորում էր մի քանի օրում արագ նիհարել:

Մտածեցի՝ եթե հանրային գովազդ է, ուրեմն վնասակար չի կարող լինել»,- ասում է տիկին Նարինեն:

«Մի քանի օրում նիհարելու գայթակղությունը ավելի ուժեղացավ: Պատվիրեցի յոթ օրվա չափաբաժին՝ յոթ օրում յոթ կիլոգրամ նիհարելու համար»:

Դեղամիջոցը մի քանի օր օգտագործելուց հետո Նարինեի մոտ որովայնի թթվայնությունն է բարձրացել, խախտվել է օրգանիզմի նյութափոխանակությունը, աղիների դիզբակտերիոզի ախտանշաններ են հայտնվել, դյուրագրգիռ է դարձել: Հետագա բարդացումներից խուսափելու համար դիմել են բժշկի և դիետոլոգի:

Նարինեն միակը չէ, ով դարձել է դեղահաբի գերին և ընտրել նիհարելու կարճ ճանապարհը:  Հայաստանում նիհարեցնող սննդային հավելումներ կարելի է գտնել ոչ միայն Telemarket-ի գովազդներում, այլև դեղատներում:

Նիհարեցնող սննդային հավելումներից մեկը «Լիդա Դայ-Դա-խուա»-ն է, որը վաճառվում է դեղատներում՝ առանց  բժշկական բաղադրատոմսի: «Լիդա դայ-դայ-խուա»-ն արտադրվում է ՉԺՀ-ում, արտահանվել է աշխարհի տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, նաև՝ Հայաստան: Վաճառվում է դեղապատիճներով, մեկ տեղատուփի մեջ առկա է 30 դեղապատիճ:

Դեղապարկուճն արտադրող ընկերության երդումները

Ընկերության պաշտոնական վեբկայքում նշվում է, որ դեղապատիճն անվնաս է: Նյութափոխանակություն կարգավորող բուսական միջոց է, և այնտեղ ներառված հիմնական բաղադրիչը դառը նարինջն է (Bitter Orange), որի պտուղներում առկա բաղադրիչները այրում են ճարպերը և փակում ախորժակը: 

«Լիդա Դայ-դա-խուա»-ի թաքնված բաղադրչները

«Լիդա Դայ-դա-խուա»-ի պաշտոնական կայքում նշված են միայն բուսական բաղադրչներ՝ դառը նարինջ, թթի տերևներ, բժշկական օսլա և այլն: Այնինչ ամերիկյան Food and Drug Administration-ի  2009թ. կատարած ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ սննդային հավելումի մեջ առկա են նաև թաքնված բաղադրչներ, ինչպիսին է Սիբուտրամինը: 

Վնասակար ազդեցություն

«Լիդա դայ-դա-խուա»-ի բացասական հետևանքների մասին չի գրվում պաշտոնական կայքէջում կամ սննդային պատիճի տուփի վրա, բայց օգտագործողների մոտ առաջացած հետևանքները գրեթե նույն են՝ սրտի կծկումների հաճախականացում, արյան բարձր ճնշում, կրծքավանդակի ցավ, գլխացավ, նյարդային լարվածություն և այլն: 

Սննդային հավելումների  կարգավորումը ՀՀ-ում

Կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի  անվտանգության պետական ծառայությունը: Ծառայությունը մեր հարցմանն ի պատասխան՝ պատասխանել է, որ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացվել է դիտարկում, և զգուշացնում է հանրությանը զերծ մնալ սննդային հավելումից:

Նաև պարզվել է, որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեգիստրում, որը հիմք է տալիս եզրակացնել, որ այս հավելումները ԵԱՏՄ տարածքում չեն ենթարկվել համապատասխան գնահատման և չունեն պետական գրանցման վկայականներ:

Լուսանկարը՝ daidaihuaus.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter