Լոռեցիները շարունակում են սատարել «Սասնա Ծռեր»-ին. «Սա կայծ էր, որ ժողովուրդը ոտքի կանգնի, ու ոտքի կանգնեց»
Գայանե Սարգսյան
Օգոստոսի 4-ի երեկոյան Վանաձորի Հայքի հրապարակում կրկին մեկնարկեց «Սասնա Ծռեր»-ին աջակցելու նպատակով կազմակերպված ցույցը: Օրեր շարունակ լոռեցիները ժամը 19:00-ին հավաքվում են նույն տեղում ու իրենց բողոքի ձայնը բարձրացնում` պահանջելով ոչ միայն ազատություն «Սասնա Ծռեր»-ի կալանավորված անդամներին, այլև իշխանափոխություն:
«Քանի որ ստեղծված իրադրությունում այլևս քաղաքական պայքարի հնարավորություն չկար, «Սասնա Ծռեր»-ը գնացին ծայրահեղ քայլի` այդ ձևով բարձրացնելով իրենց բողոքի ձայնը, որին միացավ ողջ հայ ժողովուրդը: Մենք եկել հասել ենք այնպիսի ծայրահեղ վիճակի, երբ որոշվում է ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի հարցը. Սերժ Սարգսյանը մի կողմից Ղարաբաղի մի քանի շրջաններն է ցանկանում հանձնել Ադրբեջանին, մյուս կողմից աստիճանաբար մեր երկրի անկախությունն է զիջում Ռուսաստանին»,- ստեղծված իրավիճակն այսպես է մեկնաբանում վանաձորցի Գագիկ Եգանյանը` ներկայանալով որպես «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից:
Գործազուրկ Աիդա Ամիրյանի կարծիքով` իշխանափոխությունն այսօր անհրաժեշտություն է:
![]() |
| Աիդա Ամիրյանը |
«Ժողովուրդը հասել ա էն ծայրահեղ գագաթնակետին, որ այլևս չի կարողանում իշխանությանը հանդուրժի, հանդուժի անօրինականությունները, աշխատանք չլինելը, մարդկանց հարկադրված հեռանալը: Շատ բան կարելի ա ասել: Մարդիկ էլ համբերություն չունեն, պետք ա իշխանությունը փոխվի,- ասում է նա` Սասնա ծռերի քայլը որակելով այսպես` «սա կայծ էր, որ ժողովուրդը ոտքի կանգնի, ու ոտքի կանգնեց»:
«Ցույցերը կշարունակենք այնքան, մինչև մեր հերոսների արած գործը հասկանան, մինչև ընդունեն, որ նրանք տեռորիստ չեն, այլ ազգի հերոսներ: Ես չեմ տեսել մի դեպք, երբ տեռորիստը ձեռքին զենք ունենա, բայց առանց պայքարելու զենքը վայր դնի ու առանց մարդ սպանելու թողնի դուրս գա: Նրանք հերոսներ են, ինչպես Մոնթեն»,- նշում է վանաձորցի Արմեն Մայիլյանը:
Ինչպես նախորդ օրերեին, այնպես էլ այսօր ցույցն ու բողոքի երթը վերահսկում ու ուղեկցում էին մարզի ոստիկանները: Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ, սակայն, թե մինչ այժմ, թե այսօր տեղի չունեցան:
![]() |
| Միքայել Եսայանը |
«Ոստիկանների մեծ մասը սատարում է Սասնա ծռերին, ուղղակի նրանք չեն կարողանում համարձակություն ունենալ ու ասել այդ մասին»,- կարծիք է հայտնում Արմենը:
Ցույցի տարեց մասնակիցներից 69-ամյա Միքայել Եսայանը, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, ներկա իրավիճակի լուծման մեկ ճանապարհ է տեսնում.
«Մինչև ոստիկանը ժողովրդի հետ չըլնի, մինչև զինվորը չըլնի, որպեսզի տանկերով չքշեն ժողովրդի վրա, ոչ մի բան չի ստացվի: Իրանք վեր կացողը չեն, որովհետև աթոռը տաք ա, համ էլ վեր կենալը շատ ապասնի ա իրանց համար: Հենց վեր կացան, իրանց հարցերը լուծվելու ա:- ասում է Միքայել պապն ու այս տարբերակը չգործելու դեպքում մատնանշում հնարավոր ռիսկերը,- Եթե մեր մոտ ջարդոցի ըլնի հայը ոստիկանի հետ, չորսուկուռը կանեն թուրքն ու Ադրբեջանը, ու մեր վիճակը շատ վատ կըլնի…»:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել