«Բարև Երևան» խմբակցությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել խմբակցությունը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը կալանավորվել են երկու ամսով: Դրանով, ըստ «Բարև Երևան»-ի, խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի ներկայությունն ու մասնակցությունը խմբակցության գործունեությանը շատ արժեքավոր է:
«Հետևելով նրանց փաստաբանների հիմնավորումներին՝ «Բարև Երևանը» համոզմունք է հայտնում, որ Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում իրենց քաղաքական հայացքների համար, որը հակասահմանադրական է: Նրանք երևանցիների կողմից ընտրված անձինք են, և նրանց կալանավորմամբ խոչընդոտվել է քաղաքացիների նկատմամբ իրենց պարտավորությունների իրականացումը, որն իրեն ժողովրդավարական հռչակած երկրի համար անհամատեղելի երևույթ է»,- գրված է խմբակցության հաղորդակցության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել