Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով մեղադրանք է ներկայացվել 8 անձի
Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննչական կոմիտեն դեպքերն անվանելով անկարգություններ, նշել է հետեւյալը. «Քննվող քրեական գործերով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ՝ ՔԿ իրավասության շրջանակներում։ Ձեռք բերված ապացույցների գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինն օգոստոսի 5-ին որոշում է կայացրել որպես կասկածյալ ներգրավված Եղիշե Պետրոսյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և նրա մասով վարույթը կարճել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով օգոստոսի 5-ի դրությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է 8 անձ, որոնցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 5-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործի շրջանակներում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, անհրաժեշտ օպերատիվ-որոնղական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստտիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Նախաքննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել