HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Այս մասին կեսգիշերին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ այսօր (օգոստոսի 4-ին - խմբ.) ժամը 20-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։

Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։ 

Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին»,- հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին խոշտանգելու մասին «Հետք»-ի հետ զրույցում ահազանգել էր նաև նրա փաստաբանը` Ինեսա Պետրոսյանը:

Իսկ այսօր Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով, որ չնայած օրենքի պահանջին` մի քանի օր է` իրեն անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին: 

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար»,- օմբուդսմենին ուղարկված դիմումում գրել է ԱԺ պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter