HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Աղլամազյան. «Հիմա 100 էջ ցուցմունք կգրեն, բայց որևէ բան չի բացահայտվի»

Երեկ «Հիմնադիր խորհրդարան»-ը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել նախաձեռնության անդամ Հարություն Աղլամազյանը:

Հարություն Աղլամազյանի հայրը՝ Կարեն Աղլամազյանը, «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ որդուն քիչ առաջ տուն են տեղափոխվել. սալջարդեր և սուր ցավեր ունի:

Հոր հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 24:00-01:00-ի սահմաններում, երբ Հարությունը ՀՀ քննչական կոմիտեից վերադառնում էր տուն. «23:00-ից անց զանգեց, ասեց՝ գալիս եմ տուն: Ասեցի՝ արի, բայց ես կիջնեմ ներքև՝ քեզ դիմավորելու: Սիրտս վկայում էր, որ ինչ-որ բան լինելու է: Էդպես կանգառից քայելելով եկանք մեր շենք, որտեղ երեք անհայտ տղամարդիկ մոտեցան մեզ՝ ցանկանալով Հարութի հետ առանձնազրույց ունենալ: Առաջարկեցի՝ բարձրանալ մեր բնակարան, հանգիստ պայմաններում զրուցել, սակայն հրաժարվեցին»:

Այնուհետ Հարությունը տղաներից մեկի հետ առանձնացել է զրույցի, որից րոպեներ անց, երկու տղամարդկանցից մեկը, ով կանգնած է եղել Կարեն Աղլամազյանի հետ, ևս միացել է առանձնազրույցին: Րոպեներ անց Հարությունը քայլել է հորն ընդառաջ՝ անհայտ անձանց ասելով, որ անհեթեություններ են խոսում: Երբ արդեն Հարությունը հասել է պրն. Կարենին, երեք տղամարդիկ սկսել են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել Հարությունին: Քիչ անց նրանք, առանց որևէ բան ասելու, հեռացել են, և օգնության են հասել հարևանները՝ նրան բնակարան բարձրացնելով:

Հայրը, տեսնելով որ որդու վիճակը ծանր է, զանգահարել է ոստիկանություն և շտապ օգնության ծառայություն: Շտապօգնության մեքենան Հարությունին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կնետրոն, որտեղ, ինչպես ասում է հայրը, նրան այցելել է Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի պետը՝ ծանոթանալով դեպքի մանրամասներին:

Հարությունը հորը հայտնել է, որ առանձնազրույցի ընթացքում այդ տղաները ինչ-որ աղջկա մասին են խոսել, ում անգամ չի էլ ճանաչել, այդ պատճառով, զրույցը անիմաստ համարելով, հեռացել է նրանցից:

Այս պահին էլ Հարություն Աղլամազյանի բնակարանում քննիչը հարցաքննություն է իրականացնում, սակայն հայրը ասում է՝ հիմա 100 էջ ցուցմունք կգրեն, բայց որևէ բան չի բացահայտվի, գործը կկարճվի:

Լուսանկարը` Հարություն Աղլամազյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter