Ինեսսա Պետրոսյան. «Արմեն Լամբարյանի առողջական վիճակը դեռևս ծանր է»
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ է տեսակցել«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին, ում օգոստոսի 6-ին մեղադրանք էր առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը:
Նույն օրը Լամբարյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Փաստաբանի խոսքով՝ նման առողջական խնդիրներ ունեցող անձին բացարձակապես նպատակահարմար չէր «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելը՝ հաշվի առնելով հատուկ խնամքի և բուժօգնության ցուցաբերման հանգամանքը:
Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Լամբարյանի առողջական վիճակը ծանր է. ոտքերի շրջանում ունի խորը և ծանր հրազենային վնասվածքներ: Փաստաբանը նաև Լամբարյանի մարմնի վրա տարբեր կապտուկներ, արյունազեղումներ էր նկատել, որոնք, ենթադրում է, որ խոշտանգումների հետեւանք են:
«Արմեն Լամբարյանի առողջական վիճակը դեռևս ծանր է: Երեկ էլ սուր ցավեր ուներ: Վերքերը բաց են, և դրանց դեռ բժշկական կարեր պետք է դրվեն: Նրա առողջական վիճակում դրական փոփոխություն դեռևս չկա: Նրան հատուկ և մասնագիտացված բժշկական խնամք է անհրաժեշտ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում միայն մեկ հերթապահող բժիշկ կա, ով օգնություն է ցուցաբերում «Սասնա ծռեր»-ի վեց անդամների»,-«Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Պետրոսյանը:
Փաստաբանը այսօր պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ Արմեն Լամբարյանին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել